Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաղրամյան պողոտայում կատարվածը կանխատեսելի էր: Պողոտայի սկզբնամաս հասնելուց հետո ցուցարարները միայն գիտեին, թե ինչու են գնում նախագահական, նրանց նպատակն էր նախագահին ստիպել կասեցնել ՀԾԿՀ-ի կայացրած` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը: Եթե ցուցարարներն ավելի հասուն գտնվեին և առաջնորդվեին սթափ բանականությամբ, այլ ոչ թե զգացմունքներով, թերևս, հաշվի կառնեին, որ իրավական առումով նախագահը ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը կասեցնելու իրավասություն չունի, և այդ պահանջի հասցեատերը նա չէ: Եթե նա նույնիսկ նման հրահանգ իջեցներ, գործելու էր Սահմանադրությունից դուրս: Չի կարող տրամաբանական լինել, որ մի դեպքում նախագահի կողմից պետական իշխանության մարմինների գործունեությանը միջամտելը, ուղղորդելը լինի դատապարտելի, մեկ այլ դեպքում` ողջունելի:
Սա չի նշանակում, թե ցուցարարներն իրենց պայքարում ու պահանջներում սխալ էին: Սա նշանակում է, որ նրանք ընտրել էին այդ պայքարն առաջ մղելու, հաջողության հասնելու` ոչ մի տեղ չտանող ճանապարհ: Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը փոխելու համար նախագահին պահանջներ ներկայացնելն ավելի շատ վկայում էր խնդիրը քաղաքականացնելու և այն հակաիշխանական կամ հեղափոխական պրոցեսի վերածելու տրամադրությունների մասին: Որքան էլ պարզ է, որ դրա ենթատեքստը ՀԷՑ-ի նման լկտի գործունեությունը դադարեցնելու հարցում իշխանության անգործությունն ու իրական պատասխանատվությունն ընդգծելն է, նման շեշտադրումը հանրությանը դրդում է զգուշավորության: Առավել ևս, երբ այդ տրամադրությունները գեներացվում են ԵՄ դրոշների ներքո:
Եթե նույնիսկ խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը իշխանափոխության քաղաքական պրոցեսի վերածելն էր, միանգամից նախագահին պահանջներ ներկայացնելը սխալ էր տակտիկապես: Որովհետև դա տանում է փակուղի, քանի այդ դեպքում իշխանությունը կոմպրոմիսի գնալու ավելի քիչ հակվածություն էր ցուցաբերելու:
Ի՞նչ անել
Ոստիկանական պատնեշին բախվելուց հետո ցուցարարներն այլևս չգիտեին իրենց հետագա անելիքները: Ոմանք պնդում էին կատարել Ազատության հրապարակ վերադառնալու և այդպիսով ոստիկանությանն ուժ կիրառելու հնարավորությունից զրկելու տարբերակը, մյուսները` մինչև վերջ տեղից չշարժվելու: Ցուցարարների պատվիրակությանն ընդունելու և խնդիրը նրանց հետ քննարկելու առաջարկը մերժելուց հետո Ազատության հրապարակ վերադառնալը լինելու էր նահանջ` հանգեցնելով հանրային հերթական հիասթափության: Բայց դա առաջացած իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու միակ տարբերակն էր: Տեղում մնալը անկասելիորեն հանգեցնելու էր ոստիկանության կողմից ուժի կիրառման, ինչը և տեղի ունեցավ` առանց պահանջատեր հանրության համար որևէ շոշափելի արդյունքի: Բաղրամյան փողոցում մնալու որոշումը տրամաբանական կլիներ այն դեպքում, եթե գիշերը մարդկանց թիվը ոչ թե նվազեր, այլ ավելանար: Դա հնարավոր էր միայն հանրությանը փողոցում պահելու մեթոդաբանություն կիրառելու դեպքում: Այդ հմտությանը, սակայն, ցուցարարները չէին տիրապետում: Պատահական չէ, որ ոստիկանությունը վճռական գործողությունների դիմեց հենց այն ժամանակ, երբ փողոցում ամենաքիչ թվով մարդիկ էին մնացել:
Բայց ուժի կիրառման հիմնական շարժառիթը ոչ այնքան դա էր, որքան բացվող օրվա հեռանկարից երկյուղը: Գիշերային իրենց սխրանքով այդ մի խումբ երիտասարդները ոգի էին տալիս հանրությանը, և չէր բացառվում, որ այսօր արդեն Բաղրամյան փողոցում տասնյակհազարավոր մարդիկ հավաքվեին հանրապետության ողջ տարածքից: Այդ դեպքում ուժի ցանկացած կիրառում անկանխատեսելի հետևանքներ էր ունենալու: Ջրցան մեքենաները հենց այդ հեռանկարը խափանեցին:
Ի՞նչ էր լինելու, եթե երթի մասնակիցներն ընդունեին հանդիպելու` նախագահի առաջարկը: Դատելով նախկին նմանատիպ փորձից` այդ հանդիպումը ոչնչի էլ չէր կարող հանգեցնել: Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների մեջ մտած բոլոր սուբյեկտները, լիդերները ձախողվել են: Դատելով երթի մասնակիցների համառությունից ու նպատակասլացությունից` դրանից հետո նրանք ավելի ուժեղ էին շարունակելու պայքարը: Բացի դրանից` ընդունել նման առաջարկ, նշանակելու էր համաձայնել բանակցել կոմպրոմիսային ինչ-որ լուծումների շուրջ: Իսկ հանրության պահանջը միանշանակ էր: Ընդառաջ գնալը նշանակելու էր նահանջ սկզբունքային կետից, ինչը տանելու էր ձախողման:
Ի՞նչ եղավ
Այս ակցիայի տապալման հիմնական պատճառը երիտասարդության անփորձությունն էր, տարերայնությունը և զգացմունքայնությունը: Բայց սա բացարձակապես չի նվազեցնում նրանց արածի հասարակական-քաղաքական, հոգեբանական արժեքը: Երիտասարդները չնահանջեցին, անգամ` ջրի շիթերի ուժեղ ճնշման տակ` ցույց տալով իշխանության ուժից չվախենալու` հեղափոխական ոգին: Միաժամանակ, չկատարեցին որևէ լուրջ իրավախախտում, ամբողջ գիշերվա ընթացքում ոչ մի սադրանքի չտրվեցին` ցույց տալով, թե ինչպես կարելի է պայքարել առանց ատելության, առանց ոչնչացնելու տրամադրվածության, առանց մաղձի: Եվ այս որակը միակ երաշխիքն է, որը կարող է շարունակություն հաղորդել սկսված պայքարին և հայաստանցուն, ի վերջո, դարձնել Հայաստանի քաղաքացի:
Բաղրամյան փողոցում կատարվածը շարժման վերջը չէր: Այլ կարող է դառնալ դրա ծավալման ջրբաժանային կետը: Սա մտածողության հեղափոխություն է:
Կանխատեսելի էր նաև իրավիճակը հանգուցալուծելու` ոստիկանության ընտրած տարբերակը: Նման հանգուցալուծումներ անցած 23 տարվա ընթացքում հասարակությունը տեսել է բազմիցս: Բայց այս անգամ ոստիկանության գործողությունները շատ ավելի սառնասիրտ էին, ինչ-որ տեղ ավելի համբերատար` անկախ ներկայումս նրա գործողությունների նկատմամբ խիստ զգացմունքային վերաբերմունքից: Ոստիկանությունն արեց այն, ինչ սպասում են նրանից նման իրավիճակներում: Որքան էլ փորձ արվեց հանդես գալ հրեշտակի կերպարով, ի վերջո, ոստիկանությունն ի հայտ բերեց բոլոր հիմնական արատները` քաղաքացիական հագուստով անձանց ներգրավում, ցույցը ցրելու ժամանակ դրսևորած անհամաչափ դաժանություն, քաղաքացու նկատմամբ անթաքույց ատելություն, արհեստական իրեղեն ապացույցներով ցուցարարների գործողություններում հանցակազմի որոնում ու սեփական քայլերի ու որոշումների արդարացում:
Եվ, այնուամենայնիվ, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հիմնական մեղավորը ոստիկանությունը չէր: Իշխանությունը չպետք է թույլ տար, որ բանը հասներ ոստիկանության գործողությանը: Երեք օր իշխանությունը տեղյակ էր նստացույցի մասնակիցների, ընդհանուր առմամբ` ողջ հասարակության պահանջին` վերանայել թանկացման որոշումը: Սակայն իրեն պահում էր այնպես, կարծես ո\'չ այդ հանրային պահանջը կար, ո\'չ Ազատության հրապարակի նստացույցը, ո\'չ էլ Բաղրամյան փողոցով նախագահական շարժվելու «սպառնալիքը»: Նախագահը ցուցարարներին ընդունելու պատրաստակամություն է հայտնում միայն այն ժամանակ, երբ երթն արդեն շարժվում էր Մաշտոցի պողոտայով: Որևէ կոմպրոմիս իշխանությունը հասարակությանը չառաջարկեց: Մինչդեռ` այս շարժումը արժանապատվություն, ինքնիշխանություն դրսևորելու հնարավորություն էր: Եթե իշխանությունը բավարար խոհեմություն ու համարձակություն ունենար, այս շարժումը կարող էր օգտագործել` ռուսական կողմին զիջումների մղելու համար: Բայց դրա փոխարեն, ինչպես միշտ, նախընտրությունը տրվեց սեփական հասարակության բերանը ամենակոշտ միջոցներով փակելու, հասարակության կամքը կոտրելու միջոցով ռուսական շահերը սպասարկելուն, Եվգենի Բիբինի ապահովությունն ու անարգել ցինիզմի շարունակումը երաշխավորելուն: Երևի պետք էր, որ հասարակությունն իրեն նույնքան նվաստացած զգա բիբինների կողքին, որքան իշխանությունն է ինքն իրեն զգում:
Գևորգ Աղաբաբյան