կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 20:40
Իրավական

Քրեական գործ՝ բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքի առթիվ

Քրեական գործ՝ բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։

 2015թ. հունիսի 16-ին` ժամը 13:55-ին, «Արմավիր բժշկական կենտրոն»-ից  ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է:

 Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց ընդուվելիս երեխայի վիճակը եղել է միջին ծանրության, բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ քիչ անց մահացել է:

 Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառը։ Զննություն է կատարվել երեխայի բնակության վայրում, և սննդամթերքից, ջրից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատասննդային փորձաքննություն: 

 Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։