Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանին իրավիճակի սրումը բանակցային գործընթացը տապալելու աննախադեպ սադրանք էր Ադրբեջանի կողմից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ մարտական գործողությունները աննախադեպ էին՝ 1994-ից հետո: Միաժամանակ Տիգրան Աբրահամյանը արձանագրում է, որ Ադրբեջանը ձախողել է նախապես պլանավորած օպերացիան, որովհետև տվել է մեծ թվով զոհեր: «Ինչքան էլ ադրբեջանական կողմը հերքում է իր զոհերի մասին տեղեկությունները, ամեն դեպքում հայկական սահմանում ադրբեջանցիների մեծ թվով դիակներ կան, ինչը հաստատում է այն իրողությունը, որ ադրբեջանական կողմը ներթափանցման փորձ է արել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նա հավելեց, որ ադրբեջանական կողմը գրադ և հրետանի է կիրառել խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բազմաթիվ կոնվենցիաների խախտում է: Ըստ քաղաքագետի, իրավիճակի լիցքաթափմանն ուղղված երկու ելք կա. մեկը` միջնորդ երկրների կողմից հասցեական հայտարարություններով Ադրբեջանին սաստելը, մյուսը` հայկական զինուժի կողմից զսպման ու կանխարգելման համակարգի կիրառումը, ինչն էլ հայկական զինուժը ներկա պահին իրականացնում է: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից կորուստները՝ մասնավորապես ուղղաթիռի խոցումը տևական ժամանակ հերքելը, Տիգրան Աբրահամյանը դա պատահական չի համարում, քանի որ թեժ մարտերը սկսվել են լուսադեմին` ժամը 4-ին, 5-ին, և Ադրբեջանը ասելու բան չի ունեցել: «Ի՞նչ պետք է ասեր, ո՞նց պետք է բացատրեր՝ ուղղաթիռն ինչու՞ է օդ հանել, որ մերոնք էլ խոցել են: Ադրբեջանը հրթիռային կայանքներ է կիրառել, որի հիմնավորումն էլ չի կարող ներկայացնել»,- ասաց քաղաքագետը: