Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի վավերացմանը ոչ իշխանական 5 խմբակցություններից 4-ի` «կողմ» քվեարկելուց հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Սա նշանակում է մի հստակ իրողություն, որ այն բոլոր պնդումները, թե Հայաստանում քաղաքական ուժերի մեծամասնությունը, հասարակության մեծամասնությունը, ինչպես իրենք են ասում, տենչում են, երազում են ամբողջական իշխանափոխություն, որ Հայաստանում հասունացել է ամբողջական իշխանափոխության խնդիր, արհեստական օրակարգային հարցեր են: ...Ավելին՝ մենք կարող ենք արձանագրել, որ այդ քաղաքական ուժերի մեծամասնությունն ընդունում է կամ գոնե դեմ հանդես չի գալիս Հայաստանում առանցքային հարցերի շուրջ վարվող քաղաքականությանը»:
Շարմազանովը, փաստորեն, փորձում է համոզել, որ իրականում այդ 4 խմբակցությունները պաշտպանում են ոչ այնքան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, որքան Սերժ Սարգսյանի կողմից վարվող արտաքին ու ներքին քաղաքականությունը, ասել է թե` Սերժ Սարգսյանին` ընդհանրապես: Իրողությունների նման մեկնաբանությունների վրա խարսխված քարոզչական հնարանքները ՀՀԿ-ի մոտ, և ոչ միայն, վերջին շրջանում ավելի ու ավելի հիվանդագին դրսևորումներ են ստանում: Շարմազանովից առաջ մոտավորապես այդպիսի մի հայտարարություն արել էր ՀՀԿ-ից ավելի ՀՀԿ-ական դարձած Արտաշես Գեղամյանը: Երբ խորհրդարանական ոչ իշխանական ուժերից որևէ մեկն այդպես էլ չմիացավ նախագահին պաշտոնանկ անելու` Նիկոլ Փաշինյանի` իրականում բոլորովին այլ նպատակներ հետապնդող նախաձեռնությանը, Գեղամյանն արձանագրեց. «Եթե 131 պատգամավորներից ընդամենը 3-ն են ստորագրել այդ նախագիծը, նշանակում է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին օգտվում է ԱԺ լիարժեք վստահությունից»:
Փաստորեն, նման առանձին հարցերում իշխանության և ընդդիմության, նաև հասարակության մեծ մասի կողմնորոշումների համընկնումը ՀՀԿ-ն և նրա արբանյակները փորձում են մատուցել որպես գործող իշխանությունների և հատկապես` նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ համընդհանուր վստահության գրավական, նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության համատարած «ադաբրյամսի» դրսևորում: Այս տրամաբանությամբ առաջնորդվելիս կարելի է պնդել, որ եթե ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ներկայիս ողբալի վիճակի պատճառով Հայաստանի ողջ բնակչությունը չի լքում երկիրը, ապա դա նշանակում է, որ ոչ միայն իշխանություններից ու գործող նախագահից որևէ դժգոհություն չունի, այլև նույնիսկ նրան երախտապարտ է իր համար երկիր-դրախտավայր կառուցելու համար: Կամ` եթե, օրինակ, ողջ խորհրդարանը, քաղաքական դաշտը, հասարակությունը կողմնակից են Ղարաբաղյան հակամարտությունն առանց պատերազմի, խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու տարբերակին, ապա դա նշանակում է, որ պաշտպանում են Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունն` ընդհանրապես, քանի որ բախտի բերմամբ, թե պատահմամբ գործող նախագահը ևս գործում է այդ սկզբունքով: Սա պարզունակ մանիպուլյացիա է, քանի որ գործ ունենք իրականությունը կոնտեքստից կտրելու, պատճառահետևանքային կապերը բացառելու երևույթի հետ: Էականը դառնում է ոչ թե այն, թե ինչո՞ւ տվյալ քաղաքական ուժը կամ ուժերը հենց այդպիսի որոշում կայացրին, որքանո՞վ են դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, հիմնավոր կամ անհիմն, այլ միայն այդ որոշումների արտաքին նմանությունները և դրանց յուրովի մեկնաբանությունը: Այսինքն` քանի որ իշխանությունն ու ընդդիմությունը իրար նման են քվեարկել, ուրեմն բոլորը միասին լուծում են տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի լեգիտիմության ամրապնդման խնդիրը:
Իշխանության պարագայում նման հնարանքի դիմելը պատճառաբանված է: Փորձում են վարկաբեկել ընդդիմությանը և դրա թևերի միջև հակասություններ առաջացնել: Իմաստը` ընդդիմության դիրքերում, այսպես կոչված, թաքնված ռումբեր տեղադրելն է և կողքից հրճվանքով հետևելը, թե ինչպես են այդ ռումբերը պայթում, ու ինչպես են ընդդիմադիրները կամ իրենց այդպիսին համարողները միմյանց մեղադրում «դհոլիզմի» իշխանական կեղտով վարակվելու մեջ: Ամենազավեշտալին այն է, որ դա արվում է իշխանությանը և անձամբ Սերժ Սարգսյանին փաստացի վարկաբեկելու գնով: Որովհետև երբ իշխանությունը հրճվում է իր հետ համագործակցության փոխադարձ մեղադրանքներով իրար կեղտոտելու` ընդդիմադիրների վարքագծով, ակամա ընդունում է նույնքան կամ գուցե ավելի իր «կեղտոտված» լինելու հանգամանքը: Եվ որքանով մրցակիցներին ինքնավարկաբեկման միջոցով վարկաբեկելն արդյունքներ է տալիս, ամայացնում մրցակցային դաշտը, նման մանիպուլյացիաները մնում են նախընտրելի: Բայց երբ այս մանիպուլյացիան սկսում են կիրառել իրենց խիստ արմատական ընդդիմադիր համարողները, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք առհասարակ քաղաքականությունը և քաղաքական մշակույթը պրիմիտիվիզմի հասցնելու երևույթի հետ: Որովհետև ընդդիմադիր լինելու ապացույցը դառնում է ոչ թե քաղաքական ուժի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, այլ բոլոր հարցերում իշխանությանը պատրադիր և կուրորեն դեմ լինելը: Այսինքն` եթե ընդդիմադիր ես, ապա ոչ մի դեպքում իրավունք չունես քվեարկելու այնպես, ինչպես իշխանությունը, անգամ` եթե դա սկզբունքային դիրքորոշում է: Այն ուժը, որը կարող է շեղվել այս մտացածին կանոնից, անմիջապես ձեռք է բերում իշխանության «հաճախորդը» լինելու խարանը:
Ընդ որում` սա զուտ մեկնաբանության հարց է: Օրինակ` ԲՀԿ-ՀԱԿ տանդեմը մոլեռանդորեն կարող է պնդել, որ, այսպես կոչված, իշխանափոխության իրենց սցենարից շեղվող ցանկացած նախաձեռնություն նույն «դհոլիզմի» շարքից է և միայն իրենց որդեգրած կուրսը կարող է բերել իշխանափոխության: Նույն կերպ մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ քաղաքական դաշտը հանգիստ, առանց ալեկոծությունների ընդամենը դիտորդի նման հետևում էր, թե ինչպես է կառավարությունը զարգացնում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը, այդ շրջանակում պայմանագրեր ստորագրում, դրանով իսկ լուռ պաշտպանում իշխանության այդ կուրսը, ոչ մեկի մտքով չէր անցնում դա որակել որպես Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու, նրան աջակցելու միջոց: Եթե անհամեստ գտնվեին, երևի թե իրենց թույլ կտային նաև Սերժ Սարգսյանին և եվրաասոցացման կուրսը պաշտպանող քաղաքական ուժերին նույնիսկ հայրենասերներ համարել: Բայց հենց այն պահից, երբ կտրուկ փոխվեց այդ կուրսը, բոլորը միանգամից դարձան դավաճաններ և Սերժ Սարգսյանին սատարողներ: Այսինքն` ընդդիմադիր լինել-չլինելու չափորոշիչը դարձավ եվրասիամետ կամ հակաեվրասիամետ լինելը: Սա ոչ թե զուտ մեկնաբանության հարց է, այլ, ընդհանրապես, քաղաքականության այլասերման: Բայց սա այն ապականված իրականությունն է, որը թե' իշխանությունը և թե' նրա թվացյալ հակառակորդները համառորեն ստեղծում են:
Գևորգ Աղաբաբյան