Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնկալում ենք համահարթեցման չեղարկում, նախագծի հետ կանչում ու լրամշակում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա նշեց, որ նախաձեռնության նպատակներից է լսելի դարձնել ցածր եկամուտ ունեցողների և մասնագետների ձայնը, որոնք բազմիցս ահազանգել են համահարթեցման` սխալ լինելու մասին: «Լավ կլիներ, որ կառավարությունն այդ մարդկանց լսեր, ոչ թե նեղ խմբի շահեր սպասարկեր»,- ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին` Քրիստինեն համոզմունք հայտեց, որ այն հարվածում է ցածր եկամուտ ունեցող մարդկանց, որոնք երկրի բնակչության մեծամասնություն են կազմում:
«Նպատակը մեկն է, որ շատ եկամուտներ ունեցողներն ավելի շատ հարստանան, քիչ ստացողները` աղքատանան: Սա ավելի է խորացնելու հասարակության շերտերի միջև բևեռացվածությունը»,- բացատրեց նախաձեռնող խմբի անդամն ու հավելեց` իրենց հետագա գործողությւոնները բխելու են կառավարության արձագանքից` հետ կկանչվի՞ աղմկահարույց նախագիծը, թե՞ ոչ:
Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Անուշ Համբարձումյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ, կառավարության շենքի դիմաց դրամապանակներ նետելով, ցանկանում էին ցույց տալ, որ միջին ու ցածր խավին համահարթեցումն էլ ավելի կաղքատացնի:
«Խնդրի լուծումն այն կլինի, որ կառավարությունը կա՛մ վերանայի համահարթեցման մասը, կա՛մ պահպանվի պրոգրեսիվ մոդելը, կա՛մ էլ ավելի լավ լուծում առաջարկի, որն ի շահ բոլորի կլինի»,- ընդգծեց Անուշը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները եկամտային հարկի համահարթեցման առաջարկի դեմ օրեր առաջ էլ ԱԺ-ի այգում էին բողոքի ակցիա իրականացրել և բաց նամակ հղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին: Երիտասարդները ԱԺ բակում հավեր էին բաց թողել: