կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 18:43
Հասարակություն

Ապօրինի ներմուծել են չգրանցված դեղեր եւ մեծածածախ վաճառել

Ապօրինի ներմուծել են չգրանցված դեղեր եւ մեծածածախ վաճառել

Առողջապահական պետական տեսչության կողմից հուլիսի 7-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն, խախտելով ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմամբ հաստատված գործող կարգը, ԵԱՏՄ տարածքից` Ռուսաստանի Դաշնության «Բուկաև.ռու» ՍՊԸ-ից 2015թ. մայիսի 27-ին ՀՀ տարածք է ներմուծել մեծածախ քանակներով շուրջ 40 անվանում տարբեր դեղեր։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և նշում, որ ընկերությունը նախարարությունից սահմանված կարգով չի ստացել համապատասխանության հավաստագիր (ազատ շրջանառության համար թույլտվություն)։ 

Պարզվել է նաև, որ ներկրված դեղերից «Էնտերոլ» 250մգ դեղապատիճ N10, (սերիա թիվ 1487, 1507)-ը գրանցված չէ ՀՀ-ում, բացակայում է ՀՀ տարածք դեղերի օրինական ներմուծված սերիաների ցանկից և փաթեթը չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված տարբերակին:

ՀՀ-ում չգրանցված դեղ ներմուծելու, պահպանելու և իրացնելու համար «Վագա Ֆարմ» ՍՊԸ տնօրենը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 473-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկել է վարչական տույժի:
Տեսչության կողմից «Վագա Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրվել է նաև  կարգադրագիր՝ ապօրինի ներկրված դեղերի մանրա-մեծածախ իրացումը անհապաղ դադարեցնելու, արդեն իրացված չգրանցված դեղերի հետ կանչ  իրականացնելու, դրանք ոչնչացնելու կամ հետ արտահանելու, ներմուծման ժամանակ փորձաքննություն չանցած ներկրված դեղերը սահմանված կարգով ՀՀ ԱՆ փորձաքննության ներկայացնելու,  խախտումները վերացնելու և իրավական ակտերի պահանջները մշտապես կատարելու համար:

 Միջոցառումներ են իրականացվում նմանատիպ այլ ներմուծումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

 Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանված պահանջի համաձայն՝ դեղատները և դեղատնային կրպակներն իրավունք ունեն ձեռք բերել և վաճառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։