Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն նշել ենք, որ այսօր ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը, ով վերջերս գնել է ՀԷՑ-ը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ՀԷՑ-ի հետ կապված առաջիկա անելիքներն ու մարտավարությունը: Նա նշել է, որ ներդնելու է հակաճգնաժամային ծրագիր, իրականացնելու է օպտիմալացում, անզիջում պայքար է մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում` նաև էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու է ընկերության ծախսերը, ինչի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:
Yerkir.am-ի հետ զրույցում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նախկին անդամ Լևոն Զաքարյանն իր տեսակետը հայտնեց Սամվել Կարապետյանի գրասենյակի տարածած հայտարարության կապակցությամբ:
Նախ` Լևոն Զաքարյանը հստակ ներկայացրեց` ինքը կտրականապես դեմ էր, որ ՀԷՑ-ը վաճառվի մասնավոր ընկերության: «Այդ վիճակում այդ ընկերությունը ազգայնացնել էր պետք, դա ամենալավ տարբերակը կլիներ: Անընդունելի է, որ, կիսատ-պռատ աուդիտը դեռ չիրականացրած, վաճառեցին սնանկացման եզրին գտնվող ՀԷՑ-ը մասնավոր ընկերության»,- ասաց նա:
Զաքարյանի խոսքով` դեռ ամիսներ առաջ էին պտտվում խոսակցություններ այն մասին, որ ՀԷՑ-ը պատրաստվում է գնել «Տաշիր գրուպ»-ը, այնինչ` «Տաշիր-գրուպ»-ի գրասենյակը պաշտոնապես հերքում էր այդ տեղեկությունները: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի պատրաստակամությանը` վերացնել համակարգում առկա թերությունները, իսկ ապագայում հնարավոր է նաև ազատել բնակչությանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ամենին վերաբերվում է միմիայն թերահավատորեն:
«Ինձ հավատ չեն ներշնչում նրանց ասած խոսքերը, որովհետև նախկինում էլ շատերը շատ բաներ են խոստացել, բայց հետագայում խոստումները չեն կատարել: Ինչ խոսք, փայլուն տեքստ է գրված: Գլոբալ առումով` իմ ակնկալիքները մեծ չեն: Մի ընկերություն, որը գնել է սնանկացման եզրին կանգնած ու հիմնովին թալանված ՀԷՑ-ը, դա տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հետևաբար, իրենք ժամանակին այդ միտումով են թանկացրել էլեկտրաէներգիան, որ հետո գնեն ՀԷՑ-ը»,- կարծիք հայտնեց Լևոն Զաքարյանը:
Սամվել Կարապետյանն իր տարածած հաղորդագրության մեջ մատնանշել է ՀԷՑ-ում անբարեխիղճ և կոռումպացված երևույթները վերացնելու պատրաստակամության մասին: Լևոն Զաքարյանը ենթադրում է, որ եղել են այնպիսի սուբյեկտներ` իրավաբանական ընկերություններ կամ ֆիզիկական անձինք, ովքեր տարիներ շարունակ չեն վճարել սպառած` խոշոր չափի էլեկտրաէներգիայի դիմաց, գուցե պայմանավորվել են էլեկտրիկի հետ, մեկը մյուսին «լավություններ» արել: Ըստ մեր զրուցակցի` ոչ մեկի համար հայտնագործություն չէ այն, որ էլեկտրիկներն ու տեսուչները «ստվերային» էլեկտրաէներգիա են վաճառել, իսկ դրա դիմաց վճարները գրվել են այլ բնակիչների հաշիվների վրա:
«Հիմա էլ, տեսեք-տեսեք, լավություն են անում ու խոսում են մասին, որ կանեն ամեն ինչ, որ էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա: Դա լավություն չէ: Մարդկանց միջից էլ պետք է դուրս գա այն մտայնությունը, թե Սամվել Կարապետյանն իրենց լավություն է անում նման խոսքերով: Եթե մարդիկ իրենց աշխատանքն են անում ՀԷՑ-ում` դրա դիմաց վարձատրվելով, իսկ դիմացինն էլ բարեխիղճ ձևով վճարում է, ուրեմն պարտավոր են չբարձրացնել սակագինը, այլ ոչ թե դա ներկայացնել որպես լավություն»,- ասաց Լևոն Զաքարյանը: