կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 19:10
Իրավական

Սրբիչի մեջ ներծծված թմրանյութից մինչև մեկ տոննա հերոին. ի՞նչ եղանակով են թմրանյութեր տեղափոխում Հայաստան

Սրբիչի մեջ ներծծված թմրանյութից մինչև մեկ տոննա հերոին. ի՞նչ եղանակով են թմրանյութեր տեղափոխում Հայաստան

Չնայած Հայաստանում պետական մակարդակով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ լայնածավալ պայքարին և այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների զգալի ջանքերին` թմրամոլությունը և դրա դեմ պայքարը մեր երկրում դեռ մնում են լրջագույն խնդիր: Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ թմրամոլության զոհերի գերակշիռ մասը երիտասարդներ են, իսկ վերջին տարիների իրադարձությունները վկայում են, որ Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ երկիր:

Հայաստանում տարածված թմրամիջոցների, դրանց հետազոտման, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ խմբաքանակով հերոինի «առեղծվածի» և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Ղարաջյանի հետ:

-Թմրանյութերին առնչվող ի՞նչ հետազոտություն է իրականացնում Ձեր ղեկավարած բաժինը:

- Մեր բաժինն իրականացնում է ափիոնի խմբին պատկանող թմրամիջոցների, կաննաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոցների, ամֆետամինների, բարբիտուրատների, բենզազեպինային հոգեմետ դեղամիջոցների հայտնաբերման ուղղությամբ կատարվող հետազոտություններ:

-Ո՞ր տեսակի թմրանյութերն են առավել տարածված Հայաստանում:

-Մեր երկրում ամենից տարածված են բուսական ծագում ունեցող թմրամիջոցները, մասնավորապես` մարիխուանան, հաշիշը, ափիոնը և այլն: Դա պայմանավորված է նրանով, որ այդ տեսակի թմրանյութեր ստանալը համեմատաբար դյուրին է, օրինակ` մարիխուանան և հաշիշը պատրաստվում են կանեփի բույսից, որն աճում է անգամ քարքարոտ վայրերում: Հայաստանում տարածված են նաև կիսասինթետիկ թմրանյութերը, որոնք նույնպես պատրաստվում են համեմատաբար հասանելի նյութերից, օրինակ՝ կոդեին պարունակող դեղահաբերի վերամշակմամբ:

-Հայաստանում թմրամոլները ի՞նչ եղանակով են սովորաբար պատրաստում այդ նյութերը:

-Մեզ, իհարկե, հայտնի է դրանց պատրաստման եղանակը, քանի որ շատ ենք առնչվել նման նյութերի հետազոտությանը, սակայն, բնականաբար, չենք կարող դրանք ամբողջությամբ կամ մասնակի բացահայտել: Միայն կարող եմ նշել, որ շատ դեպքերում թմրանյութեր պատրաստող անձինք չունեն բավարար գիտելիքներ, հեռու են «հավասարակշռված ռեակցիայի» գաղափարից, աչքաչափով նյութերը խառնելով` թմրամիջոցներ են ստանում: Օրինակ` բենզինի միջոցով իբր դեզոմորֆին են ստանում, որն ավելի շատ նմանվում է հրավտանգ խառնուրդի, որը ներարկելով երակների մեջ՝ քայքայում են օրգանիզմը, մաշկը սկսում է փտել: Բենզինով պատրաստվող թմրամիջոցն ավելի խորը կախվածություն է առաջացնում, և նման նյութեր օգտագործող մարդիկ երկար կյանք չունեն, մարդիկ, գիտակցելով, որ դա մահվան է հանգեցնելու, դիմում են այդ քայլին: Բենզինի միջոցով ստացված թմրանյութերը դասվում են ծանր թմրամիջոցների թվին: Համեմատաբար թեթև թմրամիջոց է մարիխուանան, գիտությամբ ապացուցված է, սակայն, որ դրանից օգտվողների մոտ տարիների ընթացքում շիզոֆրենիա հիվանդություն է առաջանում:

-Հայտնի է, որ շատ մարդիկ հոգեմետ դեղերի օգնությամբ են փորձում թմրանյութի ազդեցություն ստանալ: Նմանատիպ դեղերից որո՞նք են մեր երկրում առավել շատ կիրառում:

-Հոգեմետ դեղամիջոցներից առավել տարածվածները դիազեպամը, տրավադոլն են, որոնք հոգեբուժարաններում կիրառվող դեղեր են, սակայն որոշ թմրամոլներ, սրանք ձեռք բերելով, մեծ քանակությամբ օգտագործում են, որպեսզի ստանան թմրանյութի էֆեկտ:

-Ի՞նչ եղանակով եք պարզում թմրանյութերի բաղադրությունը:

-Մեր բաժինը միջազգային ստանդարտներին համապատասխան հետազոտություններ է իրականացնում: Նյութերը հետազոտում ենք մի քանի եղանակով. մինչև 5 տեխնոլոգիա ենք կիրառում, որպեսզի առավել ճշգրիտ տվյալներ ստանանք:

-Մեր երկրում նախատեսված օրենսդրությամբ` ապօրինի ճանապարհով ստացված թմրանյութերը ոչնչացվում են: Արդյոք հնարավոր չէ՞ դրանց որոշ տեսակներ կիրառել դեղագործության մեջ:

-Որպես դատական քիմիկոս-փորձագետ` կարծում եմ, որ թմրամիջոցների շատ տեսակներ ենթակա են ոչնչացման, քանի որ դրանցից անհնար է դեղանյութ ստանալ: Օրինակ` սկզբնական շրջանում հերոինը որպես դեղամիջոց էր կիրառվում, սակայն, երբ պարզվեց, որ այն կախվածություն է առաջացնում, արգելվեց, նույնն էլ` կոկաինը, սկզբում այն առկա էր նաև կոկա-կոլայի բաղադրության մեջ, սակայն հետո, երբ հասկացան, որ այն կախվածության մեջ է գցում, փոխարինեցին կոֆեինով: Կոֆեինն ու կոկաինը շատ նման նյութեր են, սակայն կոկաինը կախվածություն առաջացնում, իսկ կոֆեինը՝ ոչ: Սակայն, օրինակ, մեր երկրում ապօրինի շրջանառության մեջ գտնվող հոգեմետ դեղամիջոցներից առավել տարածված մետադոնը կիրառվում է բուժական նպատակով և համարվում է թույլ սինթետիկ թմրամիջոց: Եվ եթե հայտնաբերվում է դրա՝ գործարանային արտադրության տեսակը, կարելի է այն ոչնչացնելու փոխարեն դնել շրջանառության մեջ:

-Սովորաբար ի՞նչ եղանակով են թմրանյութերը փորձում թաքցնել բեռի մեջ և դրա տեղափոխումն իրականացնել:

-Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Հայաստանի սահմանային վերահսկողության ծառայողները թմրանյութերը հայտնաբերել են շամպունների կամ դեզոդորանտների տուփերի մեջ: Քիչ չեն դեպքերը, երբ թմրանյութը խառնում են շոկոլադե սալիկների բաղադրությանը և այդ կերպ փորձում տեղափոխել:

-«Անհավանական» եղանակով թմրանյութեր թաքցնելու ի՞նչ ուշագրավ դեպքեր են Ձեզ հայտնի:

-Մի անգամ Հայաստանից խոշոր մեքենաների համար` մոտ մեկ մետր երկարությամբ հեղույս (болт) էին տեղափոխում, երբ պարզվեց, որ դրա մեջ դատարկ է և մեջը մեծ քանակությամբ թմրանյութ է լցված: Եղել է դեպք, երբ անցակետում մեծ քանակությամբ մետամֆետամին են փորձել անցկացնել ջրի մեջ լուծելու և սրբիչի մեջ ներծծելու եղանակով:

-Դուք մասնակցել եք նաև 2014թ.-ի հունվարի 17-ին Մեղրիի անցակետում հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերի հերոինի հետազոտմանը: Շատերի մոտ կասկած էր առաջացրել այն հանգամանքը, որ, փորձաքննության արդյունքներով, 927 կգ հերոինի քաշն նվազել էր՝ հասնելով 850 կգ-ի: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Նախ նշեմ, որ մենք հենց մեկ տոննան չենք հետազոտել, այլ հետազոտվել է հայտնաբերված տարբեր փաթեթներից բերված միջին նմուշը: Հերոինը մի քանի շերտով, այդ թվում` կտորով փաթեթավորված էր: Հավանաբար, դա արվել էր, որպեսզի հոտ չգա և չթափվի: Սկզբում ներկայացվել է հերոինի փաթեթավորված քաշը, իսկ փորձաքննության արդյունքում հաշվվել է զտաքաշը:

-Իսկ ինչպե՞ս պետք է պայքարել այս չարիքի դեմ:

-Թմրանյութի կախվածությունից ձերբազատվելու լավագույն «հակաթույնը» կամքի ուժն է: Այժմ, ցավոք, մոդայիկ է դարձել ծխելը, սրսկվելը, դեղահաբեր օգտագործելը: Արտաքուստ թվում է, թե հաճելի բաներ են, բայց դրանք ուղիղ դեպի կործանման են տանում, այնպես որ` պետք է կամքի ուժ ունենալ և հաղթահարել այն:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ