Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ` հանրապետական փուլը, որին մասնակցում էր 44 մանկավարժ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Ավանդույթի համաձայն` հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին` Ուսուցչի օրը, նրանք կստանան պարգևներ, իսկ «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթողներին ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ:
Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը, ով նույնպես մասնակցում է մրցույթին, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթը եզակի հնարավորություն է ընձեռում` ներկայացնել տարիների ընթացքում արվածը:
«Մեր ամենալավ «գովազդը» ծնողն է, սակայն շատ հաճախ մենք մեր աշխատանքը կատարում ենք, և այն մնում է մեր դպրոցի պատերի ներսում, իսկ սա միջոց է` հանրությանը ներկայացնելու արվածը: Այնուամենայնիվ, մանկավարժը միշտ պետք է հիշի, որ իր գնահատական տվողը ծնողն ու աշակերտն են»,- ասաց նա:
Ըստ Միրզոյանի` ժամանակը շատ արագ է ընթանում առաջ, և մանկավարժները հիմա պետք է կարողանան շատ արագ քայլել ժամանակի հետևից, քանի որ աշակերտն այսօր շատ ավելի է տեղեկացված` համակարգչի միջոցով: «Լինում են դեպքեր, որ աշակերտը համացանցից ինչ-որ բան է ճշտում և գալիս, սկսում է ուսուցչին հարց տալ: Բոլորովին կարիք չկա վատ զգալու, որ պատասխանը չգիտես, ուղղակի աշակերտին պետք է ասել, որ հարցին մանրամասն պատասխանելու համար այն կուսումնասիրեք և հաջորդ դասին կպատասխանեք: Մանկավարժը պետք է երեխային ներգրավի դասերի մեջ, քանի որ ժամանակները փոխվել են, երեխաների հետաքրքրությունները` նույնպես»,- ասաց նա:
Միրզոյանի կարծիքով` վերջին տարիներին պետությունը շրջվել է դեպի դպրոցը և անում է ամեն ինչ, որ դպրոցները կայանան: