կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 16:30
Հասարակություն

Տեգրերիս սպանել են մեր տան դիմաց. գյուղում համատարած կոտորած էր

Տեգրերիս սպանել են մեր տան դիմաց. գյուղում համատարած կոտորած էր

Աղբյուրը՝ armeniangenocide100

Շուշանիկ Գուլոյանի վկայությունը

Վան, Արճակ գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Շուշանիկ Գուլոյանը պատմել է Վանի գավառի Վանի գավառակի Արճակ գյուղի կոտորածի մասին: Նրա ամուսինը և տեգրերը իրենց տանն են եղել, երբ Սուլեյման Հաջիի լամուկը մի քանի թուրքերի հետ եկել է կանգնել տան դիմաց ու կանչել նրանց: Երբ Շուշանիկի տեգրը դուրս է եկել, նրան սպանել են: Շուշանիկի մյուս տեգրոջը ևս սպանել են, ինչից հետո թաքցրել է ամուսնուն ու տղային աթարից սարքած դեզի մեջ և հարսի ու երեխաների հետ գնացել հարևանի տուն: Գյուղում սկսեցին համատարած բոլորին կոտորել:

 

Արճակցի Շուշանիկ Գուլոյեան, 40 տարեկան, այժմ ապրում է 10 Նագորնայա Գաղթականական գրասենեակին կից, օգնում է նորան Գաղթականական մարմինը:

 

«Մեր գիւղին մէջ ապրում էի կռուից առաջ մեր ընտանիքում, որը ունէր 25 անդամ ես, իմ ամուսինս, իմ երկու տեգրներս, երեք էլ եղբօր որդիք` իրենց հարսներով: Ես ունէի 6 երեխայ, 4 երեխայ էլ ունէր մեծ հարսս, միւս հարսս ունէր մի աղջիկ, մի աղջիկ էլ միւս տեգերկինը, մի տղայ էլ պստիկ հարսս, ընդամէնը 25, մնացել ենք այժմ կենդանի միայն 8 հոգի:

 

Իմ մարդ, իր երկու եղբայրները և իր եղբօր տղաները, որոնք չէին փախել գիւղից, նստած էին մեր տան մէջ: Այդ ժամանակ եկաւ մեր քիրվա Սուլէյման Հաջիի լամուկը` մի քանի թուրքերով (ասկեարներ չէին), եկաւ կայնաւ մեր դռան առաջ, կանչեց իմ տեգրոջ և պատուիրեց բռնել իր ձին: Երբ տեգրս մօտեցաւ ձիուն, նորան մեր աչքի առաջ զարկեց սպաննեց և փախաւ ինքը գնաց: Իմ մարդ չգիտէր ինչ անէր դատարկ ձեռքով (գիւղում հրացան չկար): Իմ միւս տեգրոջս էլ Սուլէյման քիւրտը սպաննեց մեր բաղչի մէջ: Այդ բոլորը տեսնելով, ես վերցրի իմ մարդին և իմ տեգրոջս տղային մտցրի ամրոցի մէջ (ամրոցը աթարից շինած դէզ է), ծածկեցի նրանց և եկայ իմ հարսին վերցրի, երեք տղայ նա վերցրեց, երկուսն էլ ես, 7 հոգով գնացինք մեր հարևանի տուն:

 

Գիւղում սկսեցին կոտորել բոլոր մարդկանց, ոմանք էլ փախան՝ այնպէս ազատուեցին: Մեր հարևանի տունը եկան իմ հարսին ինձնից խլելու, ես չէի թողներ, ինծի չարչարեցին և մեզ բոլորիս հաւաքած տարին Հիւքմաթ: Մեզ շրջապատեցին կարաուլներով, տարան մեր գիւղից հեռու մի մեծ բակ լցրին, մեզ 4 շաբաթ այնտեղ պահեցին: Ամէն գիշեր և շատ անգամ ցերեկները կը գային, կը մտնէին մեր մէջ, կ՚ընտրէին մեր միջից գեղեցիկներին և ամէն բան կ՚անէին նրանց հետ և այդպէս շարունակ 4 շարաթ: Մեզնից ջոկեցին 8 մինչև 12 տարեկան երեխաները` 40 հոգի, բոլորին էլ կոտորել էին՝ բացի 6 հոգուց, որոնց ազատել էին` խնայելով նրանց ծանօթներին և ազգականներին:

Հինգ տաճիկ կամ քիւրտ մի կնոջ կը տանէին: Իմ քոյրը, որ չէր թողներ իր հարսը տանելու, այնքան թակեցին, որ նա գետին ընկաւ, յետոյ քիւրտը նստեց նորա վերայ և սկսեց հանգիստ կերպով պապիրոս շինել և քաշել,  յետոյ էլ վերցրեց նորան և սպաննեց: 4 շաբաթ յետոյ մեզ բոլոր կենդանի մնացածներիս, տարան Վան:

 

Մեր գիւղի կոտորածի ժամանակ խփել էին մօրս, եղբօրս տղային և քաւորոջ տղային, իմ եղբօրս սպաննեցին մեր տան առաջ, միւս եղբօրս դաշտում էին սպաննել: Երբ մեզ հաւաքել էին մի տան մէջ, մի տղաս ոտների տակ ընկաւ և մեռաւ, մի տղաս ալ Մարգարա գիւղում մեռաւ գաղթի ժամանակ, միւսը մեռաւ այստեղ` Հայոց գիւղում:

 

Երբ մենք գերութեան մէջ էինք, մեր միջից մի կին էին տարել գիշերը և առաւօտեան բաց էին թողել, ցերեկը եկան նորից նորան տանելու, նա սկսեց դիմադրել, թէ ինձ գիշերը արդէն տարել էք, ինչի՞ էք նորից տանում: Սկսեցին թակել նորան, այնքան թակեցին, որ երեսը արիւնով լցուեց և էլի տարան: Մենք բոլորս այնպէս սարսափած էինք, որ եթէ մի ձայն էինք լսում, սկսում էինք դողալ, թէ եկան մեզ տանելու: Մինչև այժմս էլ մենք սարսափի տակ ենք և չենք կարողանում քնել գիշերները»:

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թ. 29 շրջ.-31 շրջ., բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 80 – 81: