կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 16:36
Իրավական

Սյունիքում գանձ որոնելու հանցավոր հետևանքները

Սյունիքում գանձ որոնելու հանցավոր հետևանքները

Շաբաթներ առաջ տեղեկություն տարածվեց, թե Կապանի երկու բնակիչներ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի տարածքում հնագիտական իրեր են հայտնաբերել: Նրանք ոստիկանությանն են հանձնել, մասնավորապես, բրոնզեդարյան շրջանի պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա իրեր և վստահեցրել, որ իրենք Եղվարդ գյուղի տարածքում են հայտնաբերել դրանք:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկը 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին մետաղորոնիչ սարքի միջոցով հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող «Շինատեղ» գյուղատեղիի տարածքից հայտնաբերել ու հափշտակել է բրոնզե հնագույն զարդեր և այլ հնաոճ առարկաներ։ Քննության ընթացքում բնակիչը ներկայացրել է տարբեր առարկաներ, որոնք բրոնզեդարյան շրջանի՝ Ք.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր են, մասնավորապես՝ պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ, արձանիկ, մատանիների վերնամասեր և այլն:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ գյուղացիները հանրապետական նշանակության հուշարձանի տարածքից մետաղորսիչ սարքի միջոցով նշված իրերը հայտնաբերելուց հետո ցանկացել են դրանք վաճառել, սակայն, գնորդ չգտնելով, մի մասը ներկայացրել են ոստիկանություն` հույս ունենալով, որ այդ կերպ հատուցում կստանան: Արդյունքում` նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը): Նշենք, որ հիշյալ հոդվածը նախատեսում է պատիժ` ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մասնագիտությամբ հնագետ Անուշ Ամսեյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ, բրոնզեդարյան շրջանի իրերը հայտնաբերելով, քաղաքացիներն իրականում գիտական մեծ վնաս են հասցրել պետությանը: Նրա խոսքով ՝ այդ իրերը, հավանաբար, դամբարանադաշտից են հայտնաբերվել, և դրանց ուսումնասիրությամբ հնարավոր է ասել, թե որ ժամանակաշրջանի են, սակայն քանի որ արդեն իսկ քանդել են մշակութային շերտը, հայտնի չէ, թե որ իրը կոնկրետ որ հատվածից է հանվել, անհնար է պարզել, թե տվյալ իրն ինչ դամբարանում է եղել, ինչ ծիսական արարողությամբ է թաղվել և այլն: «Նրանք վերացրել են մշակութային շերտը, ինչը պատմականորեն կորցրել է իր նշանակությունը»,- նշեց նա:

Ամսեյանի խոսքով` եթե, պատահական փորելով, հնագիտական նշանակության իրեր են գտնում ու ժամանակին տեղյակ պահում պատկան մարմիններին, դա խրախուսելի է, և միջազգային օրենքի համաձայն՝ հայտնաբերված իրերի արժեքի որոշակի տոկոսի չափով պարգևատրվում են: Սակայն, եթե մտածված գնում են ինչ-որ վայր, սկսում քանդել, որոնել, դա հանցագործություն է: Պատմաբանի խոսքով՝ քանդելու, պեղելու իրավունքը՝ բաց թերթիկը, տալիս է միայն գիտությունների ազգային ակադեմիան:

«Երկրի ընդերքը պատկանում է պետությանը, ժողովրդին, և մինչև այդ բաց թերթիկը չունենան, ոչ ոք, անգամ` մասնագետն իրավունք չունի պեղումներ կատարելու»,- ասաց նա:

Թե ի՞նչ նպատակով են քաղաքացիները Սյունիքի մարզի հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող տարածքում «պեղումներ» արել, կպարզի քննությունը: Հնարավոր է կատարվածն ընդամենը չիրազեկվածության արդյունք է, սակայն շատ հավանական է, որ գործ ունենք գանձեր որոնող արկածախնդիրների հետ, ովքեր չեն գիտակցել իրենց արարքի հետևանքը: