Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի տանկային անձնակազմի զինծառայող` կապանցի 20-ամյա Վահե Հայրապետյանը հստակ պատասխանում է լրագրողների խաչաձև հարցերին` կարողանալով չհայտնել թեկուզ աննշան գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Նրա կարծիքով` ապրիլի սկզբին արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, անգամ` Ադրբեջանի նախահարձակ ագրեսիվ գործողությունները նրա համար անսպասելի չեն եղել, քանի որ, ըստ Վահեի, միշտ էլ պատերազմ է եղել, պարզապես այս անգամ մի քիչ ավելի զգալի էին այդ կորուստները:
«Ադրբեջանի գործողությունները ինձ համար բացարձակապես անսպասելի չէին: Ընդամենը զինուժի որոշակի շարժ է տեղի ունեցել այն դիրքերում, որտեղ հայկական կողմը զգալի կորուստներ է տվել, քան նախկինում է տվել: Հայկական կողմը խստորեն է պատժել թշնամուն` կարողանալով համապատասխան հակահարձակ գործողություններ կազմակերպել և պատժել ավելի խիստ, քան սպասում էր հակառակորդը»,- պատմեց Վահե Հայրապետյանը:
Զինվորը շատ է ցավում զոհված հայ զինվորների համար, նրանցից մի քանիսին շատ լավ է ճանաչել և կարծում է, որ ամեն մի հայ զինվորի կյանքը շատ թանկ է հայ ազգի համար: Ինչ վերաբերում է զինվորների հերոսություններին, նա նշեց, որ հերոսություններ միշտ են եղել և ոչ միայն ապրիլյան լայնածավալ գործողությունների ժամանակ. միշտ էլ դիրքերում հայ զինվորները հերոսանում են իրենց պատրաստվածությամբ:
Հարցին, թե զգո՞ւմ է, արդյոք, հասարակության հոգատարությունը և ուշադրությունը զինվորների հանդեպ, Վահե Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե, զգում ենք, երբ մի զորամասից մեկ այլ զորամաս էինք տեղափոխվում, 6 տարեկան երեխան ձեռքով էր անում մեզ, իսկ մեկ անգամ էլ տեսանք մայրը, փոքրիկին գրկած, մեզ տեսնելով, արտասվեց, մեզ ձեռքով արեց»:
Հարցին, թե ի՞նչ կոչ կանի արկածախնդիր Ալիևին, նա պատասխանեց. «Նրան ուղղված մեր կոչը նա ստանում է մեր հայ դիրքապահների գործողությունների տեսքով` հասկանալով, թե ինչպես պետք է վերաբերվել հայերին»:
Կապանցի զինվորը հստակ գիտի իր անելիքը. «Պարտադիր կատարել բոլոր մարտական առաջադրանքները և որքան հնարավոր է` լավ»:
Դիտարկմանը, որ նախահարձակ եղավ Ադրբեջանը, զինվորն արձագանքեց. «Բայց մենք էլ պատրաստված էինք»:
Հ.Գ. Մեկ կոնֆետ ունեի, հարցազրույցի վերջում տվեցի զինվորին, հեռանալիս տեսանք, որ Վահեն բարձրացել է տանկի վրա ու իր հինգ ընկերների հետ փորձում է կիսել այդ մեկ կոնֆետը:
Մելանյա Մելքումյան