Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ձեռք ձեռքի` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ» խմբակային ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր հաշմանդամ երեխաների ծնողների «Նորաստղ» ՀԿ-ն: Ցուցահանդեսին ներկայացված էին ՀԿ-ում տարբեր խմբակներ հաճախող երեխաների ձեռքի աշխատանքները (գեղանկարչություն, կարուձև, կավից աշխատանքներ), իսկ միջոցառման վերջում տեղի թատերական խմբակը ներկայացրեց «Պույ-պույ մկնիկը եւ ընկերները» ներկայացումը /բեմադրող` Լուսինե Գրիգորյան/:
ՀԿ-ի նախագահ Նորա Կարապետյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ունեն տարբեր խմբակներ` ձեռագործ, կարուձեւ, հմուտ ձեռքեր, տիկնիկային, նկարչական: Ընդհանուր առմամբ, խմբակներին հաճախում է 100 երեխա:
«Մեզ մոտ հաճախող երեխաները մեծ մասամբ հաշմանդամություն ունեն, իսկ նրանց ընտանիքները սոցիալապես անապահով են: Մենք նաեւ առողջ երեխաների ենք ընդունում խմբակներ, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները շփվեն նրանց հետ: Մի շարք երեխաների մենք ստիպելով ենք տանից դուրս հանում, քանի որ նրանք բարդույթներ են ունենում, սակայն մեկ-երկու անգամ մեր խմբակները հաճախելով` արդեն իրենք են ստիպում ծնողներին, որ բերեն մեզ մոտ»,- ասաց Կարապետյանը:
Ի դեպ, խմբակները գործում են անվճար, իսկ նյութերը տրամադրում է ՀԿ-ն: Ըստ Կարապետյանի` իրենք ունեն 10 աշխատող, որոնք կամավորության սկզբունքով են աշխատում:
«Երեխան մեղք չունի, որ հաշմանդամ է: Ամեն պահ յուրաքանչյուր ոք կարող է հաշմանդամ դառնալ, եւ ոչ ոք չի կարող խուսափել դրանից: Դրա համար էլ պետք է օգնենք իրար. մենք նրանց ուղարկում ենք համակարգչային ծրագրեր սովորելու, եթե կարողանում ենք` աշխատանքի ենք տեղավորում, միջնորդում ենք, որ վիրահատեն»,- ասաց տիկին Կարապետյանը:
Նա նշեց նաեւ, որ արդեն ինչ-որ չափով հայտնի նկարիչ Վրեժ Կիրակոսյանը նույնպես իրենց սաներից է եղել:
Եղիա Սեդրակյանն էլ մեկն է այն երեխաներից, ով կենտրոնում համակարգչային ծրագրեր է սովորում: Նա հենաշարժական խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ դասավանդողն է այցելում իրեն: «Ուրախ եմ, որ կենտրոնը կա: Համակարգչային ծրագրեր իմանալը շատ կարեւոր է: Սիրով եմ սովորում»,- ասում է տղան ու հավելում, որ երազում է ծրագրավորող դառնալ:
Գաբրիելյան Ռուզանն ու Մկրտչյան Լիլիթն էլ արդեն 3 տարի է, ինչ հաճախում են կենտրոնի նկարչական բաժինը, սակայն վերջերս նրանք սկսել են հաճախել տիկնիկային խմբակ: Ցուցահանդեսին ներկայացված էր աղջիկների` բրնձով պատրաստված նկարներից մեկը:
«Մեր նկարչության ուսուցիչը խորհուրդ տվեց, որ միասին նկար սարքենք, մենք էլ փորձեցինք, եւ 2-3 օրում ստացվեց: Անկեղծ ասած` թատերական խմբակն ինձ ավելի է դուր գալիս: Կենտրոնում մի շարք ընկերներ եմ ձեռք բերել»,- ասաց Ռուզանը:
Ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում կգործի մինչեւ մարտի 20-ը, իսկ մարտի 20-ից հետո «Վերնիսաժում» կլինի ցուցահանդես-վաճառք:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ