Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2015-ին Հայաստանում 18,4 տոկոսով նվազել է ամուսնալուծությունների թիվը, և եթե 2014-ին գրացվել էր 4496 ամուսնալուծության դեպք, ապա 2015-ին` 3669: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ թվով ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Լոռու մարզում, որին հաջորդում է Երևանը, իսկ ամենաքիչը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում է:
«Ամուսնալուծվածները մեր բնակչության մեջ մեծ քանակ չեն կազմում: Ի դեպ, 2001-ի մարդահամարի տվյալներով` ամուսնալուծված կանայք 1000 բնակչի հաշվով կազմում են 3,8 տոկոսը, իսկ տղամարդիկ` 1,2 տոկոսը, ինչը փաստում է այն մասին, որ տղամարդիկ երկար ամուսնալուծված չեն մնում: Բացի այդ` ամուսնալուծվածների 31,5 տոկոսը համատեղ կյանքի 20 և ավելի տարիներ հետո են ամուսնալուծվել, իսկ համատեղ կյանքի մինչև մեկ տարին ամուսնալուծվածների թիվը կազմում է 4,5 տոկոս /205 զույգ/»,- ասաց Կույումջյանը:
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ, իր հերթին, նշեց, որ, իրենց տվյալներով, ամեն տարի 20 տոկոսով ավելանում է ամուսնալուծությունների թիվը, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Ըստ նրա` ամուսնալուծությունների պատճառներն են` չմտածված, հաշվարկով ամուսնությունը, սոցիալական ցանցերը, սեռական անհամատեղելիությունը, սոցիալական պայմանները, վատ սովորությունները, երեխաներ չունենալը, խանդը, ազատազրկումը…
«Զույգերի մեծ մասն այլևս հեռանկար չի տեսնում` կողակցի հետ կապված, ինչն էլ տանում է խնդիրների, որոնք վերջանում են ամուսնալուծությամբ: Ի դեպ, մեկ տարվա մեջ 17 դիմում ենք ստացել, որ կողակիցը սոցիալական ցանցերի միջոցով փորձում է անհավատարմություն դրսևորել, և այս դեպքում նույնպես ելքը դրական չի լինում, քանի որ հոգեբանի ինստիտուտի պակաս ունենք մեզ մոտ»,- ասաց Մարոզյանը:
Նա նշեց նաև, որ վերջին շրջանում ավելացել են ձևական ամուսնալուծությունները` «Փարոս» ստանալու համար, որոնք նույնպես վերածվում են իրական ամուսնալուծության, քանի որ զույգը հույսը սկսում է դնել օգնության վրա. տղամարդը չի աշխատում, կինն էլ դժգոհ է մնում:
Իրավիճակը Հայաստանում փոխելու համար, ըստ հոգեբանի, անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքի գաղափարն ամրապնդվի, ունենանք իրավական պետություն և կայացած քաղաքացիական հասարակություն, ինչպես նաև կնոջ` սոցիալական դերի բարձրացում:
Ի դեպ, ուշագրավ է, որ 1990-ականներին, երբ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի վատ էր, ամուսնալուծությունների թիվն ավելի քիչ էր, և սա, ըստ Մարոզյանի, գալիս է այն հանգամանքից, որ այն ժամանակ հույս կար երկրի, երկրի ապագայի հանդեպ: