կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 15:47
Մշակույթ

«Այլևս երբեք…». Ցեղասպանության մասին ֆիլմեր կցուցադրվեն 9 երկրում

«Այլևս երբեք…». Ցեղասպանության մասին ֆիլմեր կցուցադրվեն 9 երկրում

«Այլևս երբեք…»` այս խորագրի ներքո մի շարք երկրներում ցուցադրվում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր: Ծրագիրն իրականացնում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ՀԿ-ն` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

 

«Այլևս երբեք» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ին Բելառուսում, որտեղ ցուցադրվել են «Ճչացողները», «Արարատ», «Մայրիկ», «Տատիկիս դաջվածքները» և Ցեղասպանության վերաբերյալ այլ ֆիլմեր:

 

«Այս ծրագիրը բաղկացած է երկու մասից` մինչև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը և կինոփառատոնի մեկնարկից հետո. առաջին մասն արդեն ընթացքի մեջ է: Շուրջ 9 երկրներում կցուցադրվեն Ցեղասպանության մասին ֆիլմեր: Ի դեպ, յուրաքանչյուր երկրի համար առանձին ֆիլմացանկ ենք ներկայացնում: Հաջորդ երկիրը, որտեղ կներկայացվեն ֆիլմերը, Բուլղարիան է. այստեղ կցուցադրվեն Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը, Արա Երնջակյանի «Խավարում»-ը և մի շարք այլ ֆիլմեր»,- ասաց Մովսիսյանը:

 

Ի դեպ, Թուրքիայում նույնպես կցուցադրվեն ֆիլմեր, և փառատոնի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի հենց Ստամբուլի ամենամյա կինոփառատոնի շրջանակներում էլ ցուցադրվեն Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերը:

 

Կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը լրագրողներին հայտնեց, որ փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու Ցեղասպանության թեմային: Այս տարի կինոփառատոնի շրջանակներում 4 ծրագիր կիրականացվի` Ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերի հետ կապված:

 

«Ծրագրերից մեկը կոչվում է «Մենք կանք»: Հաջորդի խորագիրը «Ճիչ» է, որում ընդգրկված են հիմնականում վավերագրական ֆիլմեր: Երրորդը «Երախտիքի տուրք» է կոչվում, և ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ֆիլմեր, որոնք նվիրված են այն մարդկանց և կազմակերպություներին, որոնք այդ տարիներին օգնել են հայ ժողովրդին: Մի հետաքրքիր ծրագիր էլ ունենք` ընդհանրապես ցեղասպանությունների մասին, որը կոչվում է «Այլևս երբեք…»: Այստեղ ընդգրկված են ֆիլմեր` հրեական Հոլոքոստից մինչև Ուգանդայի, Սուդանի, Պերուի ցեղասպանությունների մասին»,- ասաց Ստամբոլցյանը: