կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 18:15
Քաղաքական

Բա էդ ինչպե՞ս է Օլանդը հանդիպում Մերկելի հետ. Շարմազանովը՝ ՀԱԿ-ին

Բա էդ ինչպե՞ս է Օլանդը հանդիպում Մերկելի հետ. Շարմազանովը՝ ՀԱԿ-ին

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ քաղաքական բոյկոտը, որի մասին խոսում էին որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, չստացվեց, և դրա վառ ապացույցն այն է, որ թե\' լսումների ժամանակ, թե\' այսօր բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները իրականացնում են բովանդակային քննարկում:

Ըստ Շարմազանովի` նախագահ Սարգսյանի հետ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումները ցույց տվեցին, որ այս փաթեթի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա, և չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ և քննարկել այս կարևորագույն հարցը:

«2007 թվականից ես այս դահլիճում աշխատում եմ, իմ ավագ ընկերները` շատ ավելի շատ երկար, և քաղաքական մեր օրակարգի մշտական խնդիրներից մեկը եղել է այն, որ կա քաղաքական մենաշնորհ, կա կոռուպցիա, ամեն ինչ որոշում է մի թիմ, ամեն ինչ որոշում է մի անձ, ամեն ինչ ղեկավարվում է մի կենտրոնից, 41 մեծամասնական տեղերը բոնուս են իշխանության համար, անհրաժեշտ է անցում կատարել համամասնական համակարգի, անհրաժեշտ է հավասարակշռել իշխանության թևերը: Այդ դուք էինք ասում, չէ՞: Հիմա ի՞նչ է պատահել, ինչի՞ն եք դեմ: Դեմ ե՞ք, որ 41 մեծամասնական տեղերը, ինչպես, որ դուք եք ներկայացնում` բոնուսը էլի պահպանի ՀՀԿ-ն: Դեմ ե՞ք, որպեսզի համամասնականը լինի 100 տոկոսանոց, ինչը, որ դուք ասել եք: Դեմ ե՞ք, որպեսզի ընդդիմության լիազորությունն ավելանա: Դեմ ե՞ք, որպեսզի ԱԺ-ի փոխնախագահներից մեկը լինի ձեր խմբակցության ներկայացուցիչ: Դեմ ե՞ք, որպեսզի գլխավոր դատախազին, Վերահսկիչ պալատի նախագահին, օմբուդսմենին, ՀՌԱՀ նախագահին, ԿԸՀ-ի նախագահին և բազում այլ պաշտոնյաների ընտրենք ընդդիմության հետ կոնսենսուսի հասնելու ճանապարհով»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա` չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթը կապել մի քաղաքական գործչի քաղաքական ճակատագրի հետ. սահմանադրական բարեփոխումների փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի:

«Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է և երկար ժամանակ լինելու է ՀՀԿ-ի առաջնորդը: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, գնացեք, ՀԱԿ-ին ձայն տվեք: Ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Ես հասկանում եմ ձեր զգացմունքային ելույթների որոշ ելևէջներ , որովհետև դուք ինքներդ ձեր խմբակցությունում չեք կարողանում մեծամասնություն ապահովել, դուք Ձեր խմբակցության անդամներին չեք կարողանում համոզել, որ դրա անհրաժեշտությունը չկա: Եկել եք, այստեղից մատով ի՞նչ եք ցույց տալիս մեր խմբակցությանը: Դուք մի հատ ձերոնց համոզեք, նոր եկեք` մեզ համոզեք: Չի կարելի այդպես: Ասում եք` եթե կարգը փոխվի ինչպե՞ս պետք է վարչապետը, որպես պետության ղեկավար, հանդիպի նախագահների հետ: Օբաման ինչպե՞ս է Մերկելի հետ հանդիպում, այդ ո՞նց է՝ Օլանդն ու Սարկոզին կարող են Մերկելի հետ հանդիպել: Ախր, եթե փաստարկներ եք ներկայացնում մի քիչ ավելի գրագետ եղեք, մի քիչ ավելի ուշադիր եղեք: Եթե ուզում եք դառնալ իշխանություն, մասնակցեք ընտրություններին: Նախագահական ընտրություններին չեք մասնակցում, ՏԻՄ ընտրությունները վերջերս են եղել՝ չեք մասնակցել, բայց գալիս եք այստեղ, գնահատականներ եք հնչեցնում»,- ասաց Շարմազանովը: