կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-26 15:24
Իրավական

ԱԱԾ-ն խուզարկել է Արթուր Վարդանյանի հետ հարցազրույց վարած ստուդիայի գրասենյակը

ԱԱԾ-ն խուզարկել է Արթուր Վարդանյանի հետ հարցազրույց վարած ստուդիայի գրասենյակը

Արդեն հայտնել ենք, որ երեկ Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի մոտ հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության, Երևան և Գյումրի քաղաքների քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը:

Ըստ «Արմենպրես»-ի՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ»-ի ստուդիան:

Դեռևս ամիսներ առաջ ռադիոկայանը հեռարձակել էր հարցազրույց «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որում նա խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Հայտնի է, որ նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի պարագլուխը Արթուր Վարդանյանն է: Իսկ «Ռադիո Մարիամը» նույնը օրը` երեկոյան, դադարեցրել է իր հաղորդումների հեռարձակումը: «Արմենպրես»-ը Ղորղանյան 83-ին հարակից տարածքի բնակիչներից տեղեկացել է, որ տանը ողջ օրվա ընթացքում եղել են ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:

Որոշ տեղեկությունների համաձայն` տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել: Այս հասցեում են տեղակայված նաև «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը հիմնադրվել է 2007թ. և առաջարկում է ՏՏ ծառայություններ, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը՝  հայր Անտոն Թոթոնջյանի գլխավորությամբ: Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանն արդեն ավելի քան 11 տարի կրթական, բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի հայ կաթողիկե համայնքներում, այդ թվում ՝ Փանիկ, Ձիթհանքով, Արևիկ, Լանջիկ և Ազատան: