Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ լսումներում, երբ քննարկվում էր համայնքների խոշորացման հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցեր ուղղեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին:
«Սահմանադրությամբ հղում են կատարում, որ համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են միացվել կամ առանձնացվել: Ինչպե՞ս է չափվում հանրության շահը, ո՞վ է չափում, ի՞նչ չափորոշիչներով: Որքանո՞վ է տրամաբանական, տեղին ու ճիշտ տեղական հանրաքվեի արդյունքները հաշվի չառնելը կամ այդպիսի փորձ անելը, արդյո՞ք դա նպաստում է երկրում ժողովրդավարության զարգացմանը:
Պիլոտի մասին երբ խոսում ենք, ինչո՞ւ մեկ պիլոտ էլ չի կիրառվում շրջանային կառավարման վերաբերյալ, ինչո՞ւ ենք վերցրել միայն փնջային կառավարման մոդելը, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ մոդելն է ավելի արդյունավետ: Սահմանադրական փոփոխությունների գործընթացի ներկա փուլում որքանո՞վ է տրամաբանական նման հապճեպ քայլ կատարելը` չսպասելով սահմանադրական փոփոխություններին, որովհետև սահմանադրական փոփոխությունները ենթադրում են տեղական ինքնակառավարման մոդելի փոփոխություն»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ խոշորացումը ենթադրել է ավելի շատ մասշտաբների փոփոխություն, քան բովանդակության: «Միգուցե բովանդակային փոփոխություն էլ կանենք հետագայում, պիլոտների մեջ այդ կարգի խնդիրներ դեռ չենք նախատեսել: Շրջանային մոդելը չենք հակադրում փնջային տարբերակին: Փորձագիտական մակարդակում դուրս ենք եկել փնջային մոդելի վրա: Պիլոտային ծրագրերը չեն բացառում շրջանային մոդելը: Պատրաստ ենք քննարկել շրջանայինի մոդելը, պարզապես այն ռիսկ ունի, որ տեղական ինքնակառավարումը կարող է նսեմացվել, և ավելի մեծ ակնկալիքներ կառաջանան` պետական միջամտության հետ կապված, որ համայնքները կդառնան կենտրոնին նայող միավորումներ»,- ասաց փոխնախարարը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ, օրինակ, Դիլիջանը քաղաքային միջավայր ու շրջանային տրամաբանություն ունի: Եվ եթե Դիլիջանը արդյունավետ աշխատեց շրջանայինի մոդելում, ապա կընտրվի այդ մոդելը:
«Ապագայում անպայման լինելու է շրջանային մոդելը, սա պրոցես է, որից դժվար է խուսափել, որովհետև դա նշանակում է դեմ գնալ բնական տենդենցներին»,- ասաց նա՝ հավելելով, որ կա ՀՀ նախագահի դիրքորոշումը, որ ամեն ինչ պետք է անել դրական արդյունքով:
Փոխնախարարը նշեց, որ 1996թ. վարչատարածքային բաժանումը իրականացվել է` հանրության շահերից ելնելով: Եվ հիմա կառավարման տեսանկյունից ավելի էֆեկտիվ է փնջային տարբերակը: Խոսելով հանրաքվեի մասին` նա կարծիք հայտնեց, որ չպետք է անել հանրաքվեն, որովհետև կարծիք իմանալու համար պարտադիր չէ հանրաքվե անել, հազար ու մի տեխնոլոգիա կա` կարծիքը որոշելու համար: «Վստահ եմ, որ հանրաքվեի արդյունքները, բացի էմոցիոնալ մասից, ոչ մի հիմնավորում չեն կարող ունենալ»,- ասաց Վաչե Տերտերյանը:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ պետք է ձեռնպահ մնալ տեղական հանրաքվեի ինստիտուտը նման փորձության տանելուց, և եթե հանրաքվեի կարծիքը բացասական լինի, ապա կառավարությունը պետք է ձեռնպահ մնա նման առաջարկն իրագործելուց: