Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորաշենի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
«2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվածք (30-ից 40 տոկոս), ձախ արմնկային շրջանի պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ, ով հայտարարել է, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու իրական հանգամանքները, դեպքի վայրը։
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն -Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել է Նորաշեն գյուղի 61-ամյա բնակչի և համագյուղացու միջև, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է նրա ձախ ձեռքին, այնուհետև բենզինը լցրել է վրան ու այրել, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ տուժողը հասցրել է հեռանալ դեպքի վայրից, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Նույն օրը՝ դեպքից ժամեր անց, 61-ամյա տղամարդու համագյուղացին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ բենզինը համագյուղացու վրա լցրել ու հրկիզել է ինքը:
Վերջինս ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ։