Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ընդդիմության պահանջների մասին, նշեց, որ կկատարվեն այն պահանջները, որոնք տեղավորվում են երկրի ունեցած հնարավորությունների սահմաններում:
Մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին պահանջի մասին նշեց, որ դա տեղի կունենա ճիշտ ժամանակին, իսկ ընտրական ցուցակները հրապարակելու կապակցությամբ ասաց, որ դեմ է դրան, որովհետև դա էլ լրացուցիչ բարդություններ է առաջացնելու: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հավանականությանը, ասաց, որ դրանք, առհասարակ, բացասական երևույթներ են: «Քավ լիցի, մեր քաղաքական օրակարգում նման խնդիր ո'չ քննարկվում է, ո'չ էլ նման խնդիր կա»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Իսկ այն, որ ընդդիմադիր խմբակցությունները կրկին դժգոհ են կառավարության ներկայացրած բյուջեի նախագծից, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները ընդամենը ցանկություններ են հայտնում` բյուջեի հետ կապված, որոնք չեն տեղավորվում եղած հնարավորությունների մեջ:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի` նախագահ դառնալու հավակնություններին, պատասխանեց. «Մեր երկիրը ունի նախագահ` Սերժ Սարգսյան: Այ, երբ կգա նոր նախագահական ընտրությունների ժամանակաշրջանը, այն ժամանակ էլ կխոսենք»:
Իսկ հարցին, թե իշխանությունը գո՞հ է Հովիկ Աբրահամյանի գործունեությունից, արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանը շատ օպերատիվ է աշխատում, և գնահատականները կլինեն հետագայում»:
Իսկ դեռ որքա՞ն ժամանակ է Հանրապետականը նախատեսում մնալ իշխանության ղեկին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մինչև Ղարաբաղի միջազգային ճանաչումը լինի: Եվ երբ դա կլինի, Հանրապետականը իր գլխավոր խնդիրը լուծված կհամարի: Այդ ժամանակ մենք քաղաքականությունից դուրս կգանք, դուք էլ լավ աշխատավարձ կստանաք, ու էլ չեք փորձի մեր խոսքերի միջոցով հասարակությանը գրգռել կամ շահագրգռել»:
Լրագրողները փորձեցին ճշտել. «Դրա համա՞ր չի լուծվում Ղարաբաղի հարցը, որպեսզի երկար մնաք իշխանության ղեկին»: Գալուստ Սահակյանը դժվար վիճակում հայտնվեց, բայց պատասխանեց. «Չի լուծվում, որովհետև ադրբեջանական կողմը բանակցային սեղանի նստելու և զիջումների գնալու մոտեցումներ չի ցուցաբերում»: