կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 14:47
Մշակույթ

Երկու տարուց կսկսվի արվեստի կոտորած

Երկու տարուց կսկսվի արվեստի կոտորած

Այն, ինչ 2011 թվականին կատարվել է արվեստի ու մշակույթի հետ, սարսափելի կոտորած է: «Եթե էսպես շարունակվի, ապա 2 տարի անց` 2014-2015-ին ընդհանրապես թատրոն չի էլ լինի, իսկ կինոների մասին չեմ էլ ցանկանում խոսել` կարող ա լինեն, բայց դրանք էլ կլինեն հարսանիքի մակարդակի ինչ-որ բաներ, ու արդյունքում կհայտնվենք ավելի վատ վիճակում քան 90-ականներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:

 

Նա պատմեց, որ ունի չորս նոր պիեսներ, բայց դրանք երեք տարի է` չի կարողանում բեմադրել, որովհետև դերասաններ չի գտնում:

 

«Էսօր զանգեմ ամերիկացի կամ այլ երկրի վաստակավոր դերասանի` հեռախոսը կվերցնի, իսկ Հայաստանում զանգում ես 20-21 տարեկան ջահել լակոտների, որոնց դերասան ասելն էլ ա ամոթ, չի վեկալում, հետո էլ ասում ա զբաղված էի չէի կարա վեկալեի»,- դժգոհեց Սահակյանը:

 

Նա նաև հավելեց, որ եթե ժողովրդավարությունը կիրթ ապրելուն դեմ է, ուրեմն ինքը ատում է ժողովրդավարությունը:

 

Վահրամ Սահակյանին  դուր չի գալիս նաև երիտասարդների լսած երաժշտությունը. «Ինչպե՞ս կարելի է. երիտասարդ խուժան երգիչները ճոռոմ-ճոռոմ երգում են, բա որ արդեն աղջիկներն են իրենց երգերը ռաբիսացնում, դա կործանում է: Գեղջկական, գավառային մտածողություն: Ես ցավում եմ, որ այսպես եմ հիմա արտահայտվելու, բայց եթե քայլեր չձեռնարկվեն, ապա 2 տարվա ընթացքում էս պետությունից բան չի մնա, չի լինելու թատրոնը, իսկ էդ արդեն կործանում ա»:

 

Իսկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը հայտարարեց, որ այսօր հեռուստատեսային եւ ընդհանրապես մշակութային կյանքում տիրող անճաշակությունը հատուկ քաղաքականություն է: «Ամենայն անկեղծությամբ այսօր հայտարարում եմ, որ, 2007 թվականից սկսած, ես մեր տանից անջատել եմ հայկական հեռուստաալիքները, որովհետև այսօրվա հեռուստաընկերությունները գովաբանում ու բարձրացնում են ավազակներին, գողերին, իսկ մտածող մարդկանց գցում են երկրորդական պլան»,- նշեց նա ու հավելեց, որ ինքը համագործակցում է միայն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ, քանի որ միայն այս ալիքում է, որ «կրիմինալներ» չեն ցուցադրվում:

 

Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` Կ. Խոդիկյանն ասաց, որ դրանք իրեն շրջանցել են: Իսկ Վահրամ Սահակյանը հայտարարեց. «Ոչ մեկ թող իրեն լավ չզգա էս պետության մեջ, չհելնի ու հայտարարի` պետության տերը ես եմ, պետությունը բոլորինս ա: Թող ինչ-որ մեկը համարձակվի ու ասի` ես եմ պետության տերը, ու տեսեք, թե էդ դեպքում ինչ կանեմ ես»: