Աղբյուրը՝ armeniangenocide100
Ականատեսի պատմությունը
Աղբյուրը՝ armeniangenocide100
Ականատեսի պատմությունը
Հայոց ցեղասպանությունը հրաշքով վերապրած հայ որբերից մեկը, ում անունն անհայտ է, հետագայում պատմել է, թե ինչ սարսափների միջով է անցել, որքան ստորացվել ու ծեծվել և ինչերի ականատեսը եղել: Նա հիշել է, թե ինչպես է բազմաթիվ հոշոտված դիեր տեսել, բռնաբարված կանանց, մայրերի, որ վիրավոր ու ուժասպառ սողացել են դեպի իրենց երեխաների դիերը: Նա տեսել է թուրքերի ու քրդերի վայրագությունները, հայերին սպանելու նրանց անհագ ծարավը. այնքան էին հայերի հանդեպ ատելությամբ լցված, որ ուզում էին նահատակվածները հարություն առնեն, որ նորից տանջեն, սպանեն, կոտորելու հաճույքը վայելեն:
Ականատես եղայ այնպիսի սարսափներու, որոնց յիշատակն իսկ փուշ-փուշ կ՚ընէ մազերս, այսքան տարիներ յետոյ:
Աչքովս տեսայ, թէ ի՛նչպէս թուրք ու քիւրտ հօտաղները կ՚երթային կարաւաններէն դեռատի աղջիկներ կ՚ընտրէին ու կը բերէին վայրագօրէն կը լլկէին: Յետոյ կը շպրտէին մէկդի: Սակայն դահիճները ատով չէին գոհանար…
Տեղ մը աղիքները թափուած մէկը սողալով կը քշուի քովի դիակին կողմը, աղիքները պարանի պէս ետեւէն քաշելով, կը հասնի դիակին: Ո՛վ գիտէ, իր եղբօրը կամ զաւկին անշնչացած դիակն է, որ դահիճներու անխնայ սուրով ինկած էր: Տեղ մը, վիրաւոր մը, ծարաւէն` նեխած ճահճէն ումպ մը ջուր խմելու համար, եղունգներով կը ճանկռտէ գետինը, հասնելու համար արեւէն եռացած տղմուտ ջուրին…
Երբ քիւրտին տունը մտայ ծառայութեան, առաջին օրէն սկսաւ խաչակրութիւնս: Թունաւոր լեզու կը գործածէին հայու հասցէին, այնքան ատելութեամբ լեցուած էին,որ կ՚ուզէին նահատակուածները կրկին յարութիւն առնեն, որպէսզի կոտորելու, ջնջելու, սպաննելու հաճոյքը վայելեն…
Օր մը խոզան արտի մը մէջ տաւարը կարածեցնէի: Նստած էի մելամաղձոտ ու կը մտածէի… Յանկարծ երեւցաւ դև աղաս, հեւալով մօտեցաւ և սկսաւ ապտակել: Չէի կրնար փախչիլ: Փշոտ էր արտը և ոտքերս ուռած էին: Հարուածներուն տակ գետին փռուեցայ: Այս անգամ աքացիով սկսաւ տրորել: Զարկաւ անխղճօրէն, աղաչանքներս օգուտ չըրին: Կը յանդիմանէր կատղած:
- Խընզըր կեավուր, այսպէս չոր խոզաններուն մէ՞ջ կ՚՚արածեն տաւարը: Ես գիտեմ որ կովերուն կաթը երթալով կը նուազի: Քանի քանի անգամներ այսպէս ոտքերուն տակ քաշկռտուած եմ քմահաճօրէն: Գալարուիլս է տեսած և հրճւած է…
Որոշ գործ մը չունենալով, սուրհանդակի պէս ներս դուրս կը ղրկուէի։ Տարիքս կը ներէր ինծի որ հարէմէն ներս մտնէի: Պէտք եղած առարկայ մը տանիլ-բերել էր գործս կամ «տիվան»էն խօսք մը հասցնել հարէմին, ևն:
Երբ առաջին անգամ մուտք գործեցի հարէմէն ներս, անմիջապէս նշմարեցի մռայլ և թախծոտ դէմքեր, որ լուռ իրենց գործերը կը կատարէին: Բոլորը ինծի կը նայէին արտասուալից աչքերով: Հայ կիներու և մանկամարդ աղջիկներու խեղճուկ նայուածքները զգետնեցին զիս, գանկս փոթորկեցաւ…
Մանուկներ և պատանիներ բռնի իսլամացուած` իրենց վշտի ծանրութեան տակ կքած, մեծ ցաւը կ՚ողբային: Շատերը հօտաղներ էին դարձած և չէին կրնար կուլ տալ արիւնոտ հացը: Կարաւան մը անցաւ: Ու ես թաքստոցէս դիտեցի հայ աղջկան մը լլկուիլը ժանտարմաներու կողմէ: Մօրը խոշտանգուիլը տեսայ աչքերովս: Փոքրիկ տղեկ մը լալահառաչ նահատակ մօրը շուրջը կը դառնար ու կը ճչար:Հուսկ յետոյ, ժանտարմային մէկը բռնեց եռամեայ պզտիկին գռուզ մազերէն ու վեր օդին մէջ բարձրացուց ու այնպէս մը զարկաւ ժայռին, որ գանկը պայթեցաւ և ուղեղը դուրս թափեցաւ:
Հազիւ կրցաւ ճչալ. «մա՜ ա՜… » ու անշնչացաւ: Քիչ մնաց ճչայի ցաւիս սաստկութենէն ու ինքզինքս մատնէի թաքստոցէս: Բայց ակռաներովս շրթունքս ուժգին խածի և խեղդեցի հոգւոյս աղաղակը: Մարած էի ուշակորոյս…
Խրալեան Մ., Բալահովիտ (Հայ որբի մը ապրումները հայաջինջ սարսափներէն), Հայրենի հիշատակարան, Սոֆիա, 1938, 169 էջ, էջ 40–89: