կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 15:33
Քաղաքական

Խայտառակ դիվանագիտական պարտություն` ԵԱՀԿ-ում

Խայտառակ դիվանագիտական պարտություն` ԵԱՀԿ-ում

Հուլիսի 9-ին Հելսինկիում աշխատանքներն ավարտած` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Հայաստանի շահերի տեսանկյունից խայտառակ մի հռչակագիր, որն ամբողջությամբ հակադրվում է ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի տրամաբանությանը և աղավաղում դրա առանցքում ընկած` ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի էությունը: Հռչակագրին մաս կազմող 13 բանաձևերից մեկը վերաբերում է ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտություններին և դրանց կարգավորմանը:

«ԵԱՀԿ տարածքում միջպետական հարաբերությունների կոնտեքստում Հելսինկյան սկզբունքներին հավատարմության մասին» վերնագրով այդ բանաձևում կամ հռչակագրում ԼՂ-ն բառացիորեն ներկայացվում է որպես Ադրբեջանի մաս: Հռչակագրի 5-րդ կետի ներքո ԽՎ-ն խորը անհանգստություն է հայտնում ԵԱՀԿ տարածքում շարունակվող կոնֆլիկտների կապակցությամբ` կոնկրետացնելով, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի «տարածքներին»:

Չնայած 9-րդ կետով հռչակագրում շեշտվում է հելսինկյան սկզբունքների, այդ թվում` տարածքային ամբողջականության և սեփական ճակատագիրը տնօրինելու` ժողովուրդների իրավունքի իրավահավասարությունը, սակայն հետագա կետերում Վեհաժողովն ինքն է խախտում այն` ինքնորոշման իրրավունքը դուրս թողնելով հակամարտությունների կարգավորման սկզբունքների շրջանակից և շեշտելով, որ ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունները, այդ թվում` նաև ԼՂ հիմնահարցը պետք է լուծվեն բացառապես Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքի շրջանակում: Այս ձևակերպումները բառացիորեն արտացոլված են Հռչակագրի 13-րդ, 15-րդ կետերում:

ԼՂ հիմնահարցի կարգավորման պրոցեսի առումով առավել վտանգավոր է 13-րդ կետը, որով Վեհաժողովն իրեն իրավունք է վերապահել, ոչ ավելի, ոչ պակաս, ինքնորոշման իրավունքը դիտարկել տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում: Այդ կետի տակ սևով սպիտակի վրա գրված է, որ ԽՎ-ն «աջակցում է ժողովուրդների իրավահավաարության սկզբունքին և նրանց ինքնորոշման իրավունքին` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, այդ թվում` պետությունների տարածքային ամբողջականության վերաբերմամբ, և այս կապակցությամբ ընդգծում է, որ դա չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ցանկացած գործողության արտոնում»:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Հռչակագրի 14-րդ կետով ԽՎ-ն աջակցություն է հայտնում կոնֆլիկտների հետևանքով Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի` փախստական դարձած բնակչության` իրենց տները վերադառնալու իրավունքին` ոչ մի ակնարկ անգամ չանելով, մասնավորապես, հայ փախստականների մասին: Ակնհայտ է, որ ԼՂ հիմնահարցը պարզապես կուլ է գնացել Ուկրաինայի հարցում Արևմուտքի հակառուսական քաղաքականությանը:

Ո\'չ 2013թ. Սպամբուլի հռչակագրով, ո\'չ էլ նույնիսկ 2014թ. Բաքվի հռչակագրով նման միակողմանի ձևակերպումներ չեն եղել: Հելսինկիի հռչակագրի վրա ազդել են վերջին մեկ տարվա ընթացքում հենց հատկապես Ուկրաինայում կատարված իրադարձությունները և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների բնույթը: ԵԱՀԿ ԽՎ-ն փաստորեն, փորձելով Ռուսաստանից պաշտպանել Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, փորձել է ընդհանրական մոտեցում ամրագրել առհասարակ ԵԱՀԿ տարածքի բոլոր հակամարտությունների կարգավորման նկատմամբ, և ԼՂ հիմնահարցում հայկական կողմի հետաքրքրությունները պարզապես զոհաբերվել են այդ ընդհանրական մոտեցումներին: Մինչդեռ Կոսովոյի հիմնահարցի շրջանակներում, երբ նշվում էր ինքնորոշման սկզբունքի կիրառումը նախադեպային դարձնելու մասին, նույն ԵԱՀԿ անդամ եվրոպական երկրները, ԱՄՆ-ը համառորեն համոզում էին, թե յուրաքանչյուր կոնֆլիկտ առանձնահատուկ է, և դրանց կարգավորմանը ևս պետք է ցուցաբերվի հատուկ վերաբերմունք:

Փաստորեն, երբ այդ սկզբունքի կիրառումը բխում է Արևմուտքի շահերից, հակամարտությունների կարգավորմանը առանձին մոտեցում ցուցաբերելու սկզբունքը դառնում է ընդունելի, երբ չի բխում` ընդունելին համարվում է բոլոր հակամարտությունները մեկ կաթսայում եփելը: Երկակի ստանդարտների կիրառման, միջազգային իրավունքի նորմերը կամայական մեկնաբանության ենթարկելու ավելի վայրենի, կույր դրսևորում հնարավոր չէ գտնել:

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ հելսինկյան հռչակագրին հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը դեմ էր քվեարկել: Եթե այդ քվեարկության պատճառը հռչակագրին մաս կազմող այս խայտառակ բանաձևն է, ապա հասկանալի է` ինչու: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ պատվիրակության մյուս անդամները` Ստեփան Դեմիրճյանն ու Ստեփան Մարգարյանը, չեն մասնակցել քվեարկությանը: Բոլոր դեպքերում պատվիրակությունն իր չափով նպաստել է նման հակահայկական փաստաթղթի ընդունմանը: Պուտինի և Ռուսաստանի հանրային պաշտպանի դերը ստանձնելու` Գեղամյանի վարքագիծը չէր կարող թեկուզ հոգեբանորեն չազդել Վեհաժողովի պատվիրակների վրա, և ԼՂ հիմնահարցը այդ ընդհանուր կաթսայում եփելու` ադրբեջանական ձգտումները բավարարելով` նրանք պարզապես պատժել են Հայաստանին:

Իրավիճակը վտանգավոր է, նրանով, որ նման բովանդակությամբ հռչակագիրն ընդունվում է մի կազմակերպության ներսում, որի հովանու ներքո է տեղի ունենում ԼՂ հիմնահարցի կարգավորումը: Սա ո\'չ ԵԽ-ն է, ո\'չ էլ ԵՄ-ն: Եթե նույնիսկ հռչակագիրը իրավական ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ կարգավորման գործընթացի վրա, կարող է ԵԱՀԿ-ում ԼՂ հարցում քաղաքականության վերանայման հիմքեր դնել:

Այս տեսակետից Հելսինկիում հայաստանյան դիվանագիտությունը կրել է ջախջախիչ պարտություն: Սրա պատասխանատուն արտգործնախարարությունն է, եթե նույնիսկ հայկական պատվիրակությունը կամ Արտաշես Գեղամյանը Հելսինկիում գործել են ինքնուրույն:

Գևորգ Դարբինյան