կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 12:11
Հասարակություն

Ամանորի օրերին շտապօգնությունն աշխատել է գերլարված

 Ամանորի օրերին շտապօգնությունն աշխատել է գերլարված

Ամանորի օրերին շտապօգնությունն աշխատել է գերլարված: Այսօր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրագրողներին հայտնեց, որ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 10-ը  շտապօգնությունը 9611 կանչ է կատարել, դա, 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 830 կանչով ավելի է:

Ստեփանյանը նշեց նաև, որ միայն 1567 մարդ է տեղափոխվել հիվանդանոց. առավելագույն կանչերը գրանցվել են հունվարի 7-ին` 956 կանչ:

«Այս օրերին սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ կանչերի թիվն է զգալիորեն ավելացել` գրանցելով 1659 կանչ, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Երեխաների դեպքում սուր շնչառական հիվանդություններով  699 կանչ է գրանցվել, նրանցից հիվանդանոց է տեղափոխվել 104-ը»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք հիվանդանոցների գերծանրաբեռնված լինելու պատճառով է այդքան քիչ մարդ տեղափոխվել հիվանդանոց, Ստեփանյանը պատասխանեց, որ իրենք չեն ունեցել դեպքեր, երբ հիվանդանոցը հրաժարվի ընդունել այս կամ այն հիվանդին` սենյակներ չունենալու պատճառով: «Հիվանդանոցներ չտեղափոխելու խնդիր չունենք: Բացի այդ` մարդիկ սկսել են զանգահարել մեզ նաև, որ բժիշկները գնան և ուղղակի թոքերի աշխատանքը ստուգեն, որպեսզի իրենք համոզվեն, որ առողջ են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սննդային թունավորումներին, ապա, ըստ Ստեփանյանի, Ամանորի օրերին նման միայն երկու դեպք է գրանցվել: Խոսելով կոտրվածքների վերաբերյալ կանչերի մասին` նա նշեց, որ մինչև հունվարի տասը յուրաքանչյուր օր 3-10 կանչ է եղել, ընդհանուր առմամբ` 70 կանչ: