Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշման նախագիծ՝ գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 15 մլն դրամ Ջերմուկ քաղաքի մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի համար: Նախարարի խոսքով՝ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն:
Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է միջավայրում միջատների, այդ թվում` մոծակների դեմ պայքարի կազմակերպումը: Վարակի տարածման գործում միջատները մեխանիկական կամ կենսաբանական գործոն են, այսինքն` մի քանի հիվանդությունների հարուցիչները միջատի միջոցով մեխանիկորեն փոխանցվում են, մյուս դեպքում` հարուցիչները միջատի օրգանիզմում անցնում են կենսաբանական զարգացման որոշակի փուլ` պայմանավորելով տվյալ հիվանդության հետագա ընթացքը:
Միջատների կենսագործունեության բնական միջավայրերը` չմշակվող արոտավայրերը, կանգնած, չհոսող ջրային միջավայրերը, օրգանական թափոնների կուտակումները, անտառածածկ վայրերը, անասնապահական նշանակության օբյեկտները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները մի շարք վարակիչ հիվանդությունների բնական օջախներ են:
Կարևոր խնդիրներից է նաև հանգստի ընթացքում միջատների կծող և խայթող ազդեցությունից մարդկանց մոտ ալերգեն դրսևորումների և դրանից բխող հետևանքների առաջացումը:
Նախագծով իրականացվելու է Ջերմուկ քաղաքում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, միջատների, այդ թվում` մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:
Նախագծի իրականացումից ակնկալվում է մոծակների սեզոնային ակտիվության ժամանակահատվածում համաճարակային և սանիտարական կայուն իրավիճակի ստեղծում, մոծակների միջոցով կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ և արյունամակաբուծային հիվանդությունների բռնկման, զարգացման և տարածման կանխարգելում, արոտային շրջանում գյուղատնտեսական կենդանիներին միջատների հարձակումից հնարավորիս պաշտպանության ապահովում, որը կնպաստի նաև արոտային շրջանում կենդանիների բարձր մթերատվության և արյունածուծ միջատների միջոցով արյունամակաբուծային հիվանդություններով վարակման կանխում, հանգստի գոտում մոծակների քանակական դրսևորմամբ պայմանավորված մարդկանց սեզոնային ալերգիկ դրսևորումների նվազեցում, միջատների կենսաբանական ակտիվության ժամանակահատվածում մարդկանց սննդի անվտանգության ապահովում: