|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր լրագրողները գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեցին, թե կառավարության ներկայացրած` «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունը նպատակ չունի՞ ավելացնել պետական պարտքը: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ օրենքի փոփոխությունը պարտքի չափը չի ավելացնում:
«Մենք ունենք հետևյալը` կա պետական պարտքի սահմանափակում, որը պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսն է: Պետական պարտքը երկու բաղադրիչ ունի` պարտք, որը գոյանում է կառավարության գործունեության արդյունքում, և պարտք, որը գոյանում է Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում: Ընդհանուր պետական պարտքը որոշակի չափի հասնելուց հետո ենթադրում է որոշակի պարտավորություններ, որոնք վերաբերում են պետական բյուջեի պակասուրդին: Պետական բյուջեի պակասուրդը կառավարության պարտավորությունն է, այսինքն` կարգավորումները վերաբերում են կառավարությանը, իսկ սահմանափակումը դրված է պետական պարտքի համար, որն ունի նաև Կենտրոնական բանկի բաղադրիչը: Հիմա իմ ասածն այն է, որ այս փոփոխությամբ Կենտրոնական բանկի պարտք ներգրավելու հնարավորությունը չի ավելանում և չի պակասում: Այս պահին էլ Կենտրոնական բանկն ազատ է, և եթե հանկարծ որևէ պատճառով Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում պետական պարտքի չափն ավելանա, ոչ ոք չի կարող Կենտրոնական բանկին մեղադրել այս օրենքը խախտելու մեջ, որովհետև սա Կենտրոնական բանկի համար առաջացնում է անուղղակի պարտավորություններ: Կենտրոնական բանկը սահմանադրությամբ ստեղծված մարմին է, որն իր գործողություններն իրականացնելու համար կարող է պարտք ներգրավել: Այս փոփոխությամբ, որպես հետևանք, մաթեմատիկական տրամաբանության իմաստով, իհարկե, պարտք ներգրավելու հնարավորությունն ավելանում է»,- պարզաբանեց նա:
Ջանջուղազյանը հավելեց, որ սա ամենևին չի նշանակում, որ մենք մոտ ենք սահմանագծին և դրան չհասնելու համար է այս նախագիծը ներկայացվում: «Կառավարությունն այսօր 1.5 միլիարդ դոլարի պարտք ներգրավելու հնարավորություն ունի: Նաև ասել եմ, որ չկա տեղ, որտեղ պատրաստ են մեզ այդ գումարը տրամադրել: Ես նաև ասացի, որ եթե նման նպատակ լինի, կբերենք նախաձեռնություն և կասենք, որ ցանկանում ենք պարտք ներգրավել»,- ասաց նա: