կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-12 20:50
Տնտեսական

Արծվիկ Մինասյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության համակարգի կազմակերպություններ

Արծվիկ Մինասյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության համակարգի կազմակերպություններ

Մարտի 12-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտներ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին և Հավատարմագրման ազգային մարմին:
Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը:
Այցի ընթացքում մանրամասն ներկայացվել են բոլոր բաժինների գործունեությունը, տեխնիկական հագեցվածության վիճակը և աշխատանքային պայմանները:
Ստանդարտացման և չափագիտության բնագավառներում մատուցվող ծառայությունների ուղղությամբ, առանձնահատուկ նաև, անդրադարձ է եղել  ստանդարտների միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման, սպառողների պահանջմունքներին համապատասխան անվտանգության ապահովման, ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացման, հավատարմագրային գործընթացին, սերտիֆիկացիայի կանոնակարգմանը վերաբերող խնդիրների: 
-Հայկական ապրանքատեսակների արտահանման հետ կապված որակի խնդիր ունենք: Պետք է հայկական բրենդների մրցակցային առավելությունները կարողանանք պահել, - ասել է նախարարը:
Կարևորելով կատարվող աշխատանքը` նախարարը նշել է, որ քաղաքացու, սպառողի համար այդ աշխատանքը անտեսանելի է և, այս առումով, անհրաժեշտություն կա այդ աշխատանքը տեսանելի դարձնել, որպեսզի վստահության մթնոլորտ նաև ձևավորվի:
Շրջայցի ընթացքում ներկայացվել են «Ստանդարտ Դիալոգ» ընկերության փորձարկման լաբորատորիայի աշխատանքը, տեխնիկական հնարավորությունները: Անդրադարձ է եղել Չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական կենտրոնին, կարևորվել է դրա աշխատանքը որակյալ կադրերի պատրաստման գործում: Շրջայցի ավարտին եղած մտահոգությունների, քննարկված հարցերի շուրջ տրվել են հանձնարարականներ: