կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 12:31
Քաղաքական

Միջազգային հանրության երկակի ստանդարտների կիրառման դեպքում Հայաստանին մնում է հույսն իր վրա դնել. Հովհաննես Սահակյան

Միջազգային հանրության երկակի ստանդարտների կիրառման դեպքում Հայաստանին մնում է հույսն իր վրա դնել. Հովհաննես Սահակյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե ` «եթե ՀՀ զինված ուժերը դուրս չբերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ապա մենք ստիպված կլինենք օգտվել մեր` ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածով սահմանված` ինքնապաշտպանության իրավունքից»:

Հովհաննես Սահակյանի խոսքով` ադրբեջանցիները դա էլ անում են, այսինքն` ինքնապաշտպանվում են, բայց իրենց ժողովրդից: Ըստ նրա` Ադրբեջանի վերջին գործողությունների բովանդակությունը նույնն է, իհարկե, դրա մասին մոռանում են իրենք` ադրբեջանցիները, սակայն հայերը լավ էլ հիշում են, որ ցանկացած կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանը սադրում է սահմանային լարվածություն: Հարց է առաջանում` ինչո՞ւ, Ադրբեջանի նպատակը ո՞րն է: «Որովհետև Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման գործընթացին նպաստող որոշակի քայլեր ձեռնարկել ու խնդիրը հանգուցալուծել: Պատրաստ չէ, որովհետև չունի ներքին ժողովրդավարություն: Ալիևն իր իշխանությունը պահելու համար միայն պատերազմ և ագրեսիա է հրահրում, փոխանակ գնան խաղաղ կարգավորման ուղղությամբ: Եվ այսպիսով` իրենք իրենց ժողովրդից ինքնապաշտպանվելու համար փորձում են սահմանին հրահրել լարվածություն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ինչ վերաբերում է նոր զինադադարի կնքման հավանականությանը, ինչի մասին ակնարկել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ պատերազմը այն տեղը չէ, որը բոլորին ձեռնտու կարող է լինել: Պատերազմն ունի շատ վատ հետևանքներ` սկսած անդառնալի մարդկային կորուստներից մինչև երկրի տնտեսության քայքայում: Բայց եթե պատերազմ պարտադրում են, ըստ Հովհաննես Սահակյանի, ապա չպետք է պասիվ կեցվածք ընդունել ու հայտարարել, որ չես ուզում պատերազմ: Այդ դեպքում հնարավոր է պարտադրել ոչ միայն նոր զինադադարի պայմանագիր, այլև պետք է հակառակորդին դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ այդ պայմանագիրը լինի էլ ավելի ամբողջական:

Ադրբեջանի հրահրած ագրեսիայի նկատմամբ ՀԱՊԿ-ի անտարբերության վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան զինվորականների քննադատության մասին պատգամավորը նշեց, որ ամեն մեկը հույսն իր վրա պետք է դնի: «Ես` որպես հայ տղամարդ, որն ունի ընտանիք, երեխաներ, ծնողներ, իմ հույսը դնում եմ նախևառաջ սահմանին կանգնած զինվորների վրա»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանը չի դիմում որևէ կառույցի օգնությանը, որովհետև վստահ է իր ուժերին:

Ինչ վերաբերում է բարոյական աջակցությանը կամ քննադատող հայտարարություններին, որոնք այդպես էլ չեն հնչում ՀԱՊԿ-ի կողմից, ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ եթե Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի ագրեսիան քննադատող հայտարարություն, ապա չպետք է դա ակնկալի միայն ՀԱՊԿ-ից, այլ ողջ միջազգային հանրության կողմից:

 «Միջազգային հանրությունը չպետք է կիրառեր իրեն բնորոշ երկակի ստանդարտները, այլ հստակ գնահատական կամ վերաբերմունք արտահայտեր: Չի կարելի, այս կամ այն աշխարհաքաղաքական շահերից ելնելով, հանդուրժել Ադրբեջանին ամեն ինչ, բայց նույնը չհանդուրժել մեկ այլ տարածաշրջանում գտնվող մեկ այլ պետության նկատմամբ, որն ընդամենը փորձում է իր շահերը պաշտպանել: Սա արդեն երկակի ստանդարտներ կիրառելու դասական, ցայտուն դրսևորում է միջազգային հանրության հիմնական դերակատարում ունեցող երկրների ու կառույցների կողմից: Այս դեպքում մեզ ի՞նչ է մնում անել, հույսը դնել մեզ վրա»,- ասաց Հովհաննես Սահակյանը: