կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 13:16
Հասարակություն

Այսօր մենք 150 000 տոննա միրգ-բանջարեղեն ՌԴ արտահանելու հնարավորություն ունենք

Այսօր մենք 150 000 տոննա միրգ-բանջարեղեն ՌԴ արտահանելու հնարավորություն ունենք

Ռուսական շուկան պետք է մեզ համար ավանդական շուկա դարձնենք. այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա` Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում պետք է նոր տնտեսական քաղաքականություն մշակի, որպեսզի կարողանանք շահել ռուս-թուրքական լարված հարաբերությունների իրավիճակում:

«Հայաստանը Ռուսաստանին պետք է կարողանա միրգ-բանջարեղենով ապահովել: Պետք է ջերմոցային  տնտեսությունների քանակն ավելացնենք, այսինքն` ՌԴ-ից վարկեր վերցնենք` պայմանով, որ դրանից հետո լոլիկն ու մրգերը մենք հենց ՌԴ արտահանենք: Այսօր 150 000 տոննա միրգ-բանջարեղեն արտահանելու հնարավորություն ունենք և պետք է օգտագործենք այս հնարավորությունը»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ արտաքին պարտքը շարունակ ավելանում է, իսկ ծախսված գումարները պարզ չէ` ուր են գնում: Ըստ Սաֆարյանի` պետք է գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անել:

Նա տեղեկացրեց նաև, որ գյուղատնտեսական տարին աննախադեպ հաջող էր, թեև գյուղացին բերքը չկարողացավ ամբողջությամբ իրացնել: «Սրա պատճառն էլ այն է, որ ռուբլին արժեզրկվեց, ու գինի ու կոնյակ արտադրողները չկարողացան իրացնել իրենց արտադրանքը ռուսական շուկայում:  Այս տարի 68-70 հազար տոննա միրգ-բանջարեղեն ենք արտահանել ՌԴ, բայց կարող ենք ավելին»,- ասաց Սաֆարյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում չունենալով համապարփակ ծրագիր, հիմա հնարավորություն չունենք մտնելու շուկա, որը մեզ ուղղակի նվեր է տրվում: Նա համաձայն է Սաֆարյանի այն մտքին, որ պետք է ներդրումներ ուղղվեն գյուղատնտեսական ոլորտ: «Արտաքին պարտը գնալով ավելանում է, բայց արդյունք չկա: Եթե ագրարային երկիր ենք, տվեք գյուղատնտեսությանը այդ փողերը»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե երբեմն կարծիք է հնչում, որ հայկական ապրանքները որակի խնդիր ունեն, այդ պատճառով էլ հիմա ՌԴ շուկայում չունեն իրենց տեղը, Խաչատրյանը պատասխանեց, որ ամենևին էլ համաձայն չէ: «Մեր միրջ-բանջարեղենը համապատասխանում են պահանջվող ստանդարտներին: Գուցե ինչ-որ առումով տեսքն այն չի, բայց դա էլ արդեն հաղթահարել ենք: Արտահանման ոլորտում եղած խնդիրները կապված չեն որակի հետ»,- ասաց նա: