կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-23 14:05
Հասարակություն

Հյուսիսային պողոտան քաղաքային պատմության ամենանշանակալի էջերից մեկն է. Նարեկ Սարգսյան

Հյուսիսային պողոտան քաղաքային պատմության ամենանշանակալի էջերից մեկն է. Նարեկ Սարգսյան

Հյուսիսայի պողոտան Հայաստանի քաղաքաշինության պատմության ամենանշանակալի էջերից մեկն է: Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

Ըստ նրա` Հյուսիսային պողոտան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ամենակարևոր քաղաքային նախագիծն է, իսկ այն, որ շատ քննադատություններ են հնչում նախագծի իրականացման կապակցությամբ, նորմալ է, քանի որ բոլոր խոշոր նախագծերն իրականացնելիս էլ հնչում են քննադատություններ:

 

«Երբ կառուցվում էին Օպերայի շենքը, Բաղրամյան և Սայաթ-Նովա փողոցները, այդ ժամանակ նույնպես քննադատություններ էին հնչում: Հյուսիսային պողոտայի հետ կապված` այսօր շատ վաղ է գնահատական տալը, մենք այդ գնահատականը կտանք 20-30 տարի հետո: Ինձ էլ շատ բան դուր չի գալիս Հյուսիսային պողոտայում, բայց նախագիծն ամբողջության մեջ, իմ կարծիքով, հաջողվել է»,- ասաց Սարգսյանը:

 

Նա նշեց նաև, որ Հյուսիսային պողոտան ներդրումների հաշվին էր կառուցվում, և մի շարք հարցեր պետք է համաձայնեցվեին նաև ներդրողների հետ: Սարգսյանի հավաստմամբ` այնտեղ` փողոցում, կանաչապատում անել հնարավոր չէ, քանի որ ներքևում հող չկա, միակ ելքը տեղադրովի կանաչ տարածքներն են, ինչն էլ կփորձեն 2015-ին կյանքի կոչել:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե շատերը հավաստիացնում են, որ Հյուսիսային պողոտայի շենքերը սեյսմակայուն չեն, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ տեղի շենքերը Երևանի ամենահուսալի կառույցներն են: «Հյուսիսային պողոտայի սեյսմիկ կայունության վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհիմն են»,- վստահեցրեց նա: