կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-24 22:20
Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդականԱրեգ Ղարաբեկյանը, նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ուրախ է ընդունել իրեն նոր Հայաստանում և պատրաստակամ է համատեղել ջանքերը՝ զարգացնելու և նոր որակ հաղորդելու զբոսաշրջության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը։

Մեր երկրում կատարված փոփոխությունը հույսի փոփոխություն է, և անհրաժեշտ է ամրապնդել այդ հույսը հասարակության մեջ։ Որպես նախարար շատ եմ կարևորում դա և պատրաստ եմ անել առավելագույնը մեր երկրի տնտեսության զարգացումն ապահովելու համար,  - ասել է Արծվիկ Մինասյանը։

Ավետիս Կիտանյանը տեղեկացրել  է, որ տպավորված է հայաստանյան փոփոխություններով և հավելել, որ հաճելի է կրկին հանդիպել այս նախարարությունում և շարունակել սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել Հայաստանում և Լիբանանում ոլորտի պատասխանատուների հետ մի շարք հանդիպումների ընթացքում։     

Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որը կարող է արագ դառնալ տնտեսական զարգացման հիմնական աղբյուր։ Այս ուղղությամբ փորձենք համատեղ օգտակար աշխատել, - ասել է Ավետիս Կիտանյանը և իր պատրաստակամությունը հայտնել ջանքեր գործադրելու երկու բարեկամ երկրների զբոսաշրջության ոլորտների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցված արդյունքների վերաբերյալ (ըստ վիճակագրական տվյալների՝ Լիբանանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 3437 մարդ, նախորդ տարվա 2410-ի դիմաց, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 42․6 տոկոս), միևնույն ժամանակ նշելով, որ կա զարգացման մեծ ներուժ և հնարավորություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին առնչվող խնդիրներ, այդ թվում՝ նոր զբոսաշրջային ձևերի զարգացման, զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև տուրօպերատորների և լրագրողների խմբերի փոխայցելությունների, հանդիպումների և համագործակցության կազմակերպման հարցեր։

Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը և գործողությունները առավել առարկայական նախապատրաստել և քննարկել Արծվիկ Մինասյանի՝ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվող Լիբանան և Սիրիա  այցի ժամանակ։