Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնaխարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն իր շեշտադրումներով որոշակիորեն տարբերվում է նախորդներից: Հայտարարության մեջ Ադրբեջանին կոչ է արվում հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին, իսկ Հայաստանին՝ «միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:
Առաջին անգամ ՄԽ համանախագահները փորձ են կատարում տարբերակված մոտեցում ցուցաբերել հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը հասցեականացնելու հարցում և անուղղակիորեն Ադրբեջանին են մեղադրում հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով հրադադարի խախտման՝ արդեն հազարների հասնող դեպքերի համար: Եվ, այնուամենայնիվ, սա ընդամենը փորձ է, որը, վստահաբար կարելի է ասել, Ադրբեջանի համար ոչ մի հետևանք չի ունենալու: Եվ ներկայումս հայկական փորձագիտական շրջանակների կողմից արտահայտվող լավատեսությունը, որակումները, թե սա հայկական կողմի դիվանագիտական հաղթանակն է, ոչ միայն չափազանցված են, այլև անհեթեթություն:
Նախ՝ հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե որն է համանախագահների ակնկալիքը Հայաստանից, այսինքն` այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի Հայաստանը` լարվածությունը նվազեցնելու համար, որ չի արել մինչև հիմա: Գուցե նկատի ունեն ադրբեջանական դիվերսիաներին և արդեն իսկ հայկական դիրքերի վրա ուղղակի հարձակումներին որևէ կերպ չպատասխանե՞լը, թե՞, այնուամենայնիվ, բանակցություններում Ադրբեջանի չհագեցող ախորժակը բավարարելուն ուղղված զիջումներին գնալը:
Երկրորդ՝ հայտարարությունից բացարձակապես չի հետևում, որ Մամեդյարովի հետ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Բաքուն զսպվածություն հանդես բերելու, նախահարձակ գործողությունները դադարեցնելու ինչ-որ նոր հանձնառություն է ստանձնել: Հայտարարությունն ընդամենը այն մասին է, որ Մամեդյարովի հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ են եղել:
Երրորդ՝ եթե համանախագահներն իսկապես նպատակ ունեին վերջապես իրերը կոչել իրենց անուններով և հրադադարի խախտման պատասխանատվությունն ամբողջությամբ դնել Ադրբեջանի վրա, ապա տարօրինակ, եթե չասենք` խիստ անտրամաբանական է երկու կողմերին այդ առանձին կոչերը հնչեցնելուց անմիջապես հետո հայտարարության մեջ գրելը, թե «երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմին»: Այս ձևակերպումն ինքնին արժեզրկում է ինչպես հայտարարությունը, այնպես էլ հրադադարի խախտման համար Ադրբեջանի պատասխանատվությունն ընդգծելու` համանախագահների թույլ փորձերը:
Այս հանգամանքը Բաքվում հերթական անգամ ընկալեցին համարժեքորեն: Մամեդյարովի հետ հանդիպումից ընդամենը երկու օր անց հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից հերթական դիտարկումն անցկացնելիս ադրբեջանական կողմը հրաժարվեց դիտորդներին հանել առաջին գիծ` Տավուշի սահմանային գոտու այն կետը, որն ընտրվել էր նախապես: Ադրբեջանական կողմը հասավ նրան, որ դիտարկումն անցկացվի իր նախընտրած մեկ այլ հատվածում: Սա նման առաջին դեպքը չէ: Նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ Ադրբեջանն ընդհանրապես միակողմանի հրաժարվել էր դիտորդներին առաջին գիծ հանել: Մինչդեռ` երբևէ ո'չ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, որի գործառույթների սահմաններում է շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի անցկացումը, ո'չ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի այս վարքագծին որևէ գնահատական չեն տվել: Նման գնահատական չկար նաև նրանց վերջին հայտարարության մեջ: Ավելին` հունվարի 29-ի գիշերը ադրբեջանական զինուժը հերթական դիվերսիայի փորձն է կատարել՝ դարձյալ Տավուշի մարզում: Գնդակոծել է քաղաքացիական ավտոմեքենա, իսկ դիվերսիոն խմբին ելման դիրքեր ետ շպրտելու համար մղված մարտում հայկական կողմը երկու վիրավոր է ունեցել:
Սրանով է, ահա, Բաքուն պատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ իրեն ուղղված կոչերին՝ հերթական անգամ ցույց տալով, որ արդեն շատ վաղուց վարժվել է նման հերթապահ, կրավորական հայտարարություններին և որ բանակցություններն իր համար զրոյական նշանակություն ունեն: Նման գործողություններ հենց բանակցություններին նախորդող համ հաջորդող օրերին ձեռնարկելով՝ Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ դրանք ավելի շատ հենց ՄԽ-ի դեմ են ուղղված: Պարզ է, որ այս վարքագիծը շարունակվելու է այնքան, մինչև կա'մ Ադրբեջանը չհասնի ՄԽ համանախագահների ձևաչափի փոփոխության՝ իր վաղեմի երազանքի իրագործմանը, կա'մ համանախագահները վերջապես չբռնեն Բաքվի կոկորդից:
Ահա այս իմաստով է, որ ՄԽ համանախագահների հայտարարությունը ոչ թե հայկական կողմի դիվանագիտական հաղթանակն է, այլ ճիշտ հակառակը: Հայկական կողմը, դիվանագիտական անկարողություն կամ անճարակություն դրսևորելով, փաստացի ինքն է թույլ տալիս, որ Ադրբեջանն աստիճանաբար առարկայական դարձնի ՄԽ համանախագահների այս ձևաչափի անգործունակությունը: Նույնիսկ այն բանից հետո, երբ Բեռլինում Ալիևի հետ հանդիպումից հետո կանցլեր Անգելա Մերկելը պարզ հայտարարեց ՄԽ համանախագահ դառնալու` Գերմանիայի ձգտումների մասին, պաշտոնական Երևանը իր արձանային վիճակից դուրս գալու որևէ նշան հանդես չբերեց: Այսպիսի անատամ և անսկզբունքային դիվանագիտության հետևանքով է Ադրբեջանը կարողանում արդարացնել ներկայումս սահմանին իրավիճակը լարելու, թեժացնելու իր մարտավարությունը՝ անարգել հայտարարելով, թե դա արվում ու արվելու է իր «օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերը դուրս հանելու համար: Այսինքն` Բաքուն ոչ միայն հասել է ԼՂ հակամարտությունը զուտ Հայաստանի կողմից իր տարածքների նկատմամբ ագրեսիայի հետևանք ներկայացնելուն, դրանով հակամարտության ողջ էությունը խեղաթյուրելուն, այլև արդեն իսկ անցել է դրանից բխող՝ ագրեսորին «իր տարածքներից» հեռացնելուն ուղղված ռազմական գործողությունների:
Այս պայմաններում, երբ, առհասարակ, անիմաստ է դառնում նույնիսկ բանակցությունների մասին խոսելը, Երևանում կարծես մոռացել են ԼՂՀ-ին բանակցային ֆորմատ վերադարձնելու խնդրի մասին, որն ադրբեջանական այս քաղաքականությունը, ԼՂ հիմնահարցի էության խեղաթյուրման ընթացքը կասեցնելու թերևս միակ դիվանագիտական քայլն է: Որքան կարելի է հասկանալ, համանախագահներն առաջիկայում հանդիպելու են նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ոչ ոք չի կարող ասել, թե նրանք ինչ հայտարարություն կանեն Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Գուցե նրա լուռ հայացքի ներքո նաև Հայաստանի՞ն հրադադարի խախտման պատասխանատու համարեն: Քանի դեռ ՀՀ արտգործնախարարությունը նիրվանայից ռեալ իրականություն չի վերադարձել, ամեն ինչ արդեն հնարավոր է: Սպասենք:
Գևորգ Աղաբաբյան