կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 15:39
Հասարակություն

ՍԴ անդամը դեմ է ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ նորմին

ՍԴ անդամը դեմ է ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ նորմին

ՍԴ անդամ Կիմ Բալայանը, այսօր լրագրողների հետ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հասարակության մտահոգությունների մասին, նշեց, որ ինքը ևս ունի մտահոգություններ` սկսած շարադրանքի ձևից, վերջացրած համամասնությունների ու ընդհանուր կանոնների արհեստական տարբերակումներով: Եվ օրինակները բազմաթիվ են: Ըստ Կիմ Բալայանի` արհեստական տարբերակումների օրինակ են ՍԴ դատավորների տարիքային ցենզին վերաբերող դրույթները:

Կիմ Բալայանը լրջագույն խնդիր համարեց նոր Սահմանադրության նախնական նախագծում անվտանգության ապահովման երաշխիքների հարցը: «ՀՀ անկախության հռչակագրում ասված է, որ ԶՈՒ-ն պետք է լինի խորհրդարանի ենթակայության տակ, իսկ նոր Սահմանադրությամբ ԶՈՒ-ն հանձնվում է գործադիր մարմնին: Այս տեսակետից խորապես ուսումնասիրություններ է պետք կատարել, պետք է ավելի ճկուն մեխանիզմ լինի, ոչ թե այն, որը հիմա կա նախագծում»,- ասաց նա:

Բալայանի խոսքով` մտահոգիչ են նաև դատական համակարգի վերաբերյալ դրույթները, քանի որ չի տեսնում դատական համակարգի անկախության նոր երաշխիքներ:

ՍԴ անդամի մտահոգություններից մեկն էլ աղմկահարույց` երկրորդ փուլի անցկացման և կայուն մեծամասնություն ձևավորելու հարցն էր: Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները այդ հարցի վերաբերյալ բերում են այնպիսի օրինակներ, որոնք համոզիչ չեն: Կայուն մեծամասնություն ստեղծելը կարևոր գաղափար է, որ պետությունը ցնցումների մեջ չընկնի, սակայն այսքան ժամանակ, երբ անօրինական Սահմանադրություն ենք ունեցել, անգամ այդ ժամանակ ցնցումներ չեն եղել, իսկ եթե եղել են ինչ-ինչ խնդիրներ, ապա դրանք եղել են ՍԴ օրենքների ոչ ճիշտ կիրառման պատճառով:

«Երկրորդ փուլի ստեղծումը արհեստական է ու չի բխում ո\'չ մեր պայմաններից, ո\'չ սովորույթներից: Այդ նորմը արհեստականորեն ներմուծված է»,- ասաց Կիմ Բալայանը:

Հարցին` ի վերջո, ի՞նչ կարծիք ունի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ, հանրաքվեի ժամանակ «այո» կքվեարկի, թե` «ոչ», Կիմ Բալայանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ հարցում «սև»-ի ու «սպիտակ»-ի տարբերակումներ անել: Նրա խոսքով` նոր Սահմանադրության նախագիծը մեկ քայլ առաջ է` օրինականության տեսակետից, քանի որ չի հակասում Անկախության հռչակագրին, ժողովրդավարության տեսակետից` նույնպես, քանի որ ժողովուրդը հանրաքվեների միջոցով իրացնում է իր իշխանությունը:

«Բայց դրական բաների առկայությունը չի նշանակում, որ պետք է աչք փակենք բացասական բաների վրա: Ես ո՞նց կարող եմ այսօր ապագայի ընտրության «այո»-ն ու «ոչ»-ն ասել, եթե առաջիկայում փոփոխություններ պետք է արվեն: Ես այն մարդը չեմ, որ թաքցրել է իր տեսակետը, ու ես միշտ փորձել եմ ծառայել օբյեկտիվությանը»,- ասաց ՍԴ անդամը: