Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ասելիքս սկսեմ հին անեկդոտից: Հարբած մարդը, ճանապարհը կարճելու համար, գիշերով անցնում է գերեզմանատնով: Մթության մեջ չնկատելով նա հանկարծ հայտնվում է դատարկ գերեզմանափոսի մեջ:
Մարդը, մի քանի անգամ, մի ծայրից մյուս ծայրը վազելով փորձում է դուրս թռչել իր «ծուղակից», բայց այդպես էլ ոչինչ չի ստացվում: Ի վերջո, երբ ուժերը հատնում են, ձեռնարկած «զբաղմունքն» էլ սկսում է զզվեցնել նստում ու միտք է անում. «Մեկ անգամ էլ եմ փորձում ստացվեց-ստացվեց, չէ՝ թողնում եմ գնամ տուն»: Հավանաբար խմածության պատճառով, մարդը մի պահ մոռանում է, որ հաճույքի համար չէ այդքան ժամանակ անօգուտ թռչկոտում եւ եթե կարողանար փոսից դուրս գալ՝ վաղուց դուրս եկած կլիներ:
Հայտնի անեկդոտը հիշեցի ոչ թե հարբեցողների մասին մտածելիս, այլ արդեն երկար ժամանակ այս զուգահեռը գլուխս է գալիս, երբ մտածում եմ մեր որոշ ընդդիմադիր ուժերի գործելակերպի մասին: Ամեն ծանրամարտիկի համար ակնհայտ է, որ ինքն ամեն անգամ պետք է փորձի բարձրացնել այնքան ծանրություն, ինչքանը համապատասխանում է իր հնարավորություններին: Այս պարզ ոսկե կանոնը կարծում եմ պետք է ակնհայտ լինի նաեւ քաղաքական ուժերի եւ գործիչների համար, եթե իհարկե հավակնում են այդ կոչումը կրելուն:
Մեզանում կոչումի հավակնորդների պակաս իհարկե չկա, բայց «Ոսկե կանոնը» կարծես ոչ բոլորին է հասու: Եկեք հիշենք, թե արդեն քանի տարի մեր ընդդիմության այդ որոշ ներկայացուցիչները որոշում են երկրում իշխանափոխություն իրականացնել եւ այդ նպատակով նախաձեռնում են ինչ-ինչ գործողություններ՝ հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ասուլիսներ, եւ այլն: Ոչ վաղ անցյալին թռուցիկ հայացք նետելով կտեսնենք, որ այդ «առաքելությամբ» քաղաքական հրապարակ իջած ուժերից շատերն այսօր իրենց մասին կարող են հիշեցնել միայն ղեկավարների ու առաջնորդների երբեմն-երբեմն հնչող ելույթներով:
Սպորտային լեզվով ասած այդ ուժերը մնացին իրենց բարձրացրած ծանրության տակ: Քաղաքական մեկնաբանմամբ տվյալ ուժերը հիասթափեցրին եւ իրենցից վանեցին զանգվածներին եւ համակիր շրջանակներին՝ ցույց տալով, որ հնարավորություններն ու հավակնությունները չեն համապատասխանում, իրատես չեն, քաղաքական հարցերում չեն կողմնորոշվում եւ գուցե թե խաբում են իրենց հետ հույսեր կապողներին:
Ասվածից չպետք է հետեւություն անել, թե ընդդիմության պայքարն անիմաստ է, եթե անգամ այդ պայքարը չի կարող ունենալ անմիջական արդյունքներ, կարող է լինել տեւական՝ պահանջել ջանքերի, նյարդերի, դիմացկունության մեծ պաշար ու զոհաբերություն:
Բայց նաեւ այդ պայքարը հաշվարկված պետք է լինի սեփական ուժերի եւ դիմացինի հնարավորությունների բաղդատման, երկարատեւ գործողությունների մշակված ծրագրի գոյության, ժողովրդական լայն շերտերի ու զանգվածների մեջ հեղափոխական պայքարի պատրաստակամության, հեղափոխական մթնոլորտի հասունության եւ այլ հանգամանքների առկայության առումով:
Եւ եթե մինչ այժմ ընդդիմադիր այս կամ այն ուժի կամ ուժերի նախաձեռնությունները պատի են դեմ առել մեկ երկու քայլից, կնշանակի կամ հաշվարկ չի եղել կամ հաշվարկողները, մեղմ ասած, լավ հաշվարկողներ չեն եղել: Ասվածի ակնհայտ մեկ օրինակն էլ անցած աշնանը ընդդիմադիր եռյակի որդեգրած արագընթաց իշխանափոխության ծրագիրն էր: Եթե հիշենք նախորդող հռետորաբանությունն ու տեղի ունեցածը, առանց հիշաչարության, այլ անկեղծ ցավով կարելի է արձանագրել որ լեռը մուկ ծնեց:
Այսքան կարճ ժամանակում այսպիսի անփառունակ վերջաբանը ուզես, թե չուզես համոզում է, որ ամեն ինչ , ի սկզբանե ծրագրվել է վատ, զգացմունքներին ու ցանկություններին տուրք տալով եւ հնարավոր զարգացումները բարցարձակապես նկատի չառնելով: Այդպես կարելի է կռվի գնալ միայն այն դեպքում եթե համոզված ես, որ դիմացինդ ոչ մտածելու ընդունակություն ունի, ոչ գործելու կարողություն:
Այնուամենայնիվ փորձենք պատկերացնել, թե ընդդիմադիր եռյակը անելու էր ոչ թե երկու այլ օրինակ քսան հանրահավաք, նրա շուրջ համախմբվելու էր ոչ թե 3, 5, 10, 20, այլ 50 հազար միտինգավոր (ինչքան լինում էր ղարաբաղյան շարժման ամենաբուռն օրերին): Մեկ ամիս, երկու ամիս հրաժարական գոռալուց հետո իշխանությունը, հին ավանդույթի համաձայն այնպիսի տպավորություն էր ստեղծելու, թե այդ ամենն իրեն չի վերաբերվում: Դրանից հետո ի՞նչ էր անելու ընդդիմությունը: Դիմելու էր ուժային եւ օրենքի սահմանները հատող այլ գործողությունների՞:
Իմ ենթադրությամբ դրան իշխանությունը կպատասխաներ այնպիսի քայլերով, ինչպիսի քայլերի դիմում են աշխարհի ամենաժողովրդավար երկրների իշխանություններն անգամ՝ պետության ուժով հակադարձելուն: Եթե մեզ գայթակղում են արաբական եւ այլ գարունների օրինակները, ապա պետք է նկատի ունենալ, որ դրա համար անհրաժետ են մի քանի կարեւոր պայմաններ՝ արտաքին ուժերի նյութական ու ֆիզիկական հովանավորություն, հասարակության երկպառակտման գործոններ՝ հասարակության ոչ միատարր կառուցվածք, ներազգային ու ներկրոնական հակասություններ, ի վերջո պատրաստակամություն արտաքին հովանավորների տրամադրած զենքը ուղղելու հայրենակիցների դեմ:
Ընդ որում նկատի ունենանք, ոչ միայն մեր, այլեւ մեր ոտքի հանած ժողովրդի պատրաստակամությունը: Գուցե ավելորդ էր այսպիսի մանրամասների մեջ մտնելը, բայց եթե կար ավելի խելացի հաշվարկ եւ ավելի յուրատեսակ վերջաբան, ապա ինչո՞ւ չիրականացավ: Թե՞ անհնար էր պատկերացնելը, որ օրինակ ոչ միայն մեր, այլ ցանկացած այլ երկրում իշխանությունը միշտ կգտնի մեծահարուստ հեղափոխականի գործողությունները կանխելու ճանապարհը:
Մյուս կողմից անհնար է հաջողության հասնել մի գործում, որի ձեռնարկողներից յուրաքանչյուրն ունի իր անհատական հաշիվը, հաշվարկն ու հավակնությունը: Եւ ներքին հակասությունները անհնար է լինում չբացահայտել դեռ առաջին քայլերի ժամանակ: 2015թվականի փետրվարի 25-ին ՀՀ ազգային ժողովում քննարկվեց ու քվեարկվեց անհատ պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը:
Բնականաբար դրական քվեարկությունը հագեցնելու էր կառավարության փոփոխությանը: Ի դեպ կարելի է հիշել, որ օրեր առաջ, նույն խորհրդարանում, փորձ արվեց շրջանառության մեջ դնել Հանրապետության նախագահի հրաժարականի հարցը: Իհարկե երկու դեպքում էլ այլ ելք չէր կարող պատկերացնել որեւէ մեկը, ով տիրապետում է պարզ թվաբանական գործողությունների եւ փոքր ինչ իրազեկ է խորհրդարանի ներքին վիճակին: Այդ դեպքում ինչո՞ւ են անդադրում կերպով բարձրացվում հարցեր, ձեռնարկվում քայլեր, որոնք նախապես դատապարտված են ձախողման: Տեղի ունեցողը չի՞ հիշեցնում արդյոք ծանրաձողի օրինակը, եթե չուզենանք հիշել նաեւ հարբեցողի պատմությունը: Խնդրին նայենք եւ այլ տեսանկյունից: Օրինակ, որքան է իրատեսական իշխանության դեմ պայքար սկսել հայտարարելով, թե երկրում կառավարական ճգնաժամ է: Եթե համեստ գիտելիքներս չեն դավաճանում կառավարական ճգնաժամն այն վիճակն է, երբ գործադիր իշխանությունը հայտնվում է կաթվածահար վիճակում եւ չի կարողանում կամ ընդունակ չի լինում երկիրը կառավարել: Երբ խաթարվում է երկրի առօրյա բնական կենսագործունեությունը:
Արդյո՞ք Հայաստանում այսօր այդպիսի իրավիճակ է: Գոցե կարելի է պնդել, թե Հայաստանում իրականացվում է սխալ, կամ անարդյունավետ կամ ձախող կառավարո՞ւմ: Գուցե բարձրացված հարցերն էլ կանխավ ձախողման են դատապարտված որովհետեւ խնդի՞րն է սխալ ձեւակերպվում, իրականության գնահատակա՞նն է կաղում, հետեւաբար եւ դրանց լուծմանը տանող մեթոդները ճիշտ չեն ընտրված:
Որպես հակառակ օրինակ կարելի է հիշել, որ չնայած բազում հիասթափություններին, գրեթե յուրաքանչյուր համապետական ընտրությունների նախօրյակին մեզանում իսկական ժողովրդային ալիք է բարձրանում: Այս դեպքում էլ բացատրությունը շատ պարզ է, մարդիկ տեսնում են , որ իսկապես ստեղծվել է քաղաքական-վարչական իրականությունը փոխելու իրավիճակ (ի դեպ երբ այդ բանը կարելի է անել խաղաղ, օրինական ճանապարհով):
Վերահաստատելով, որ մարդկության առաջընթացի գործում մեծ դեր են ունեցել հեղափոխությունները, հարկադրված ենք մերժել դրանք, եթե այլ կերպ քան ներքին արյունահեղությամբ, ցնցումներով իրականանալի չեն եւ նույնիսկ առանց դրա էլ անիրականանալի են: Գուցե այստեղ հիշենք կրկին այլընտրանքի՝ այն է իրականությունը ներսից, բարեփոխումների ճանապարհով փոխելու մասին:
Չգիտեմ ով չի համաձայնի, բայց թվում է, թե այ դրա նախադրյալներն առկա են: Երբ ինքը, երկրի նախագահը կողմ է արտահայտվում այդպիսի փոփոխություններին գուցե արժե այստեղ մեկտեղել ուժերը եւ իսկապես պայքարել, որպեսզի փոփոխությունները լինեն սկզբունքային, արմատական, երկրի վարչաքաղաքական իրավիճակի որակական նորացումն ապահովող: Կարելի է ընտրություն կատարել՝ հաճելի պատրանքի եւ իրական հնարավորության միջեւ:
«Դրօշակ»
Արտաշես Շահբազյան 25 Փետրուար 2015