Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում մթերվել է 35000 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 600 տոննայի դիմաց:
«Մթերումների գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների: Այժմ նախապաստրաստվում ենք խաղողի մթերմանը: Արդեն երեք ընկերություն սկսել է մթերումները. 1400 տոննա խաղող է մթերվել: Իրանականցված մոնիթորիգի արդյունքներով` վերամշակող ընկերությունները պատրաստ են գնել շուրջ 140 000 տոննա խաղող»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը կոչ է արել գյուղացիական տնտեսություններին խուսափել առանց պայմանագրերի բերքը վերամշակողներին հանձնելուց, որպեսզի հետագայում վճարումների խնդիրներ չլինեն:
Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած պարտքերին` պարոն Մակարյանը հայտնել է, որ վերամշակողներն ունեն դեռևս 84,3 մլն դրամի չկատարված պարտավորություններ: Ընկերություններն ըստ ժամանակացույցի կատարում են մարումները: Խնդրահարույց է «Վինար» ընկերության պարտքի չմարված մասը, հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, պայմանավորվություն է ձեռք բերվել սպիրտի վաճառք կազմակերպելու հարցում:
Մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու և վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու նպատակով այս տարի պիլոտային ծրագիր է մեկնարկել, որի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր: Ծրագրի շրջանակում 12 ընկերությունների հայտեր արդեն հաստատվել են, վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Փոխնախարարն ընդգծել է, որ վարկի գումարը վերամշակողին չի տրամադրվելու, այն կնքված պայմանագրերի համաձայն մթերումից մի քանի օր անց ֆինանսական կազմակերպությունը կփոխանցի գյուղացու հաշվեհամարին:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56 միավոր տրակտոր: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:
Առաջիկայում կառավարությունը կհաստատի սուբսիդավորվող վարկերի ծրագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծը` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով` նախկին 8%-ի փոխարեն, տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` գործող մինչև 3 մլն-ի փոխարեն: Ընդ որում, սոցիալական աջակցություն ստացող համայնքների և գյուղացիական կոոպերատիվների համար տոկոսադրույքն էլ ավելի ցածր կլինի` կազմելով ընդամենը 3 %: Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է լինելու ուսուցումն ու հավաստագրումը, որը կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից, տնտեսությունը նաև պետք է վարկունակ լինի:
Ասուլիսի ավարտին Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում` «Պալաս» առևտրի կենտրոնի ետնամասում, կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Կասյան փողոցի վերջնամասում և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ այս տարվա ընթացքում արդեն կազմակերպվել է թվով 38 տոնավաճառ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին