կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-21 18:59
Հասարակություն

Համաժողովի հյուրերը շփոթված էին, իսկ կազմակերպիչները` վրդովված

Համաժողովի հյուրերը շփոթված էին, իսկ կազմակերպիչները` վրդովված

Այսօր Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում պետք է կայանար Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովը՝ «Հնարավորություններ, մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով: Համաժողովի առաջին մասը հարթ անցավ: Մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը:

 

«Այս համակարգը հանրության ուշադրության կենտրոնում է, այս հայեցակարգը մենք ինքներս ենք ստեղծել, որի վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետեր, չորս կոալիցիոն ուժեր: Սա մեր համատեղ աշխատանքն է»,- հիշեցրեց վարչապետը: Նա նշեց, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը թեև աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է, բայց այն անհրաժեշտ է Հայաստանի զարգացման համար:

 

«Մեր ընդդիմադիրներն ասում են, որ մեզ չեն վստահում, որ կա արտագաղթ, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ անել շտկելու համար: Շտկելու ճանապարհը ռեֆերմներն են: Ռեֆորմները ցավոտ են, որովհետև մենք մեր քաղաքացիներին կստիպենք փոխել վարքագծային կանոնները, արդյունքում` փոխվում են և՛ պետության, և՛ երիտասարդների վարքագծային կանոնները»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Ինչ վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումների ընդդիմախոսների այն համոզմանը, թե կա այլընտրանք, և օլիգախներից պետք է ավելի շատ հարկ վերցնել, վարչապետի կարծիքով՝ այդ ճանապարհով լուծվում է միայն այսօրվա թոշակառուների հարցը: Այնինչ` հին համակարգի լրջագույն թերությունն այն է, ըստ վարչապետի, որ վաստակած աշխատավարձի և ստացած թոշակի միջև կապ չկա, իսկ պետական բյուջեի միջոցները լիարժեք չեն բավարարում թոշակների համար: «Ցանկացած աշխատող քաղաքացի պատասխանատու է իր ապագայի համար, պատասխանատու է այն պահից, երբ սկսում է աշխատել»,- ասաց վարչապետը: 

 

Նշենք, որ համաժողովի երկրորդ մասը չկայացավ, որովհետև այն տապալեցին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները: Շփոթված էին համաժողովին մասնակցող օտարերկրյա հյուրերը, իսկ համաժողովի կազմակերպիչները խիստ վրդովված էին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամների վարքագծից: