կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 18:08
Հասարակություն

Մինչև 70% զեղչ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Մինչև 70% զեղչ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Հանրապետության, մասնավորապես` Երևանում գործող խանութ-սրահներում ժամանակ առ ժամանակ զեղչային քաղաքականություն է նկատվում: Յուրաքանչյուր խանութ փորձում է մյուսներից տարբերվող մեխանիզմներ մշակել, որը հնարավորություն կտա ավելի շատ հաճախորդներ գրավելու: Բոլորին միավորում է մեկ անհագ ցանկություն` հնարավորինս շատ հաճախորդներ ունենալ, որոնք պոտենցիալ գնորդից կարող են շատ արագ վերածվել իրականի նաև գրավիչ, յուրօրինակ առաջարկների, զեղչային ճկուն քաղաքականության շնորհիվ:

Բարեխիղճ տնտեսվարողները, որքան էլ իրենց բիզնես շահերը պաշտպանեն, չեն մոռանում նաև սպառողների իրավունքների մասին: Իհարկե, սա վերաբերում է բարեխիղճներին, բայց չմոռանանք, որ ինչպես ամենուր, այստեղ ևս անբարեխղճությունն ակնբախ է:

Խնդրի առնչությամբ Yerkir.am-ը զրուցեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանի հետ: Նրա խոսքով` սպառողները շատ հաճախ պասիվ են և սահմանափակվում են միայն բանավոր դժգոհություններով:

«Հաճախ լսում ենք դժգոհություններ` դրսում կամ մամուլի հրապարակումներում, բայց հանձնաժողովը շատ հազվադեպ է դիմում-բողոքներ  ստանում: Հանձնաժողովի համար շատ ավելի լավ կլիներ, որ անվանական դիմումներ լինեին, որպեսզի կարողանանք վարչական վարույթ հարուցել. վարչական վարույթը հարուցվում է տվյալ անձի անվան, կոնտակտների առկայության դեպքում: Հանձնաժողովն ունի նաև սեփական նախաձեռնությամբ վարույթներ իրականացնելու հնարավորություն, սակայն պետք է նկատի ունենանք, որ այդ ռեսուրսները բավական սահմանափակ են և հանրապետության ողջ տարածքը չեն կարող ընդգրկել»,- ասաց նա` ընդգծելով, որ այս պահին զեղչային ճկուն սեզոն է:

«Մի քանի անգամ է լինում զեղչային սեզոն, և հիմա հենց այդ ժամանակաշրջաններից մեկն է: Խանութներում հայտարարվում է 70, մինչև անգամ` 80 տոկոս զեղչ, և հանձնաժողովն այս ընթացքում շատ ակտիվ ուսումնասիրություններ է իրականացնում այդ ուղղությամբ: Արդեն իսկ ունենք մի քանի հարուցված վարույթներ, կարող եմ նշել, օրինակ, մեկը` «Վեգա» խանութ-սրահների ցանցը, որը հայտարարել էր ամանորյա զեղչեր»,- ասաց մամուլի խոսնակը:

Ի դեպ, նրա խոսքով` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ևս բողոքել էր ՏՄՊՊՀ-ին հենց այդ խանութի գործունեության վերաբերյալ, դիմումը ներկայացրել է ավելի ուշ, քան իրենք սկսել էին ուսումնասիրությունն այդ խանութում: «Նախքան Էդմոն Մարուքյանի դիմումը` հանձնաժողովն արդեն դեկտեմբերի 23-ին սկսել էր ուսումնասիրություն: Էդմոն Մարուքյանի դիմումը ստացել ենք ավելի ուշ, դիմումը կցվել է գործին` որպես լրացուցիչ փաստական հանգամանք: Առաջիկայում մենք մեր տեսակետը կհայտնենք»,- նշեց Սահակյանը:

Նա նաև բացատրեց, թե այդ խանութի հետ կապված կոնկրետ ինչ խնդիր էր առաջացել: «Խնդիրն այն էր, որ ինքնարժեքով վաճառք էր հայտարարվել: Փորձում ենք պարզել, թե ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում: Մենք ուսումնասիրում ենք, եթե եղավ խնդիրը, վարույթ ենք հարուցում: Մեր ուսումնասիրության տիրույթում են և\' տեխնիկայի, և\' կենցաղային տեխնիկայի, և\' հագուստի խանութները»,- նշեց Սահակյանը և հավելեց` մրցակցային օրենսդրությամբ խախտումները հանձնաժողովը լիարժեք վերահսկում է և փորձում կարգազանց տնտեսվարողներին նախազգուշացումներով, տուգանքներով զսպել: 

«Օրինակ` «Մանգո» խանութ-սրահն էր տուգանվել»,- ասաց ՏՄՊՊՀ ղեկավարի մամուլի խոսնակը և նշեց նաև, որ տուգանքի չափը խանութի շրջանառությունից է կախված և սահմանվում է հասույթի մեկ տոկոսի չափով:

Նա նաև ներկայացրեց այն միջոցները, որոնցից կարող են օգտվել սպառողները և դիմել ՏՄՊՊՀ` իրենց իրավունքների խախտման մասին բարձրաձայնելու համար: «54 40 04 թեժ գիծ ունենք, հանձնաժողովի կայքում օնլայն դիմում գրելու տարբերակ, փոստով, էլեկտրոնային տարբերակով… Քաղաքացին կարող է զանգել և ասել` ես բողոքում եմ այսինչ խանութից … Դա ևս անմիջապես գրանցվում է և վարութ ընդունվում, սակայն տասնյակ դեպքեր են լինում, երբ քաղաքացիները զանգահարում են և բողոքում, բայց անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ չեն թողնում: Կամ էլ ՀԴՄ կտրոնն է պետք լինում, կամ լրացուցիչ փաստեր: Նման դեպքերում անմիջապես հրաժարվում են, ասում են, որ իրենց անունը պետք չէ հրապարակել և այլն: Վարչական վարույթ հարուցելու համար կոնկրետ տվյալներ են պետք»,- ասաց Սահակյանը: 

\"\"

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գործող օրենսդրությունն այս խնդրի կարգավորման շրջանակներում բազմաթիվ բացեր ունի: «Եթե մենք տեսնում ենք, որ գրված է մինչև 70 տոկոս զեղչ ու մտնում ենք խանութ, տեսնում, որ ընդամենը մեկ ապրանքին է դա վերաբերում, այստեղ խախտում չկա, եթե ֆիքսած է «մինչև»-ը կամ գրված է 0-70 տոկոս: Մենք ունենք օրենքը բարելավելու տեղ, բայց, մյուս կողմից, մենք նվազագույնը չենք կարողանում ապահովել: Մենք պետք է հասկանանք` տնտեսվարողը ո՞ր դեպքում իրավունք ունի սահմանելու մինչև 70 տոկոս զեղչ: Կամ սահմանել` ընդհանրապես ո՞ր դեպքում տնտեսվարողն իրավունք ունի հայտարարելու, որ որևէ ապրանքի վրա զեղչ է: Օրինակ` միևնույն ապրանքը երկու ընկերություն բերում է, մեկն այդ ապրանքը վաճառում է 20 հազար դրամով, մյուսը` 100 հազար դրամով, որը 75 տոկոս զեղչով կազմում է 25 հազար դրամ: Սպառողը, բնականաբար, ուզում է զեղչով ապրանք առնել, գնում է, 5000 դրամ էլ ավելի տալիս է, ապրանք է ձեռք բերում: Հիմա մենք պետք է պայման դնենք, որ եթե այս ապրանքի համար իրացման գին հայտարարագրված չի եղել, առնվազն ինչ-որ ժամանակահատված, ասենք` վեց կամ երեք ամիս, չկա նախատոնական կամ տոնական միջոցառումների շղթա, դու զեղչ հայտարարել չես կարող, եթե ապրանքը վեց ամիս կամ երեք ամիս չես վաճառել այդ ֆիքսված գնով»,- ասաց Պիպոյանը:

Ըստ նրա` տնտեսվարողը դրամաշրջանառությունը չկանգնեցնելու համար ի սկզբանե անիմաստ բարձր գին չի սահմանի, իսկ ինչո՞, պետք այդ նախապայմանը դնել: «Ասենք, մարդն իր ապրանքը ներկրել է փետրվարին, և երեք ամիսը լրանում է ապրիլին կամ մայիսին, բայց մարտի 8-ին մարդը ցանկանում է զեղչ անել: Մինչ այս բարեփոխումներին գնալը, պետք է հասկանանք ամենակարևորը` գործող օրենսդրությամբ ինչ-որ բաներ կարգավորել հնարավո՞ր է, թե՞ չէ»,- ասաց Պիպոյանը` նշելով, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ ՏՄՊՊՀ-ն վարույթ հարուցի: Ըստ նրա` կարելի է մշտադիտարկումներ անել, խախտումներ արձանագրել:

Դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ-ն պատճառաբանում է, որ ռեսուրսների սակավության խնդիր կա, ՀԿ-ի նախագահը պատասխանեց, որ ավելի շատ աշխատանքի կազմակերպման խնդիր կա: «Մեր երկրում 300 հոգուն էլ են ասում` ռեսուրս չունեն, այսինքն` ռեսուրս չունենալու տրամաբանությամբ կարելի ասել, որ մեր երկրում ոչ մի բան չանենք: Էլ օրենքն ի՞նչ իմաստ ունի փոխել, այդ դեպքում ի՞նչ անհրաժեշտություն կա էլ ավելի կատարելագործել, եթե նվազագույնը չենք պահել: Ռեսուրս չունեք, գրավոր գրեք, թող ռեսուրսներն ավելանան: Այնսինքն` պետք է հիմնավորել: Ընդամենը մեկ հոգին կարող է մոնիթորինգ անել Երևան քաղաքում ու տեսնել` ինչ է կատարվում, և հետո նոր սկսել վարույթ հարուցել: Պետք է ըստ ոլորտների լինի աշխատանքը: Թող ասեն` մյուս տարի կանենք, բայց պետք է իմանանք, որ այդ պրոբլեմը կարգավորվում է, պետական վերահսկողության ուշադրության կենտրոնում է»,- ասաց Պիպոյանը:

Նա ներկայացրեց մի քանի մեխանիզմներ, որոնք, ըստ նրա, կարող են տնտեսվարողների անբարեխիղճ դրսևորումները կանխել և պատկան կառույցի աշխատանքներն ավելի համակարգային դարձնել: «Վերցնում ենք խոշոր ցանցերը և իրացման կետերը: Օրինակ` «Երևան Մոլ»-ում, «Դալմա»-ում գործող ցանցեր, «Ռոբերտո», «Դեբենհամս», «Մանգո», «Քաշարել»… Մոտ 10-15 անուն: Այս մասով թող արվի, արդյունքներ հրապարակվեն, բայց սկզբի համար թող ներողամտություն լինի և շտկելու հնարավորություն: Պետք է մոնիթորինգի արդյունքները հանրային սեփականություն դարձնել, և միայն դրանից հետո իմաստ ունի անհատական դիմումներ գրել: Այսինքն` պետք է ընդհանուր դաշտն առողջացվի, հետո նոր խոսվի անհատական դիմումների մասին: Պետք է մշակել մեխանիզմ, որը կտանի ինքնակարգավորման: Կարևոր է, որ հասարակության ուշադրությունն է սևեռվում խնդրի վրա: Մոնիթորինգից հետո հանրությունն էլ կիմանա, և բոլորս կտեսնենք, որ պետական մարմնին պրոբլեմը հետաքրքրում է, մարդիկ էլ արդեն ուշադիր կլինեն, կզանգեն, կասեն, որ խնդիր կա: Իմ ասած աշխատանքը երկու-երեք աշխատողով կարող է անել ՏՄՊՊՀ-ն»,- ասաց Պիպոյանը:

\"\"

Զրուցեցինք նաև «Մանգո» խանութ-սրահներից մեկի աշխատակցի հետ, ով հայտարարեց, որ իրենց զեղչային գործունեությունը կարգավորվում է այլ մեխանիզմով: Աշխատակցի խոսքով` քանի որ իրենց ապրանքը ստացվում է դրսից, համագործակցությունը դրսի հետ է, ֆրանչայզինգ է, կարգավորումը մի փոքր այլ է: «Մենք պարզապես թարգմանում ենք բառերը, մենք միայն կատարողներ ենք, ինֆորմացիան ինչպես ստանում ենք, թարգմանում ենք: Ասենք գրված է` «sale», մենք թարգմանում ենք բառացի»,- ասաց նա և հավելեց, որ իրենց խանութ-սրահի ապակիների վրա գրված է ոչ թե «մինչև» այսքան կամ այնքան տոկոս զեղչ, այլ «վերջնական զեղչ»:

«Դեբենհամս» խանութ-սրահներից մեկի աշխատակիցն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատում են ամեն ինչ անել, որ զեղչերի դիմաց գրվող «մինչև» բառը լինի երևացող, և սպառողները մոլորության մեջ չընկնեն: «Մենք աշխատում ենք այնպես անել, որ սպառողը հենց դրսից հասկանա, թե զեղչը կոնկրետ որ ապրանքին է վերաբերում»,- ասացին խանութ-սրահում:

Լուսինե Հակոբյան