կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 23:05
Հասարակություն

Հայաստանում ներկայում գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ ավելի քան ութ տասնյակ ձեռնարկություններ. Հովիկ Աբրահամյան

Հայաստանում ներկայում գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ ավելի քան ութ տասնյակ  ձեռնարկություններ. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Ինչպես հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.


«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, Գերմանիայի դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Գերմանիայի Միասնության օրվա առթիվ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար հոկտեմբերի 3-ը, իրավամբ, նշանակալի օր է: 25 տարի առաջ` 1990 թվականին այդ օրը, իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այն նաև եվրոպական և համաշխարհային նշանակության իրադարձություն էր, քանզի բեռլինյան պատի փլուզումը  ազդարարեց տոտալիտար վարչակարգերի մի ամբողջ դարաշրջանի ավարտը` սկիզբ դնելով  Արևելյան Եվրոպայի պետությունների ազատ ու ժողովրդավարական զարգացմանը և իր ազդեցությունը թողեց համաշխարհային հետագա գործընթացների վրա: Այսօր միացյալ Գերմանիան միջազգային բեմահարթակում կարևոր դերակատար է, ակտիվ մասնակցություն ունի գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև իր ծանրակշիռ ներդրումն է բերում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանմանը:


Գերմանիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից:  Մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի հետ համագործակցության խորացումը և ընդլայնումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով,  այդ թվում` Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման համար բարենպաստ հիմք են հանդիսանում  մեր երկու ժողովուրդների միջև դարավոր պատմամշակութային կապերը, ինչպես նաև Գերմանիայի բազմահազարանոց հայկական համայնքի գործոնը:


Ավելի քան երկու տասնամյակների միջպետական համագործակցության ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորվել և հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել Հայաստանի Ազգային ժողովի և Գերմանիայի Բունդեսթագի միջև:  Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Գերմանիան Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ Եվրամիության երկրների մեջ` առաջինը:  Հայաստանում ներկայում գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ ավելի քան ութ տասնյակ  ձեռնարկություններ: Գործում է ֆինանսատեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, որը առանցքային դերակատարում ունի համագործակցության ծրագրերի ընտրության հարցում:  Հատուկ ուզում եմ շեշտել նաև մեր երկու երկրների զինված ուժերի միջև սերտ համագործակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման շրջանակներում Աֆղանստանում: 

Հայ-գերմանական փոխշահավետ  համագործակցության ցանկը կարելի է երկար շարունակել: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ մեր  երկկողմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Լիահույս եմ, որ փոխադարձ ջանքերի ներդրմամբ  մեզ ոչ միայն կհաջողվի պահպանել, այլ է\'լ ավելի խթանել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` այդ հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու երկրների բարեկամության ամրապնդման:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել  բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ՝ Գերմանիային մաղթելով հետագա առաջընթաց, իսկ բարեկամ գերմանացի ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»: