| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
 2022 թ․-ի օգոստոսի 25-ին Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումով և Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածությունների համաձայն՝ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոխվեց և Ադրբեջանին հանձնվեց Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետությանը կապող Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր օկուպացված Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնով և Աղավնո գյուղով (նկարում՝ ճանապարհի մանուշակագույն հատվածն է՝ նարնջագույն կետից մինչև մոխրագույն կետը):
 Ըստ պայմանավորվածությունների՝ Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհն այնուհետ պետք է անցներ Մեծ Շեն-Հին Շեն հատվածով (նկարում նշված է դեղինով) և ՀՀ տարածքում ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով (նկարում նշված է կարմիրով)։
Սակայն պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ճանապարհի այդ հատվածը չէին կառուցել։
 Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ տվեց Հայաստանին՝ կառուցելու համար ճանապարհը։ Մինչ այդ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը պիտի անցներ Տեղ-Կոռնիձորի կամուրջ հատվածով (նկարում նշված է կապույտով՝ Տեղ գյուղից մինչև կանաչ կետը) և արդեն նոր ճանապարհով հասնելով Մեծ Շեն։
 Չսպասելով ապրիլի 1-ին՝ այսօր ադրբեջանական զինուժն առաջ է եկել, վերցրել Տեղ-Կոռնիձորի կամուրջ ճանապարհի՝ օկուպացված Քաշաթաղի շրջանի տարածքում գտնվող հատվածը (նկարում ճանապարհի սևով եզրագծված կապույտ հատված է՝ նարնջագույն կետից մինչև կանաչ կետը) և ավելին՝ ներխուժել է Տեղ գյուղի վարչական տարածք՝ խորանալով 100-300 մետր, որոշ տեղեկություններով՝ մոտ 1 կիլոմետր։
 Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու, ինչպես հետ չքաշվեց Ներքին Հանդի, Սև լճի ու Իշխանասարի հատվածներից։
 ՀՀ իշխանությունները, քաջատեղյակ լինելով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ ապրիլի 1-ին սպասվող փոփոխությանը՝ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ՝ ԿԱՊՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂ-ԿՈՌՆԻՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, զորքեր չեն տեղակայել այդ հատվածում, չեն կառուցել ամրաշինական որևէ շինություն։ ՀՀ իշխանությունների այս ակներև հանցավոր անգործությունից էլ օգտվել է թշնամին, առաջ է եկել և դիրքավորվել բարենպաստ բարձունքներում։
 Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված են լինելու տեղակայվել թշնամու համեմատ ոչ բարենպաստ դիրքերում, իսկ միջդիրքայի տարածությունը ձևավորվելու է ՀՀ տարածքի հաշվին, մասնավորապես՝ Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղերի ցանքատարածությունների, այգիների, արոտավայրերի ու խոտհարքերի հաշվին՝ զրկելով սյունեցիներին գոյատևելու հնարավորությունից:
 Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ "Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ"։ Ասվածից կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանություններն այս անգամ ևս ոչինչ չեն անելու թշնամուն հետ շպրտելու համար, և արձանագրվելու է ՀՀ սուվերեն տարածքների հերթական կորուստը:
 Ավելին՝ ՀՀ իշխանությունները որոշել են առնվազն Տեղ-Կոռնիձոր այս խիստ խոցելի դարձած հատվածից հանել ՀՀ բանակը և նրա տեղը ԱԱԾ սահմանապահներ տեղակայելը։ Այս որոշումն անչափ վտանգավոր ու կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ Ըստ էության՝ սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ նոր տարածքների օկուպացիայի։
Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար