կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 17:32
Քաղաքական

Պետական պաշտոնյաներին ավտոմեքենաներ տալով`սոցիալական խնդիր է լուծվում. Գագիկ Խաչատրյան

Պետական պաշտոնյաներին ավտոմեքենաներ տալով`սոցիալական խնդիր է լուծվում. Գագիկ Խաչատրյան

2016-ի բյուջեի նախագծի քննարկումներից հետո ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ մեր օրերում բոլոր երկրների կառավարությունները գտնվում են ոչ նախանձելի վիճակում: Ըստ նախարարի` քննադատելու, պահանջելու առիթներ շատ կան, քանի որ կյանքի հունն է այդպիսին: Խաչատրյանն արձագանքեց մի քանի պատգամավորների կողմից կառավարության հասցեին հնչեցված քննադատություններին:

«Հայտարարվում է, որ մասսայաբար ՓՄՁ-ները փակվում են: Նախ` պաշտոնական վիճակագրությամբ` 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ` հարկային մարմնում հաշվառված, շրջանառության հարկ վճարող ՓՄՁ-ների թիվը կազմում է 67 հազար 830՝ 2014-ի 58 հազար 163 սուբյեկտի դիմաց, այսինքն` ունենք ոչ թե նվազում, այլ շուրջ 16 տոկոսի աճ: Իհարկե, չեմ բացառում, որ ձեռնարկություններ կան, որոնք փակվում են: Իսկ ինչի՞ են փակվում, որովհետև կառավարությունը գնաց աննախադեպ քայլի՝ շուրջ 2 անգամ բարձրացնելով շրջանառության հարկի շեմը, որպեսզի ՓՄՁ-ները գործեն առավել բարենպաստ դաշտում ու պայմաններում»,- ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «պադավատների» մասին ելույթին: «Փորձ է արվում համեմատել մի երկրի հետ, որը ինչպես ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի կրճատմամբ, այնպես էլ մեքենաների շահագործումը չխրախուսելու գործիքակազմով ձգտում է ամբողջ Եվրոպային ի ցույց դնել, որ այդպիսով կարելի է պայքարել բնապահպանական խնդիրների դեմ»,- նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա` Դանիայում մինչև 24 կմ հեռավորության վրա ապրող պատգամավորների ծախսը փոխհատուցում են, իսկ դրանից հեռու բնակվողների համար գործում է փոխհատուցման այլ եղանակներ:

Նախարարը նշեց նաև, որ, ծառայողական ավտոմեքենաներ տալով, պետական պաշտոնյաների համար սոցիալական խնդիր է լուծվում: «Դանիայում այսպիսի խնդիրներ չկան: 1 ժամվա աշխատանքի համար նվազագույն աշխատավարձը հավասար է 20 դոլարի, իսկ մեր երկրում ՝ 330 դրամ, միջին ամսական աշխատավարձը Դանիայում 3400 դոլար է, մեր երկրում՝ 330 դոլար»,- բացատրեց նա: