Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերը, հատկապես` իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանում հաստատվելուց և Բաքվում տված խայտառակ ասուլիսից հետո չպետք է այլևս նրան անդրադառնալ: Սակայն հենց իրավապահ կառույցների՝ իրար հակասող հայտարարություններն են առիթ տալիս օրակարգում պահելու այս թեման:
Միայն ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հայտարարությունները բավական են` եզրակացնելու, որ իրավապահները Մարտիրոսյանի նկատմամբ քննվող գործերին եւ այդ անձին առհասարակ ի սկզբանե մատների արանքով են նայել: Ըստ Գորիկ Հակոբյանի՝ տարրական բան է` բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը, եւ այդ նույն մարդիկ կարող են անցնել Ադրբեջան: Հիմա մի քանի «տարրական բաներ», որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմելու, թե արդյո՞ք անձը, գտնվելով հետախուզման մեջ, կարող էր հատել հայ-վրացական սահմանը կամ Վրաստանում գտնվելու ընթացքում, Հայաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվելով, հանգիստ հատել վրաց-ադրբեջանական սահմանը:
Մինչ այդ նշենք, որ yerkir.am-ն այս կապակցությամբ գրավոր հարցումներ է ուղարկել ինչպես ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, այնպես էլ Վրաստանի ներքին գործերի նախարարություն:
Ի պատասխան մեր հարցմանը՝ Վրաստանի ՆԳՆ-ից մեզ հայտնել են, որ իրենք Վ. Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու իրավասություն չունեն:
ՀՀ ԱԱԾ-ին ուղղված մեր այն հարցին էլ, թե Վահան Մարտիրոսյանը ե՞րբ է վերջին անգամ հատել հայ-վրացական սահմանը, և արդյո՞ք նա այդ ընթացքում հետախուզման մեջ է գտնվել, ԱԱԾ-ն հրաժարվել է տեղեկություն տրամադրել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին (մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը):
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վ. Մարտիրոսյանի կողմից վրացական սահմանն ապօրինի հատելու կամ հատելու փորձի վերաբերյալ տեղեկատվություն հայտնել է ՀՀ ԱԱԾ-ին, մեզ պատասխանել են.
«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի պետական սահմանը հատելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն չունի»:
Նշենք, որ խոսքը վերաբերում էր սահմանն ապօրինի հատելուն: Իսկ համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագրի` կողմերը պարտավոր են միմյանց տեղեկատվություն տրամադրել իրենց պետությունների քաղաքացիների կողմից որևէ կողմի պետական սահմանի անցակետերով անօրինական անցման փորձերի վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ.Մարտիրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է եղել չհեռանալու մասին ստորագրությունը, և եթե ընդունենք, որ նա սահմանը հատել է հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, ստացվում է, որ այդ մասին վրացական կողմը պետք է հայտներ ՀՀ ԱԱԾ-ին: Սակայն մեր այն հարցին` արդյո՞ք Մարտիրոսյանի ՝ ՀՀ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտվելու պայմաններում վրացական կողմը կարող էր նրան թույլ չտալ հատել սահմանը, ԱԱԾ-ից պատասխանել են. «Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել»: Այսինքն` ԱԱԾ-ն վերջապես պաշտոնապես հաստատում է, որ Մարտիրոսյանը սահմանը հատելու պահին հետախուզման մեջ չի եղել:
Իսկ եթե ընդունենք, որ Մարտիրոսյանը հայ-վրացական սահմանը հատել է օրինական, այսինքն` մինչև նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը՝ սեպտեմբերի 9-ը, և դա համեմատենք ադրբեջանցի իրավապաշտպանի՝ սեպտեմբերի 17-ին արված այն հայտարարության հետ, ըստ որի` Մարտիրոսյանի՝ Ադրբեջան տեղափոխվելու օպերացիան տևել է 10 օր, ստացվում է, որ առնվազն 10 օր, իսկ հետախուզում հայտարարելուց հետո` 8 օր, Մարտիրոսյանն ընտանիքի հետ եղել է Վրաստանում:
ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցությա մասին համաձայնագրի համաձայն՝ կողմերը պետք է համագործակցեն հետախուզման մեջ գտնվող՝ նախաքննությունից թաքնվող մեղադրյալների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս: Այսինքն` Մարտիրոսյանի՝ Հայաստանում քննվող գործերով ունեցած դատավարական կարգավիճակն ամբողջությամբ տեղավորվում է այս համաձայնագրով կարգավորվող դրույթների շրջանակում:
Հայտնի է, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվում է, եթե նրա գտնվելու վայրը պարզ չէ, կամ նա թաքնվում է քննությունից: Ըստ Քննչական կոմիտեի՝ դեռևս օգոստոսի 31-ին Քննչական կոմիտեն ՀՀ ոստիկանությանը պաշտոնական գրություն է ուղարկել` պահանջով գտնել Վահան Մարտիրոսյանին և օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով թույլ չտալ նրան ու նրար ընտանիքին` դուրս գալ երկրից: Իսկ հետախուզում հայտարարելուց հետո օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինը, բնականաբար, առաջինը պետք է պարզեր՝ արդյո՞ք տվյալ քաղաքացին լքել է հանրապետությունը, թե՞ ոչ: Իսկ Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալը թերևս այնքան էլ բարդ և ժամանակատար գործընթաց չէ, մանավանդ`ոստիկանության համար:
Իսկ ո՞րը պետք է լիներ ոստիկանության հետագա քայլը: Ըստ վերոհիշյալ համաձայնագրի՝ կողմերը (Հայաստան-Վրաստան) հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրում են ինչպես հարցման, որը կարող է լինել բանավոր, էլեկտրոնային տարբերակով կամ հաղորդակցության ցանկացած այլ միջոցներով, այնպես էլ առանց հարցման, եթե այդպիսի տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ լինել երկրորդ կողմի համար: Այսինքն` ոստիկանությունը բանավոր կամ գրավոր հարցման եղանակով կարող էր, ինչու չէ` նաև պարտավոր էր կապ հաստատել հարևան երկրի համապատասխան իրավասու մարմինների հետ՝ պարզելու Մարտիրոսյանի գտնվելու վայրը, և պայմանավորվածություն ձեռք բերել նրան հայկական կողմին հանձնելու վերաբերյալ:
Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձանց հանձման առնչությամբ կողմերի միջպետական հարաբերություններն էլ կարգավորվում են Հայաստանի և Վրաստանի միջև հանձման մասին պայմանագրով:
Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի վերը նշվածը, նշենք, որ եթե իսկապես Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեր այն օրը, որը ներկայացվել է պաշտոնապես, և նրան հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ջանքեր գործադրեին, ապա նրա՝ Հայաստանից Վրաստան տեղափոխվելը կամ Վրաստանից Ադրբեջան հասնելու հավանակությունը զրոյական կլիներ:
Մենք թվեցինք առնվազն երեք համաձայնագիր և պայմանագիր, որոնց դրույթներից օգտվելով` ՀՀ իրավապահները կարող էին կանխել մեր երկրի քաղաքացու (եթե անգամ նա սրիկա է) փախուստը Հայաստանից: Կնքված պայմանագներն ու համաձայնագրերը զուտ ձևական բնույթ չպետք է կրեն անհրաժեշտ պահին՝ մնալով թղթի վրա:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ