Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարության առաջիկա քայլերին` ասելով, որ առաջիկայում հասարակությունը կտեսնի երկու-երեք կոնկրետ գործողություն՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողության հետ, մասնավորապես` ոչ պարենային ապրանքների շուկայում այնպիսի վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, որոնք կբացառեն անորակ բենզինի, գազի, սարքավորումների, խաղալիքների մուտքը և շրջանառությունը:
«Հիմա մենք գտնվում ենք վերահսկողական տեսչության վերակազմավորման գործընթացում: Ցավոք, ութ ամիս է՝ տեսչությունը չի գործում` պայմանավորված նաև օրենսդրական մի շարք խնդիրներով: Մենք մտադիր ենք առաջիկայում ներկայացնել օրենսդրական փոփոխություն, որպեսզի տեսչությունը կարողանա կազմավորվել և գործել»,- ասաց նախարարը:
Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ Արծվիկ Մինասյանի, շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության որոշակի տարրերի կիրառումն է: «Հիմա ես փակագծերը չեմ բացի, և երբ արդյունք կունենանք, բոլորը կկարողանան գնահատել»,- ասաց նա՝ հավելելով, որ երրորդ ու չորրորդ կարևոր ուղղությունները վերաբերում են օդային փոխադրումների ոլորտին և տուրիզմի զարգացմանը: Նախարարությունը ջանքեր է գործադրում, որ կարողանան ներգրավել օդային փոխադրումների առավել որակյալ ծառայություններ մատուցող ընկերությունների:
Ինչ վերաբերում է մենաշնորհների դեմ պայքարին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցանկանում է խոսել համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե այդ ոլորտում նկատվող անձերի մասին: