կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-04 17:36
Քաղաքական

Թող իրենց արշինով մեզ չչափեն. Աղվան Վարդանյան

Թող իրենց արշինով մեզ չչափեն. Աղվան Վարդանյան

Այսօր, ամփոփելով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասաց, որ երբ նախաձեռնում էին սահմանադրական  փոփոխությունները, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ հանգելու են խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ երբ նախագահը նախաձեռնեց այդ փոփոխությունները, ցանկանում էր լուծել այն խնդիրները, որոնք առկա էին գործող համակարգում, այդ մասին նա երեկ նշեց իր ասուլիսում: Սակայն սահմանադրական փոփոխությունների գործընթացը,  մասնագիտական հանձնաժողովի մոտ մեկ տարվա աշխատանքները, քննարկումները հանգեցրին նրան, որ լավագույն լուծումը անցումն է խորհրդարանական կառավարման համակարգին:

Ըստ նրա` նախագահի հրամանագրից մոտ 6 ամսի անց հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների առաջին հայեցակարգը, որը ճշգրիտ թվարկում էր մեր երկրում առկա խնդիրները` առաջարկելով երկու ճանապարհ: Մեկն այն է, որ պետք է բարեփոխել գործող կիսանախագահական համակարգը, և եթե ունենք պայմանական 15 պրոբլեմ, ապա կլուծվեն 7-8-ը: Եվ կա երկրորդ տարբերակը` կտրուկ անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, այդ պարագայում 15 պրոբլեմներից 11-12-ը կլուծվեն: Եվ միայն աշնանը հայեցակարգը, Աղվան Վարդանյանի խոսքով, հստակ ուղղություն վերցրեց դեպի խորհրդարանական կառավարման համակարգ:

Պատասխանելով հարցին` չունե՞ն մտահոգություն, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց և իշխանության տեսակետները համընկնում են, Աղվան Վարդանյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին Դաշնակցությունը խոսում է 25 տարի, դա իրենց համոզումն է, իրենց տեսակետներն այլ քաղաքական ուժերի նման չեն փոխել, ընդհակառակը` ուրիշներն են եկել Դաշնակցության այդ համոզմունքին, ուստի որևէ մտահոգություն իրենք չունեն:

«Միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանն էլ է ասում` մածունը սպիտակ է, հո չպետք է փոխենք մեր տեսակետը` ասելով`  մածունը սև է: Ախր լուրջ չի սա: Մեր իրականության մեջ ու քաղաքական կյանքում Դաշնակցությունը եղել է ինքնուրույն, անկախ քաղաքական ուժ և երբեք չի սպասարկել այլ քաղաքական ուժի շահերը: Թող սա ականջներին օղ անեն բոլորը և իրենց արշինով մեզ չչափեն»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Լրագրողները հարցրեցին նաև երեկ նախագահի ասուլիսի մասին, երբ հստակ չդարձավ` նախագահը հավակնելո՞ւ է ղեկավար բարձր պաշտոնի սահմանադրական փոփոխություններից հետո, թե՞ ոչ, մինչդեռ` այդ ասուլիսից առաջ նա հայտարարել էր, որ չի հավակնելու նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոններին:

Աղվան Վարդանյանը նշեց, որ երեկ մամուլի ասուլիսում նախագահը «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանին ասաց, որ կարող է տրամադրել սղագրություն, որ ինքն ասել է նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, հետեւաբար` լրագրողական առաջին գործողությունը պետք է լինի այդ սղագրությունը ձեռք բերելը և համեմատելը:

«Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պետք է դառնա ԱԺ նախագահ: 2018-ին 100 տոկոս համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ են լինելու: Մի տարբերակ կա, որը աբսուրդի ժանրից է` ՀՀԿ համամասնական ցուցակում Սերժ Սարգսյանի անունը գրվի 200-րդ տեղում, այնուհետև ընտրություններից հետո, երբ կավարտվի նրա լիազորությունների ժամկետը, 30-40 հոգին, որ պատգամավոր են դարձել, նաև 160 հոգին էլ դիմում գրեն, դուրս գան, նա մտնի ԱԺ, դառնա պատգամավոր, հետո` ԱԺ նախագահ: Աբսուրդ է, չէ՞»,- ասաց Աղվան Վարդանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելեց, որ եթե 2017-ին խորհրդարանական ընտրություններում, որը 100 տոկոս համամասնական ընտրակարգով պետք է լինի, Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չունենա, ինչպե՞ս Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ: Ըստ նրա` Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ համամասնական ընտրակարգով չի հաղթել, միշտ հաղթել է` համամասնական տեղերին գումարելով մեծամասնական տեղերը: