Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կոտայքի մարզում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տեղական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և մարզումների համար ստեղծված պայմաններին:
Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ և փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ըմբշամարտի, բոքսի և ձյուդոյի համար, շենքի մի հատվածում վարչական անձնակազմի համար կառուցվել են աշխատասենյակներ: Նախագահին ներկայացրել են նաև մարզադպրոցի հարակից տարածքում կառուցված խաղահրապարակը՝ մեծ թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի համար: Մարզադպրոցի շենքը հագեցած է ջեռուցման, օդափոխության և հակահրդեհային արդի համակարգերով և ամբողջությամբ կահավորվել է մարզական գույքով: Այս կրթօջախում ստեղծվել է 25 աշխատատեղ՝ 14 մարզչական և 11 վարչական հաստիքներով՝ շուրջ 130,000 դրամ միջին աշխատավարձով:
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը ևս: 2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 2015թ. հունիս ամսին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում, ըստ պատասխանատուների, գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական շուրջ 50,000 հատ հանքային ջրի շշալցում (տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ): Ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8,000-12,000 շիշ՝ 1 ժամում: Շշալցման տեխնոլոգիան ներառում է հանքային ջրի տեղափոխումը աղբյուրից մինչև պահեստարան, ջրի պահեստավորումը, հանգստացումը և մշակումը: Ջրի որակի հսկողությունն իրականացվելու է գործարանի լաբորատորիայի միջոցով: Առաջիկա ծրագրերի շարքում նոր ներդրումներ են նախատեսված պոլիէթիլենային շշերի հոսքագծի տեղադրման նպատակով: Վերագործարկման արդյունքում գործարանում բացվել է շուրջ 80 աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելուց հետո աշխատակիցների թվաքանակը կհասցվի 180-ի: Նախագահին ներկայացրել են նաև ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները՝ առաջիկա 1-2 տարում գործարանի տարածքում չիչխանի բնական հյութի, յուղի և կոմպոտների արտադրության կազմակերպում, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:
Գործարանի արտադրանքի՝ «Սևան» պիտակով ջրերի համար շուկա է հանդիսանալու ԱՊՀ տարածքը, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունը, ջուրը կարտահանվի նաև Եվրոպա և ԱՄՆ:
Գործարանի տարածքում առկա են նաև ձկնաբուծության և խեցգետնի աճեցման համար ջրավազաններ, որոնցում բուծվում է շուրջ մեկ տոննա ձուկ (իշխան և թառափ տեսակի): Ըստ գործարանի պատասխանատուների, ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է 4 ջրավազաններում տարեկան 2-3 տոննա արտադրական հզորությամբ խեցգետնի տնտեսության հիմնում, իսկ 10 ջրավազանների հզորությունը թույլ է տալիս ձկնաբուծությունը հասցնել տարեկան 5 տոննայի, որը հնարավորություն կտա կազմակերպել նաև ձկնամթերքի արտահանում:
Գեղարքունիքի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի Լիճք համայնքում գտնվող «Տեխնոման» ընկերության ածխաթթու գազի կորզման արտադրական համալիր, որտեղ Նախագահին ներկայացվել են ընկերության կատարած ներդրումներն ու հետագա զարգացման ծրագրերը: Նշվել է, որ 2012թ. հիմնադրված ընկերության հիմնական նպատակն է՝ բարձր որակի բնական ածխաթթու գազի արտադրությունը, որի մաքրությունը կազմում է 99.9%: Համալիրի կառուցման, ինչպես նաև հոսքագծերի պատվիրման և տեղադրման աշխատանքներն սկսվել են 2013թ. առաջին եռամսյակում, ավարտվել՝ 2014թ. սեպտեմբերին: Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5,000 տոննա CO2 գազ, որից 2,000 տոննան նախատեսվում է իրացնել Հայաստանում, իսկ 3,000 տոննան արտահանել Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունում ներկայումս աշխատում է 11 մարդ՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով:
Հանրապետության Նախագահն այնուհետև Մարտունի քաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ դեռևս 1952թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012թ. հոկտեմբերին և ավարտվել՝ 2015թ. հուլիսին: Աշխատանքների արդյունքում շենքը դարձել է եռահարկ, լսարանների թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 19: Կառուցվել են հանդիսությունների դահլիճ և դասասենյակներ: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ` շենքի ամբողջ ծավալով: Վերակառուցվել է ներքին ջեռուցման ցանցը` մասնակի օգտագործելով գոյություն ունեցող համակարգը, անցկացվել է նոր վերգետնյա գազատար: Ջրամատակարարման ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Երաժշտական դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով: Դպրոցն ունի 23 աշխատակից, որոնց թիվը հիմնանորոգումից հետո կավելանա ևս 7-ով՝ 95,000 դրամ միջին աշխատավարձով: Մինչ հիմնանորոգումը դպրոց է հաճախել 190 երեխա, կանխատեսվում է, որ նոր պայմաններում սաների թիվը կավելանա 50-ով:
Աշխատանքային այցի ավարտին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը, որն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ՝ 2005 թվականից ի վեր: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: