Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շաբաթ օրը Հովիկ Աբրահամյանի և պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպմանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունից ինքն է մասնակցել հանդիպմանը:
«Այդ հանդիպման անունը դրեցին ուղեղային գրոհ. լսվեցին բոլոր տեսակետները: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գրեթե բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները, բացառությամբ ՀԱԿ-ի այն մասի, որը բոյկոտում էր տարբեր առիթներով, բայց ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչներ կային: Եղավ քննարկում, և ամեն մեկն իր գնահատականը տվեց, առաջարկություններ արեց: Բավական լավ, խորքային քննարկում գնաց, և հուսով եմ, որ այդ ամենը կամփոփվի վարչապետի կողմից, որովհետև վարչապետն էր նախաձեռնողը, որ այդ հավաքը կայանար»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ կոնկրետ, իրական, հակակոռուպցիոն պայքար սկսելու մասին է խոսքը:
«Մենք խոսել ենք այն մեխանիզմների մասին, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն պայքարը դառնա վստահելի ու իրական, հասարակության կողմից վստահելի լինի: Մեխանիզմներ ամրագրելու մասին է խոսքը: Պետք է պատասխան տան բոլոր այն պաշտոնյաները, որոնք ունեն շահերի բախում` իրենց ոլորտների ղեկավարման առումով: Այսինքն` նա չի կարող մի ոլորտ ղեկավարել, որտեղ ունի բիզնես շահ, և բնական է, դա պետք է ծառայեցնի իր բիզնես շահերին: Սրանք լուծելու մեխանիզմների մասին է եղել խոսքը»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը: