կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 16:59
Մշակույթ

Լավաշի համար աշխարհը ծնկաչոք շնորհակալություն պետք է հայտնի մեզ, որ ստեղծել ենք այն

Լավաշի համար աշխարհը ծնկաչոք շնորհակալություն պետք է հայտնի մեզ, որ ստեղծել ենք այն

Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող` ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:

 

Հարցի հետ կապված` Թուրքիայի հիստերիան չուշացավ` թուրքական կայքերը սկսեցին սրտաճմլիկ կերպով ներկայացնել, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը վաղուց հայտնել էր, թե իբր Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ պատրաստվում էր դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ շնորհակալ է թե' մշակույթի նախարարությանը և թե' hնագիտության և ազգագրության ինստիտուտին` նման հայտ ներկայացնելու համար, թեեւ իրենք դեմ էին այդ քայլին:

 

«Մենք աջակցում ենք մշակույթի նախարարությանը, բայց, որպես կազմակերպություն, մենք դեմ ենք եղել, որ մեր մշակութային ժառանգությունն այս կամ այն խորամանկ ու կաշառակեր միջազգային կազմակերպությունում վիճարկելու առիթ լինի: Կարմիր խաչը չէ՞ր, որ չէր կարողանում մեր օդաչուների մարմինները հանել»,- ասաց Մամուլյանը:

 

Նա Թուրքիայի արձագանքը բնական է համարում` հո չէի՞ն շնորհավորելու մեր նախարարությանը: «Իրենք ուրիշ ճար չունեն, պետք է վայնասուն բարձրացնեն: Ի դեպ, մեր հայտը ներկայացված էր լավաշի և թոնրի համար, և շատ ավելի ուրախ կլինեի, որ թոնիրը ընդունվեր, այլ ոչ թե լավաշը, թոնիրն ավելի արմատական է, ավելի մեծ խորհուրդ ունի մեր իրականության համար: Ինչ վերաբերում է լավաշին, լավաշն ամբողջությամբ է հայկական: Լավաշը մեր` պաշար անելու ընդհանուր մշակույթն է ցույց տալիս, քանի որ մեր նախնիները մառանը լցնելու մշակույթ ունեին` չորաթան, հորած պանիր, ապխտած միս, նաև` լավաշ»,- ասաց Մամուլյանը` հավելելով, որ լավաշի համար Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե պետք է վայնասուն բարձրացնեն, այլ ամբողջ աշխարհը ծնկաչոք շնորհակալություն պետք է հայտնի մեզ, որ լավաշ ենք ստեղծել:

 

Մամուլյանը կուզեր, որ առաջիկայում թոնրի հայտը կրկին ներկայացնեինք` շատ ավելի լուրջ փաստարկներով, քանի որ մենք ունենք դրանք: Ըստ նրա` Ադրբեջանը չի կարող մեզնից տանել այն, ինչ մենք ձեռքերով ամուր պահում ենք: «Կյանքը պայքար է, և պետք է յուրաքանչյուր ոլորտում ամեն մի հարթակ օգտագործենք, որ կարողանանք մեր մշակույթը ցույց տալ»,- ասաց Մամուլյանը: