Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Գյումրի այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը սուլել է`կիթառով եւ նվիրել գյումրեցիներին: Մենք, օրինակ, պետք է ուրախանայինք, որ մեր երկրի վարչապետը այլ երկրների նախագահների ու վարչապետների նման, «սլուխ» ունի: Մարդը ոչ միայն տնտեսություն վարել գիտի, այլեւ երգում է, նվագում ու սուլում...
Իսկ հատկապես ինչի՞ վրա է սուլում վարչապետը: Գուցե նա ոգեւորվել է իր կերտած գիտելիքահեն տնտեսությա՞մբ, գուցե նոր բյուջեի՞ վրա է սուլում, որով 5 հազար դրամ ավելանալու է նվազագույն աշխատավարձը, հավակնոտ տնտեսական ծրագրերի՞: Օֆշորի՞... Վարչապետ մարդ է, հենց այնպես չի սուլի, ուրեմն մի բան հաստատ կա:
Տիգրան Սարգսյանը սուլելուց զատ նաեւ խոսել է, թե` կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի, եւ որը Գյումրիում աղքատությունը կկրճատի, արտագաղթի տեմպերը եւս:
Վարչապետը այցի է գնացել հերթական աղքատ մարզը ու բնական է, որ մարդկանց երջանիկ կյանք պետք է խոստանա: Բայց չի նշել, թե այդ ինչպես են կարողանալու աշխատատեղեր բացել, ինչ հրաշքով են Գյումրում կյանքը բարելավելու, այն էլ՝ շուտով: Այս քաղաքում երկրաշարժից 25 տարի անց դեռ հետքերը չեն մաքրվել ու արդեն երկրորդ սերունդն է տնակային պայմաններում մեծանում, իսկ վարչապետը հիմա խոստանում է, որ լավ են ապրելու, շուտով... Ու չկան երաշխիքներ: Կա միայն սուլոց` կիթառով...
Այս տարվա օգոստոսի 9-ին էլ նույն վարչապետը «Միասին» երիտասարդական շարժման ամառային ճամբարի մասնակիցների առջեւ կրկին կիթառով մի երգ կատարեց` «Բարով եկար, սիրուն կռունկ, ի՞նչ լուր բերիր հայրենիքես...»: Երգի ընտրությունը հատկանշական է. վարչապետը, պարզվում է, տեղյակ չէ իր կառավարած երկրից ու աչքը կռունկի ճամփին է:
Իսկ ի՞նչ լուր բերեց կռունկը վարչապետին. նա արդյոք ասա՞ց, որ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում աղքատությունը խորացել է ու պաշտոնական թվերով հասել 36 տոկոսի, իսկ ոչ պաշտոնական թվերով՝ 80 տոկոսի: Ասա՞ց կռունկը, որ Հայաստանում այդքան մարդ ամեն օր սոված է մտնում անկողին: Կռունկը վարչապետին տեղեկացրե՞ց, որ ինչ ինքը վարչապետ է՝ մոտ 200,000 հայրենակից ապաստան է գտել այլ երկրներում, կան նաեւ տարվա կտրվածքով թվերը՝ 2008թվականին՝ 23,100 մարդ է մեկնել անվերադարձ, 2009-ին՝ 25,000, 2010-ին՝ 46,700, 2011-ին՝ 43,800, 2012-ին՝ 48,100: Այս տարի պարբերաբար ուշացնում են հրապարակումները' որպես լուռ ապացույց այն բանի, որ ավելի վատ է վիճակը: Իսկ Մաքսային միությանն անդամակցությունը էլ ավելի շատ թվով մարդկանց կդրդի բնակութուն հաստատել Ռուսաստանում:
Իսկ ասա՞ց կռունկը, որ գնալու հիմնական պատճառը ոչ միայն սոցիալականն է,այլեւ բարոյահոգեբանական, երկրում տիրող անարդարությունը, ոչ հավասար իրավունքները, օրենքի գերակայության բացակայությունը մարդկանց ստիպում են ապագան փրկել այլ երկրում, որտեղ գուցե ոսկե սարեր չկան, բայց գոնե ավելի վատ չէ, քան այստեղ: Կռունկը դժվար թե ասած չլինի, որ այս ամենի արդյունքում ՄԱԿ-ը կանխատեսել է. որ 20 տարի անց ունենալու ենք տարեցների կրկնապատկված թիվ:
Իսկ գուցե կռունկն ասաց, որ ներդրումները Հայաստանում 2013 թվականի առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 8,6 % տոկոսով, որն ամենացածր ցուցանիշն է ԱՊՀ երկրների շարքում' Ուկրաինայից հետո: Կռունկը հավելեց նաեւ, որ ուղղակի ներդրումները 35 տոկսով են պակասել' նախորդ տարվա համեմատ, իսկ նախորդ տարի էլ նույն չափով պակասել էր 2011-ի համեմատությամբ:
Ու նաեւ հասկացրած կլինի կռունկը, որ այդ տեմպերով դժվար կարողանան աշխատատեղ բացել Գյումրիում, որի խոստումը վարչապետը տվեց, մանավանդ որ գործարարների մի մասն արդեն բիզնեսն արտահանում է հարեւան երկիր` վարվող հարկային քաղաքաականության պատ-ճառով:
Հայաստանից 2013 թ. հունվար-օգոստոսին արտահանումը կազմել է մոտ 952 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 2,7 մլրդ դոլար: Այսինքն՝ ներմուծումը երեք անգամ ավելի է: Այս մասին տեղյա՞կ է վարչապետը: Կամ գուցե կռունկը լուր բերեց հայրենիքից, որ կարկուտից բազմաթիվ գյուղեր տուժեցին ամբողջությամբ` չստանալով շոշափելի օգնություն, եւ բնակիչները կապեցին ճամպրուկները: Կա խոշորամասշտաբ գնաճ` գազի, լույսի, ուսման վարձերի, առաջիկայում` տրանսպորտի, բայց ընդամենը 45 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, որն այնքան քիչ է, որ գնալ ցանկացողները ավտոբուսի տոմս չեն կարող գնել:
«Կռունկ»-ը պանդխտության երգ է, վարչապետն էլ պանդուխտ է մեր երկրի տնտեսությունից ու կռունկից պետք է լուր իմանա, թե ինչպիսին է իր երկիրը: Վատ է, Տիգրա'ն ջան, շատ վատ, ու Դուք էլ նպաստում եք պանդխտության աճին:
Ախ էնքա՜ն բան կա հայրենիքից պատմելու...
Ահարոն Համբարձումյան
Հ.Գ. Գյումրեցիները պատմում են, որ մեկ անգամ դարձյալ Գյումրիում վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին տվել է խոստումներ, թե` մենք արդեն լավ ենք ապրելու, մենք պետք է լավ ապրենք: Հանդիպմանը ներկա գյումրեցիներից մեկը «խոսքը շաքարով կտրել» է. «Հը բը մե՞նք»: