Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայում հայտնի հետազոտող-գրող Սաիթ Չեթինօղլուն Հայոց ցեղասպանության և Թուրքիայում ապրող հայերի մասին ուշագրավ հոդված է հրապարակել:
«Թուրքիայում Ցեղասպանությունը երբեք չի ավարտվել, այն հավերժ է» վերնագրված հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Թուրքիայում հայերը պետք է տեսանելի և նկատելի լինեն: Լուսանկարների աշխարահռչակ հայ վարպետ Արա Գյուլերը Թուրքիայում հայերի կյանքն այսպես է նկարագրում. հարցին, թե` «հայ լինելու պատճառով երբևէ տառապե՞լ եք», նա պատասխանում է. «Ոչ բոլորը գիտեն իմ հայ լինելու մասին»:
«Այստեղ տարօրինակ քաղաք է: Սրիկաներ կան, որոնք լարվում են դրանից: Բայց այս քաղաքի ամենատեղացին ես եմ»,- այսպես է բացատրում Գյուլերն իր «թաքնվելու» պատճառը: Նրա այս խոսքերը հակիրճ և հստակ բնութագրում են Թուրքիայում ապրող հայերի կրած դժրարությունները:
Այդ իսկ պատճառով հայերի համար դժվար է պատմել Թուրքիայում իրենց կյանքի մասին: Նույնիսկ եթե պատմեն, իրականության հետ բացարձակապես կապ չի ունենա, չի անցնի անգամ այդ իրականության կողքով:
Որոշ հայեր քիչ վնաս կրելու համար իրենց նոր ինքնություն են տալիս: Այնուհանդերձ, որպես ասորի կամ հույն ներկայացած շարքային հայերի կողքին կան նաև հայտնիները… Թուրքիայում հայ լինելը, ինչպես ասում է Արա Գյուլերը, դժվար է: Թուրքիայում վերջ չունի իշխանությունների՝ ոչ իշխանություն եղողների վրա գերիշխանությունը:
Գինետանը մեկին սպանելու համար բանտարկված հայտնի գործարար Իսահակ Բենլիօղլուին բանտում թլփատել էին՝ նրան դարձնելով մուսուլման: Այն դեպքում, երբ թուրքական դատարաններում բոլոր հանցագործությունները, այդ թվում՝ սպանությունները, մեղմացվում, ճանճի կծոցի են վերածվում, Իսահակի հանցանքին ոչ մի մեղմացում չտրվեց, փոխարենը ցմահ ազատազրկվեց: Թլփատումն ու մուսուլմանացումն անգամ Իսահակին օգուտ չտվեց:
Թուրքիայում դժվար է հայերի՝ հպարտ կանգնելը: Հպարտ կեցվածքով, քննադատ հայը ցանկալի չէ: Մի’ նայեք, որ վերջին ընտրություններում երեք հայ պատգամավորներ անցան խորհրդարան, նրանց ամեն ասելիքը սահման ունի: Նրանց ամեն մի խոսքն ու քննադատությունը հաշվարկված և սահմանափակ է:
Թուրքիայում տարբերվող և քննադատ հայերը, ինչպես Հրանտ Դինքը, աղավնու անհանգստություն են ապրում և բոլորի իմացությամբ սպանվում:
Եթե ջայլամի համառություն ցուցաբերես, Թուրքիայում «ապօրինի շինություններով» դրախտավայր ստեղծած Սևան Նիշանյանի նման 17 տարվա ազատարկման կենթարկվես, երկու տարի կպահվես բանտում և այդ ընթացքում 5 անգամ այլ բանտ կտեղափոխվես:
Կա նաև մի երևույթ, որը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ակնհայտորեն նկատելի դարձավ` Ցեղասպանության թեմայի «փրկիչները»: Հատկապես վերջին օրերին նկատելի դարձավ 100 տարվա փոխհատուցման հարցը: Թե’ Թուրքիայում (թուրքերը, քրդերը և այլն), թե’ հայաստանցիները, թե’ սփյուռքահայերը և թե’ ասորիները նպաստեցին, որ փոխհատուցման հարցն ավելի տարածվի:
Փաստ է, որ թուրքերը, քրդերը...100 տարի առաջ հայերի, ասորիների, քիլդանիների, նաստուրիների, պոնտոսցիների նկատմամբ ցեղասպանություն են իրագործել, խլել նրանց ունեցվածքն ու «օգտվել» ցեղասպանությունից՝ նրանց կանանց ու երեխաներին տանելով: 100 տարի անց էլ նրանց թոռները փոխհատուցում են պահանջում, որը նույնն է, ինչ 100 տարի առաջ բանկում պահված գումարի տոկոսները:
Եթե ասենք, որ Ցեղասպանությունը հավերժ է, դարձյալ կընդգծենք ճշմարտություն բառի տակ:
Հայերն ու Ցեղասպանության մյուս զոհերը, ինչպես 100 տարի առաջ խաբվեցին իրենց մոտ հարևաններին, այնպես էլ այսօր՝ հին հարևանների թոռները խաբվում են հեռավոր հարևաններին:
Դիտարկում` եթե Թուրքիայում հայերի կյանքն այսպիսին է, ապա ի՞նչ վիճակում են ետ վերադառնալ ցանկացող կամ վերադառնալու փորձ անող հայեր: Նրանց վիճակն ավելի օրհասական է: «Վարդան» հյուրանոցն այդ օրինակներից մեկն է:
Արմատներով Կեսարիայից և Խարբերդից` ԱՄՆ քաղաքացի Վիկտոր Պետոյանը Վանում մի հյուրանոց է գնում և Թուրքիայում ներդրում կատարում: Հյուրանոցն անվանափոխում է «Վարդան»: Հենց այդ պահին էլ թուրքական մամուլում պնդումներ են շրջանառվում, թե «Վարդան» հայերենով «հաղթանակ» է նշանակում: Իրականում այն նշանակում է «վարդ տվող»: Անմիջապես վարկաբեկող քարոզչություն է սկսվում, հարցը հասնում է թուրքական մեջլիս, և արդյունքում` հյուրանոցը փակվում է: Կեղծ թղթաբանություններով՝ Պետոյանի հյուրանոցը խլում են նրա ձեռքից, և, չնայած ԱՄՆ դեսպանատան և ԱԳ նախարարության միջամտությանը, հարցը լուծում չի ստանում: Պետոյանի վնասը առնվազն միլիոն դոլար է»: