կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-09 17:22
Աշխարհ

«Խծաբերդը». The New York Times-ը ներկայացրել է ղարաբաղցի լուսանկարչուհու աշխատանքները

«Խծաբերդը». The New York Times-ը ներկայացրել է ղարաբաղցի լուսանկարչուհու աշխատանքները

The New York Times թերթը հրապարակել է լուսանկարչուհի Անահիտ Հայրապետյանի աշխատանքները, որոնք արվել են Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղում:

«Հայ լուսանկարչուհի Անահիտ Հայրապետյանը Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղի հետ կապը պահպանելու համար փորձում է, որտեղ էլ լինի, Skype-ով միանալ գյուղում ապրող իր տատիկի հետ: Նրանք խոսում են ամեն ինչից` այդ օրը կովի տված կաթից, դարեր շարունակ նույն գյուղում ապրող ընտանիքի անդամների պատմություններից»,- գրում է թերթը`մեջբերելով 34-ամյա լուսանկարչուհու խոսքերը.  «Եթե գնաք այդտեղ, կիմանաք, թե ով եմ ես և ինչու եմ ես այսպիսին: Դա գեղեցիկ հանգստավայր չէ: 40 ընտանիքով փոքրիկ գյուղ է՝ իրար չափազանց մոտ գտնվող հին տներով: Եկեղեցին այրվել և երբեք չի վերակառուցվել: Բայց այստեղ ես ես եմ»:

Նշելով, որ Խծաբերդի բնակիչները էթնիկ հայեր են, ինչպեսև Լեռնային Ղարաբաղի բնակիչները, թերթը պատմել է, թե ինչպես է սկսվել Ղարաբաղյան պատերազմը և ինչպես է կնքվել 1994 թվականի հրադադարը, անդրադարձ  կա նաև նախորդ ամիս կրկին ակտիվացած ռազմական գործողություններին:

«Թեև Անահիտ Հայրապետյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, նա մեծացել է Հայաստանի Աբովյան քաղաքում: Նա ամառներն անցկացրել է տատի տանը` լսելով նրա պատմությունները, շրջելով դաշտերում և կթելով ոչխարներին»,- գրում է թերթը` նշելով, որ Հայրապետյանը եղել է գյուղում 1988 թվականի պատերազմի ժամանակ, երբ շատ տներ ավերվել են և սպանվել են խծաբերդցի յոթ երիտասարդ տղամարդիկ:

«Գյուղացիները վշտի մեջ էին: Հինգ տարի շարունակ երաժշտություն չէր հնչում, անգամ՝ հարսանիքի ժամանակ»,- թերթի հետ զրույցում պատմել է Հյարապետյանը: Ըստ նրա` ամեն շաբաթ ամբողջ գյուղը գնում էր գերեզման, և միակ բանը, որ կարելի էր լսել, կանանց լացի ձայնն էր:

Թերթը ներկայացրել է նաև Հայրապետյանի մասնագիտական կյանքը, ով 2006 թվականից սկսել է լուսանկարել Խծաբերդը և շրջակա գյուղերը: «Թեև նա ճանաչում է իր նկարած անձանց, սակայն երբեմն դա դժվար է նրա համար»,- գրում է թերթը` մեջբերելով լուսանկարչուհու խոսքերը. «Այնքան կորուստ ու ցավ կա ամեն ընտանիքի պատմության մեջ»:

Թերթը ներկայացրել է նաև Անահիտ Հայրապետյանըի ցուցահանդեսների, դասախոսությունները և աշխատանքները, որոնցից վերջինը` կանանց դեմ բռնության թեմայով, նախորդ ամիս տպագրվել է «Լենս»-ում:  

«Նա Խծաբերդում կազմակերպել է բացօթյա ցուցահանդես` ներկայացնելով գյուղացիների լուսանկարներ: Դա եղել է նրա առաջին ցուցահանդեսը, որը գոհունակություն է պատճառել այցելուներին: Դժբախտաբար, ցուցահանդեսը կարճ է տևել, քանի որ նույն երեկոյան կովերը սկսել են ուտել լուսանկարները»,- գրում է թերթը` պատմելով լուսանկարչուհու հետ կատարված դժբախտ պատահարը:

Լուսանկարները` այստեղ:

Թարգմանությունը` Ա.Գայմագամյանի