Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որն օրերս խեղաթյուրվել էր տարբեր լրատվամիջոցների կողմից:
«Կուզենայի անդրադառնալ այն ապատեղեկատվությանը, որը տարածվեց մամուլում: Ցավում եմ, որ այդ ապատեղեկատվության մեջ ներգրավվեցին շատ տնտեսագետներ, մասնագետներ: Դիմելով ձեզ` հարգելի' լրագրողներ, խնդրում եմ, իմ խոսքերը ներկայացրեք այնպես, ինչպես ես ասել եմ, ենթադրություններ մի' արեք, մի' կտրեք իմ խոսքը կոնտեքստից ու մի' փոփոխեք: Ինչ որ կա, ես պատրաստ եմ բաց տեքստով ասել: Ավելին` իմ` նախարար նշանակվելու առաջին օրը ես ասել եմ, որ բաց ու հրապարակային եմ աշխատելու, ինչը չի նշանակում, որ իմ խոսքերը պետք է խեղաթյուրել կամ այլ ձևով ներկայացնել»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` ԱԺ-ում անցյալ շաբաթ բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ կարճ հարցազրույց է ունեցել, մենաշնորհի վերաբերյալ խոսելիս մեկ օրինակ է բերել` շաքարավազի հետ կապված, որը, սակայն, աղավաղված տեսքով է ներկայացվել: Հստակեցնելով, թե ինչ է ասել, նախարարը շարունակեց. «Շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, այս պահին երկրորդ գործարան չկա: Գործող օրենքի շրջանակում այս գործարանն իր գործունեությամբ չի համարվում մենաշնորհ: Այսինքն` փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ: Եվ որպեսզի իրականությունն ու օրենքն իրար համապատասխանեն, անհրաժեշտ է, որ մենաշնորհի կարգավիճակը ստանա, բայց ոչ թե արտոնությունների, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար: Որովհետև երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ: Ամենևին չեմ ասել, թե այն պետք է օրենքով ճանաչել մենաշնորհ, ես նման ընկալում չունեմ բացարձակապես, որովհետև մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն` թափանցիկ գործունեության, ինքնարժեքի ձևավորման , շուկայում նրա ազդեցության մանրամասն ուսումնասիրությամբ և այլն»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ բերել է շաքարավազի օրինակը` ցույց տալով նաև միջազգային փորձը, ինչը չի նշանակում, որ պետք էր ենթադրություններ անել` հրապարակելով, թե նախարարը ցանկանում է բնական մենաշնորհ ճանաչել, կամ նման հարց է քննարկվում, դրանք իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են:
Նախարարը դիմեց բոլոր այն քաղաքական գործիչներին ու մասնագետներին, ովքեր իրեն լավ ճանաչում են` մի փոքր անգամ չմտածեն, թե Արծվիկ Մինասյանը փոխվել է նախարար նշանակվելուց հետո: «Ես նույն Արծվիկ Մինասյանն եմ, ինչպիսին որ պառլամենտում էի, այդպիսին էլ այստեղ եմ: Ես իմ համոզմունքները չեմ փոխել և չեմ փոխելու, որովհետև ես այստեղ նշանակված եմ Դաշնակցության առաջադրմամբ, հետևաբար, բոլոր այն մոտեցումները, որոնք առաջ է տանում Դաշնակցությունը, ես շարունակում եմ, որպես նախարար, առաջ տանել: Գուցե աշխատելու ոճը պետք է փոխել, որովհետև այլ է պառլամենտում, այլ է գործադիրում, բայց համոզմունքները նույնն են»,- ասաց նախարարը: